Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Արցախի կորուստը 99 տոկոսով Նիկոլ Փաշինյանի մեղքն է, ապա Արցախի այն ժամանակվա ղեկավարության, հետո միայն ռուսների»

Ապրիլ 24,2024 16:21

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրում Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը խոսելով ներկա իշխանության վարած քաղաքականության, Տավուշի հողերը թշնամուն հանձնելու եւ ժողովրդի պասիվության մասին, ԶԼՄ-ներին ասաց. «Սրանք դեռ ծաղիկներն են։ Բա որ այդ գյուղերի հետեւի հողերը տա։ Ես նույնիսկ չգիտեմ, հիմա որ մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո հաջորդ փուլում մենք ինչպես ենք պահելու Կիրանց, Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերը։ Այդ գյուղերը պարզապես պիտի դատարկվեն։ Մի քանի տան հարց չէ։ Թշնամին պիտի դուրս գա երկաթգծի վրա եւ գազամուղ։

Նիկոլական մի կարկառուն ներկայացուցիչ (Անդրանիկ Քոչարյանը.-խմբ.) ասում էր՝ գազամուղը պայթեցնեն, մենք նորից կվերականգնենք։ 90-ականներին վերականգնե՞լ են: Ոչինչ, դրանց հետ իրենց օրը կխոսենք։

Ինչ վերաբերում է սահմանազատման սյանը, սահմանազատում եւ սահմանագծում պրոցեդուրաները սյուն չեն նախատեսում։ Այնպես որ, նա այդ սյունը կարող է կոխել մի լավ տեղ։

Կա սահմանազատում, որը քարտեզի վրա գծում են ինչքան հնարավոր է՝ ինչպես պիտի լինի սահմանը։ Հետո գնում են տեղանք, կատարում սահմանագծում»։

Անդրադառնալով այն թեզին, թե թշնամուն տրվող տարածքները նախկինները 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչել են Ադրբեջանի մաս, պարոն Բագրատյանը եւս մեկ անգամ բացատրեց։ «Ալմա Աթայի հռչակագրում այդպիսի կետ չկա։ Այնտեղ ասվում է, որ բոլոր կողմերը, որին, ի դեպ, Ադրբեջանը միացել է 1993-ին, ճանաչում են այն տարածքները, որ ունեին Խորհրդային Միության օրոք։ Խորհրդային Միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ասկեպարը Ադրբեջանը ստորագրել եւ տվել է մեզ 1986-1987 թվերին։ Կան այդ արձանագրությունները։ Որովհետեւ Խորհրդային Միության օրոք Կրեմլում է եղել սահմանների ճշտումը։

Ինչպես գիտեք, ադրբեջանցիք ավելի բարձր դեմոգրաֆիական աճ ունեն։ Ներթափանցում էին մեր սարերը, խնդրում էին, որ անասնապահությամբ զբաղվեն, հետո մի քոլիկ, վրան էին խփում։ Ի վերջո, այս բոլորը հավաքվեց եւ 70-ականներին Հայաստանի Հանրապետությունը հարց բարձրացրեց, որ շուրջ 2000 քկմ զավթված է։ Երկու տարվա աշխատանքի արդյունքում որոշում կայացվեց, որ գոնե կեսը՝ շուրջ 900 քկմ, պետք է վերադարձվի եւ Հայաստանի օբյեկտիվ տարածքը պետք է լինի 30 հազար 700 քկմ։ Իսկ եթե գնում ենք 1939 թվական, երբ որ հանձնվեց 350 քկմ Արծվաշենի մոտ՝ Բերիայի կարգադրությամբ, այն ժամանակ ՀՀ տարածքը 1926 թվականի քարտեզով 31 հազար 900 քկմ էր»։

Նախկին վարչապետն անդրադարձավ նաեւ ժողովրդի ընդվզմանը եւ եկեղեցու առաջնորդության հարցին։ «Ժողովուրդը այնտեղ, տեղում է ընդվզում։ Երեւանում ոչ մի ընդվզում մենք չենք տեսնում։ Երեւանն էլ տա, չեն ընդվզում։ Բա մեր հանրահավաքներին ինչի՞ է գալիս 5-10 հազար մարդ։ Ինչի՞ չի գալիս 105-110 հազար մարդ։ Ընդվզում են, թող գան։ Վաղուց փոխել էինք։ Ընդվզում առաջնորդելը եկեղեցու գործը չի։ Բայց եթե տեսնում է՝ ուրիշ ճար չկա, խնդրեմ։ Բագրատ սրբազանի գործունեությունը պետք է քաջալերվի»։

Հրանտ Բագրատյանը շատ կարեւորում է հասարակության գործոնը, որը ցավոք, վախեցած է։ «Նիկոլ Փաշինյանը հասարակությանը վախեցնում է պատերազմով։ Բայց եթե մի թեթեւ բան լինի, բոց է բռնվելու, ժողովուրդը միանգամից է ընդվզելու».-ասաց նա։

Խոսելով Արցախը Ադրբեջանին անցնելու մասին՝ Հրանտ Բագրատյանը մեղադրեց նաեւ ռուսներին, որոնք պետք է պաշտպանեին Արցախը։ Բայց նրա կարծիքով, Արցախը կորսվեց նախ եւ առաջ այդ ժամանակվա Արցախի ղեկավարության ապաշնորհության պատճառով։ Մեղքը նախ եւ առաջ հայերին է. «99 տոկոսով Նիկոլինը, որ Արցախը հայտարարեց Ադրբեջանի մաս, թոեւ նա Արցախի հետ ոչ մի կապ չուներ։ Ապա, Արցախի ղեկավարությանը, որ չասաց՝ այ ընկեր, քո հայտարարությունը քեզ պահի, Նիկոլին չհանդիմանեց։ Սա նշանակում էր քծնել Նիկոլին փող ստանալու համար»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930