Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ շնագլուխների կյանքից

Նոյեմբեր 25,1998 00:00
Shun

Եթե որեւէ մեկը չգիտի, ճշտեմ, որ բաբուինները կապիկներ են, սակայն իրենց ցեղակիցներից զանազանվում են նրանով, որ շան գլուխ ունեն։ Ասել է, վերին մասում համարյա շուն են, իսկ ներքինում՝ սովորական կապիկ։ Կենսաբանության տեսակետից բաբուինները չափազանց յուրօրինակ կենդանիներ են, սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է նրանց հասարակական կյանքի կազմակերպման սկզբունքները։ Բաբուիններին ղեկավարում է ամենախոշոր եւ ուժեղ շնագլուխը, որը մրցակից ցեղակիցներից մի քանիսի նկատմամբ արյունալի հաղթանակ տանելուց հետո առաջնորդ է հռչակվում։

Պատահում են, սակայն, դեպքեր, երբ ոչ մի շնագլուխ չի կարողանում հաստատել իր միանձնյա իշխանությունը եւ այդժամ հոտը ղեկավարում է վերնախավը՝ առավել ագրեսիվ տրամադրված կապիկների մի խումբ։ Ընդունված է կարծել, որ աղետի պահին բոլոր կենդանիները, նույնիսկ նրանք, որ գոյատեւում են միմյանց խժռելու հաշվին, համախմբվում են։ Այդ մասին են խոսում, ասենք, երաշտի ամիսներին ուժի մեջ մտնող ջրային օրենքը, երբ առյուծն ու եղնիկը իրենց ծարավը հագեցնում են կողք կողքի ու սեփական արյան կանչը հիշում միայն ջրից հեռանալիս։ Կիպլինգը պնդում է, որ նույն օրենքը գործում է նաեւ անտառային հրդեհների ժամանակ։ Քանի որ նոր տերմինաբանությամբ նման դեպքերը էկոլոգիական աղետներ են կոչվում, պիտի ասենք, որ հենց այդպիսի ճգնաժամերի պահերին շնագլուխ կապիկները գործում են հակառակ տրամաբանությամբ, եւ նրանց հսկայական հոտերի կառավարման ողջ բուրգը վայրկենապես փլուզվում է։ Նման իրավիճակում առաջնորդը կամ վերնախավը այլեւս ոչինչ չեն նշանակում եւ պարզապես արհամարհված են։ Բաբուինների հոտը բաժանվում է փոքրիկ խմբերի։

Շնագլուխների այս հատկանիշը աննկատ չի մնացել քաղաքագետների աչքից։ Առանձնապես նրանց, ովքեր հակված են կարծել, թե համախմբումը վերջիվերջո տոտալիտար կարգեր է ծնում։ Լիբերալիզմը, այլ կերպ ասած, մեծ համախմբումներ չի հանդուրժում։ Իբրեւ ուղեցույց ընդունելով կենդանական աշխարհի այս օրինակը, լիբերալիզմի շատ սիրահարներ սկսում են քննել մեր քաղաքակրթության արմատները եւ եզրակացնում, որ մարդկային զանգվածների մեծ համախմբումները իրենց մեջ կործանման մանրէներ են պարունակում։ Զարգացնելով այս տեսությունը եւ ջանալով հնարավորին չափ մոտիկ մնալ կենդանական աշխարհին, լիբերալ հետազոտողները ակնհայտ իրողություն են համարում հետեւյալ եզրահանգումը. այս կամ այն էկոլոգիական ճգնաժամի մեջ են ընկել քաղաքակրթությունների բացարձակապես բոլոր խոշոր կենտրոնները, սակայն դրանց մի մասը կործանվել է համարյա իսկույն, իսկ մյուսները կարողացել են դիմանալ համամոլորակային մի քանի աղետի եւ, կարծես թե, անվնաս դուրս պրծնել։

Ահա մի քանի օրինակ այն մասին, թե որքան տարբեր օրենքներով են ապրում բաբուինները եւ մարդիկ։ Ոչ մի տեղեկություն չկա, ասենք, այն մասին, որ երկրային առաջին իշխանությունը բռնատիրություն է եղել։ Քաղաքակրթության բնօրրան Շումերը ծնունդ է առել ու զարգացել բացառիկ ժողովրդավարության պայմաններում, սակայն ժամանակի հետ հենց նա է աշխարհին նվիրել առաջին ավտորիտար եւ տոտալիտար ռեժիմը։ Դրան անմիջապես հաջորդած հերթական էկոլոգիական աղետից հետո Շումերն անհետանում է աշխարհի երեսից։ Կարելի է հիշել նաեւ այլ մայրցամաքների օրինակը. 7-8-րդ դարերում մայաների լիբերալ քաղաքակրթությունը զարգացման բուռն ընթացքի մեջ էր, մինչդեռ 9-րդ դարում թուլացավ եւ ոչնչացավ հենց այն ժամանակ, երբ գերապատվությունը տվեց խիստ կենտրոնացված համակարգ ունեցող քաղաքակրթությանը։ Ըստ նույն հետազոտողների կարծիքի, Հին Չինաստանում դեռ մ. թ. ա. 2-րդ հազարամյակում տոտալիտար սոցիալիզմ կառուցվեց. պետականացվում էին արտադրության միջոցները, ամենախիստ ձեւով հալածվում էր մասնավոր ձեռներեցությունը, երկիրն ու տնտեսությունը ղեկավարում էին կենտրոնի չինովնիկները…

Եվ ղեկավարեցին այնքան, մինչեւ կործանեցին հզոր պետությունը։ Երկու տասնամյակ առաջ Սիրիայում հայտնաբերվել են համարյա ութ հազար տարի առաջ գոյություն ունեցած Էբլի խոշորագույն քաղաքակրթության հետքերը, այդ թվում մոտ 17 000 փաստաթուղթ պարունակող արխիվը։ Դրա ուսումնասիրությունից պարզվել է, որ Էբլի մայրամուտը նույնպես ողբերգական է եղել. իր գոյության վերջին շրջանում այն խիստ կենտրոնացված, չինովնիկական պետություն դարձավ, ուր ողջ իշխանությունը մի անձի ձեռքում էր… Կարելի է, իհարկե, շարունակել, բայց բերված օրինակները (որոնց մեկնաբանությունը հեղինակը, ի դեպ, անվերապահորեն չի ընդունում) լիուլի բավարար են։ Ո՞րն է եզրակացությունը։ Այն, որ միեւնույն գաղափարի շուրջ համախմբումը ի վերջո ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի է հանգեցնում։ Իսկ նման համակարգը մեծ ցնցումների ժամանակ առաջինն է փլուզվում։ Պայծառատեսները մոտ ժամանակներս էկոլոգիական մեծ աղետներ են խոստանում հենց թեկուզ այն պատճառով, որ մոտենում է դարի ու հազարամյակի ավարտը։

Շնագլուխների հասարակությունը, պետք է կարծել, տագնապալից իրարանցման մեջ է եւ միասնականության կողմնակիցները, հետեւաբար, նույնպես պիտի որոշակի եզրակացություններ անեն։ Մեր հասարակության մեջ, սակայն, ոչ մի տեղաշարժ չի զգացվում։ Առաջվա նման հնչում են միասնականության կոչեր, միտինգներում դարձյալ խոսում են, որ մեր ուժը մեր միասնության մեջ է։ Կարելի է նույնիսկ մտածել, թե մեր կողմերում շնագլուխների մասին ընդհանրապես չեն լսել։ Բայց դա, իհարկե, այդպես չէ, քանի որ մարդկային յուրաքանչյուր հասարակություն իր շնագլուխներն ունի…

ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30