Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՐԿԻՐՆ Է, ՈՉ ԹԵ ՇԵՔՍՊԻՐԻ»

Դեկտեմբեր 12,1998 00:00

«Արմենիա» հյուրանոցային համալիրում աշխատանքային կոլեկտիվը երեկ երկրորդ անգամ հավաքվեց՝ կառավարությունից պահանջելու իրենց սեփականաշնորհել հյուրանոցի բաժնետոմսերի 20%-ը։

Կոլեկտիվի անդամների՝ բաժնետեր դառնալու ցանկությունը բացատրվում է ոչ միայն շահաբաժին ստանալու ցանկությամբ, այլ նաեւ բաժնետոմսի միջոցով իրենց աշխատելու իրավունքը կորցնելու մտավախությամբ։ Կոլեկտիվի ժողովին հրավիրվել էին նախագահը, վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը։ «Ես մինչեւ վերջին պահը կապված էի նախագահի աշխատակազմի հետ, եւ մեզ խոստանում էին, որ իրենց ներկայացուցիչը կգա։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ընտրությունների ժամանակ, շատ բան խոստացավ, բայց ոչինչ չկատարեց, այս անգամ էլ կրկնեց նույնը։ Անարձագանք մնաց նաեւ Խոսրով Հարությունյանին հասցեագրված դիմումը, ինչպես անարձագանք են մնում մեր ժողովրդի բազմաթիվ պահանջներ։ Նույնը՝ վարչապետի աշխատակազմը»,- ասաց կոլեկտիվի ընտրած հանձնաժողովի նախագահ, արհեստավարժ մատուցող Վիգեն Ղազարյանը։

Կոլեկտիվի պահանջներն արհամարհել էին նաեւ սեփականաշնորհման եւ առեւտրի նախարարները։ Ըստ կոլեկտիվի ներկայացուցիչների, նրանք պետք է աշխատողներին բացատրեին, թե ինչպես եւ ինչու 600 հոգանոց կոլեկտիվն անտեղյակ ու անմասն մնաց սեփականաշնորհումից։

«Նախագահը խոսում է արտասահմանյան ներդրողների կողմից աշխատատեղեր ստեղծելու մասին, մինչդեռ «Մերիոտի» ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում մարդկանց ազատելու համար։ Եթե վաղը մեզ ազատեն աշխատանքից՝ մեր հետեւում մնում են սոված ընտանիքներ։ Գալիս են արտասահմանյան մեծահարուստներ, որոնք իբր քիչ հարուստ են, ուզում են մի բան էլ այստեղ հարստանալ։ Իսկ մենք պետք է ամբողջ կյանքում աղքատ մնանք։ Նրանք հատուկ լեքսիկոն ունեն, որը մեզ համար հասկանալի չէ։ Բայց սա Թումանյանի երկիրն է, ոչ թե Շեքսպիրի»,- սա էլ ժողովի նախագահ Գագիկ Սարիբեկյանի խոսքերն են։ Ժողովի ժամանակ խոսվեց նաեւ դավաճանների եւ վախկոտների մասին, որոնց, ըստ ելույթ ունեցողներից մեկի, չեն հարգում ոչ մերիոտ ֆիրմաները, ոչ էլ կառավարությունները։ Շատերը վախենալով աշխատանք կորցնելուց եւ ենթարկվելով հյուրանոցի կառավարիչ Անիլ Սամպատի հորդորներին չեն մասնակցում կոլեկտիվի կազմակերպած միջոցառումներին։ Հյուրանոցի ազատված իրավաբանի փոխարեն նորը չի նշանակվել եւ աշխատակիցները չեն կարողանում պաշտպանել իրենց շահերը, եթե նկատի ունենանք նաեւ, որ նրանց վարձած մասնավոր իրավաբանը «հանդիպելով ինչ-որ բանի՝ փախավ»։

«Մենք չպետք է շատ տարվենք օրենքներով, քանի որ դրանք էլ ընդունվում են մեր նման մարդկանց կողմից եւ կարող են փոխվել։ Թե չէ վաղը կարող է գալ մի հիմար եւ մի հիմար էլ որոշում ընդունի։ Ի՞նչ է մենք էլ պետք է հիմարանանք եւ գնա՞նք նրա հետեւից։ Ոչ մի օրենք չի կարող մեր ձեռքից մեր հացը վերցնել»,- ասաց Գագիկ Սարիբեկյանը։ Առաջարկություն եղավ դիմել «Արմենիա» հյուրանոցի սեփականաշնորհման դեմ պայքարող ԱԺ պատգամավորներին, որպեսզի նրանք իրենց թիկունքում ունենան կոլեկտիվի պաշտպանությունը։ Սակայն ներկաներից մեկն առարկեց. «Բազմաթիվ դեպուտատներ իրենց գլուխը պատովը տվեցին, բայց պայմանագրի տեքստն էլ չստացան։ Հիմա շատ նայիվ կլինի դիմել ԱԺ-ին կամ Սահմանադրական դատարանին, որոնք կառավարության գործիքներն են։ Այն ձեռքով, որով մենք ընտրել ենք ղեկավարներին, այդ ձեռքերով, ոտքերով, բերանով էլ պետք է պահանջենք, որ մեր հարցը լուծվի։ Իսկ մեր հարցը շատ հստակ է՝ ո՞վ է ուզում ուտել չսեփականաշնորհված 20%-ը»։

Իսկ երբ բարմեն Գագիկ Նազարյանը պատմեց, թե ինչպես է ռեստորանի տնօրեն Օտտոն խուզարկել մատուցողներից մեկին եւ նրա մեքենայի բեռնախցիկը՝ նրան անվանելով գող, ներկաները հասկացան, որ «Մերիոտը» ցանկանում է ոչ թե կարգուկանոն, այլ դիկտատուրա հաստատել։ Ըստ կոլեկտիվի ներկայացուցիչների, այդպես ամեն օր խախտվում են իրենց մարդկային իրավունքները, քրեական օրենսգիրքն ու անմեղության կանխավարկածը։ Իրենց պայքարը շարունակելու համար կոլեկտիվի անդամները որոշեցին ստեղծել «Արդար պահանջի կոմիտե», որը կդիմի քաղաքապետարանին՝ կառավարության դիմաց ցույց կազմակերպելու թույլտվություն ստանալու համար։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031