Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանը զոհվեց՝ վիրավոր զինվորների կյանքը փրկելիս. հուշ-ցերեկույթ՝ նվիրված մայորին

Սեպտեմբեր 11,2021 22:15

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ռազմական բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանն այսօր կդառնար 32 տարեկան:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Նարեկ Մեսրոպյանին նվիրված հուշ-ցերեկույթ։

Այն վարում էր Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի եւ 5-րդ ալիքի Արցախի թղթակից Ծովինար Բարխուդարյանը:

Ներկա էին Նարեկ Մեսրոպյանի հարազատները, ընկերները: Ցուցադրվեց մայորի մարդկային նկարագրին, գործունեությանը նվիրված ֆիլմ: Ելույթ ունեցան ԱՀ վաստակավոր արտիստ Սիմոն Սարգսյանը, Արցախի Մռակաց պետական կամերային երգչախմբի մենակատարներ, Տիգրան Քախվեջյանը և այլք:

Մայոր Նարեկ Մեսրոպյանը ծնվել է 1989-ին՝ Ստեփանակերտում: Նա մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին: Փրկելով հարյուրավոր զինվորների կյանքը՝ նա պարգևատրվել է Արիության մեդալով: 44-օրյա պատերազմի լուրը ստանալով՝ Նարեկ Մեսրոպյանը 2020-ին կամավոր մեկնեց Արցախ:

Aravot.am-ի հետ զրույցում Նարեկ Մեսրոպյանի քույրը՝ Դիանա Մեսրոպյանը պատմեց՝ եղբորն ամենից շատ բնորոշ էր համեստությունը. «Նարեկն իրականում բազմակողմանի զարգացած մարդ էր: Փոքր տարիքից երգում էր, դերասան էր, ասմունքում էր, դաշնակահար էր: Այդ բոլոր բնագավառներում էլ լուրջ հաջողություններ է ունեցել, բայց փոքրուց էլ ասում էր՝ ուզում է բժիշկ դառնալ: Այդ ունակություններով հանդերձ եղբայրս չափազանց համեստ էր, երբեք ոչ մեկին ցույց չէր տալիս իր՝ այդքան բազմակողմանի զարգացած լինելը: Չափից դուրս համեստ էր, թեկուզ պատերազմում իր կատարած հերոսությունների մասին միշտ իր մարտական ընկերներից էինք լսում»:

Արցախյան 44-օրյա պատերազմի լուրը ստանալուն պես՝ որպես կամավոր Նարեկ Մեսրոպյանը շտապել է Արցախ: Հոկտեմբերի 11-ին՝ Աղդամի ճանապարհին վիրավոր զինվորներին օգնության հասնելու ճանապարհին հրետակոծություն ժամանակ մայորը վիրավորում է ստացել, նրան տեղափոխել են Երևան, որից մեկ շաբաթ հետո  չկարողանալով հաղթահարել վիրավորումը՝ բռնել է հավերժի ճամփան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930