Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ-ՆԱԽԱԳԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԱՎԻԹ-ՎԵՐԱՀՍԿՈՂ

Դեկտեմբեր 23,1998 00:00
vazgen manukyan

ԱԺՄ-ն հնարավոր պառակտման եզրին

1991 թվին իշխանությունից հեռացած քաղաքական գործիչների մի ստվար եւ հեղինակավոր խումբ, վարչապետ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ, ձեւավորեց Ազգային ժողովրդավարական միությունը։ Այս մարդկանց զգալի մասը ինքնակամ հեռացավ իշխանության լծակներից, փաստարկելով, թե դեմ են նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը եւ, իշխանության ներսում գտնվելով, չեն կարող ազդել այդ կուրսի փոփոխության վրա։ 1991-ից ԱԺՄ-ն խնդիր դրեց հասնել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ վարչախմբի փոփոխությանը։ 1995-ին խորհրդարանական ընտրությունները, ապա 1996-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ԱԺՄ-ին չի հաջողվում օրինական ճանապարհով իշխանության հասնել։

Ավելի ուշ, 1998 թ. դեկտեմբերի 11-ին կայացած ԱԺՄ հերթական՝ 10-րդ համագումարի ժամանակ Դավիթ Վարդանյանը այդ իրողությունը գնահատեց այսպես. «Ի վերջո բոլորին է պարզ, որ իշխանությունը թուղթ գցելով չի որոշվում»։ 1996 թ. սեպտեմբերի 25-ին ԱԺՄ-ն, ղեկավարելով ժողովրդական ընդվզումի ալիքը, փորձեց իշխանության հարցը լուծել հեղափոխական ճանապարհով, սակայն այս փորձն էլ անհաջողության մատնվեց՝ վճռականության պակասի հետեւանքով։ Ժողովրդի կողմից չընդունված իշխանության պայմաններում սկսվեց սեպտեմբերի 25-ի դեպքերի մասնակիցների դատավարությունը։ Արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ԱԺՄ-ն սկսեց ավելացնել իր կողմից կուտակվող քաղաքական կապիտալը։

ԱԺՄ-ի ժողովրդականության եւ հաջողության հիմնական պատճառն այն էր, որ այդ կուսակցությունը երբեք տուրք չէր տալիս պալատական խաղերին, ժողովրդի եւ իշխանությունների հետ խոսելով բաց տեքստով։ 1997 թ. աշնանը քաղաքական ուժերի համար պարզ էր, որ իշխանության ներսում առկա ճեղքվածքն ի վերջո ունենալու է իր տրամաբանական վախճանը։ Իշխանությունից դուրս գտնվող ընդդիմադիր կուսակցությունները եւս հասկանում էին, որ իշխանափոխությունն անխուսափելի է։ Ընտրության եւ հեղափոխության ճանապարհով իշխանությունը փոփոխելու մեջ անհաջողություն ունեցած ԱԺՄ-ն տեսավ իշխանության հասնելու վերջին եւ թերեւս ամենահեշտ ճանապարհը եւ շտապեց նետվել Տեր-Պետրոսյանի դեմ ապստամբած ուժայինների գիրկը։ Իր ստեղծման առաջին օրից «ժողովուրդն է իշխանության օրինական տերը» կարգախոսը կրկնող եւ ժողովրդի աջակցության վրա իր հաշվարկները կառուցող կուսակցությունն այս անգամ փորձեց իշխանության հասնել պալատական ինտրիգների ճանապարհով։ Փետրվարի 12-ին նախատեսվում էր ԱԺՄ հերթական հանրահավաքը, որը պահանջելու էր նախագահի հրաժարականը։ Այս հանրահավաքը դրսից պետք է աջակցեր նախագահի հրաժարականը պահանջող ներսի ուժերին։ Սակայն նախագահ Տեր-Պետրոսյանը նախընտրեց, կամ գուցե պարտադրվեց, հրաժարական տալ, ոչ թե ժողովրդին, այլ ուժային նախարարներին՝ դրանով խաղից դուրս թողնելով ԱԺՄ-ին։

ԱԺՄ-ի դերը իշխանափոխության մեջ հասցվեց նվազագույնի, որը ճիշտ այնքան էր, ինչպիսին նախագահի ընդդիմադիր մյուս կուսակցություններինը, հաշվի առնելով նաեւ նրանց քաղաքական կշիռը։ Իշխանության եկած ուժերը պատրաստ էին ԱԺՄ-ին վճարել ճիշտ այնքան, որքան վճարեցին մյուսներին։ Սակայն ԱԺՄ-ն հավակնում էր շատ ավելիին, բնականաբար, անտեղի, քանի որ նա մյուսներից ոչնչով չէր տարբերվում։ Կուսակցությունը նոր պայմաններում կանգնեց երկընտրանքի առաջ. անհրաժեշտ էր կամ կտրուկ եւ արմատական գնահատական տալ նոր իշխանություններին, կամ, ստանալով չնչին մասնաբաժինը, համագործակցել նրանց հետ։ ԱԺՄ գաղափարներն ու սկզբունքները, ձեւավորված իմիջը պահանջում էին, որպեսզի ԱԺՄ-ն գնա հենց առաջին ճանապարհով։ Ավելի վաղ դա էր ընտրություններում հաջողության հասնելու միակ երաշխիքը։ Ընտրությունների առաջին փուլում Վազգեն Մանուկյանի անսպասելի ցածր տոկոսներով, բայց կանխատեսելի պարտությունը ԱԺՄ-ի ներսում առավել սրեց «բազեների» եւ «աղավնիների» հակասությունը։ Ի վերջո, Դավիթ Վարդանյանը նշանակվեց, իր իսկ կողմից ոչ լեգիտիմ բնորոշված նախագահի վերահսկողության ծառայության պետ։ Կարելի է կարծել, որ նման նշանակումը միանշանակ չընդունվեց ԱԺՄ-ի ներսում, սակայն պաշտոնական արձագանքները շատ մեղմ էին, վարչությունն էլ տվել էր իր համաձայնությունը։

Եթե պաշտոն ստանալ կարելի է կուսակցության առաջնորդներից մեկին, ապա ինչու պետք է այդ ճանապարհը փակ լինի ԱԺՄ հիերարխիայի մեջ ավելի ցածր դիրքերում գտնվողների համար։ Մյուս կողմից չարդարացան նաեւ այն սպասումները, թե Դավիթ Վարդանյանը, տեսնելով, որ հնարավոր չէ միայնակ պայքարել համակարգի դեմ, հրաժարական կտա։ Իսկ որ Դավիթ Վարդանյանի գործունեությունն իրոք անարդյունավետ է, դրանում ոչ ոք չի կասկածում։

Նման հակասության իրական եւ խորքային լինելը ցույց տվեց ԱԺՄ 10-րդ համագումարը, որտեղ հնչած հիմնական ելույթներն ուղղված էին ոչ թե ժողովրդին եւ հասարակությանը, այլ ներսի ընդդիմախոսներին։ Այսպես՝ Վազգեն Մանուկյանն ասում է. «Ուստի, մեր նպատակը մնացել է նույնը, միջոցը՝ իշխանության փոփոխությունն է, ձեւը՝ ընտրությունները»։ Դրա փոխարեն Դավիթ Վարդանյանն առաջարկում է «ժամանակավոր քաղաքական համաձայնության կայացում, որոշակի շրջանակների, որոշակի քաղաքականության շուրջ։ Ընտրությունների նկատմամբ քիչ պատրանքներ ունեմ»։ Շավարշ Քոչարյանը նույն համագումարում ասում է. «Սուտ է այն լուրը, որը շարունակ տարածում են, թե ԱԺՄ-ի համար կարեւորը իր իշխանության գալն է, որից հետո նոր միայն երկրում լավ բաներ կանի։ Մենք պատրաստ էինք սահմանադրական հանձնաժողովում աշխատել այդ ուղղությամբ։ Արդյունքում դատարկ խոսակցություններ են։ Մնում է մեկ ճանապարհ. ցնցումների ճանապարհը»։ Վազգեն Մանուկյանը իշխանությունների հետ համագործակցության առումով ասում է. «… մենք հետեւողական կերպով պայքարելու ենք մեր նպատակների իրականացման համար, եւ այս իշխանությունների հետ աշխատելով այդ նպատակները հնարավոր չէ իրականացնել»։

«Կենտրոն» համայնքի ստուգումներն իրականացնելիս Դավիթ Վարդանյանը հայտարարեց, որ ՀՀՇ-ական թաղապետի կողմից թույլ են տրվել բազմաթիվ օրինախախտումներ։ Սակայն փաստ է նաեւ այն, որ պրն Զուրաբյանն այժմ էլ շարունակում է պաշտոնավարել։ Մեզ մնում է մտածել, որ կամ Դավիթ Վարդանյանը, մեղմ ասած, ճիշտ չէր, ասելով, որ թույլ են տրված օրինախախտումներ, կամ այնքան վատ ստուգող է, որ օգտագործելով պետբյուջեի միջոցները, չի կարողանում անհերքելի ապացույցներ հայթայթել, կամ Դավիթ Վարդանյանի եւ Արարատ Զուրաբյանի միջեւ կայացել է որոշակի պայմանավորվածություն։ Երեք դեպքում էլ հետեւությունները հօգուտ Դավիթ Վարդանյանի չեն։ Դավիթ Վարդանյանն իր գործունեության արդյունավետությունը փորձում է ապացուցել նրանով, թե օգնում է քաղաքացիներին, մինչդեռ վերահսկողության ծառայություն դիմած քաղաքացիների մեծ մասը պնդում է, որ այդ ծառայությունն իրենց ոչնչով չի օգնել կամ ծառայության կարծիքը որեւէ կերպ չի ազդում այլ կազմակերպություների եւ պաշտոնյաների վրա։ Դավիթ Վարդանյանն էլ համառորեն հրաժարական չի տալիս՝ ԱԺՄ-ի ներսում ավելացնելով այն մարդկանց քանակը, որոնք ցանկանում են այս իշխանությունից մի պաշտոն պոկել՝ համապատասխան բարիքներով։

Դավիթ Վարդանյանն, ընդհակառակը, կարծում է. «Շատերը գտնում են, որ տարբեր քաղաքական ուժերի համաձայնությունը ուտոպիա է, ես գտնում եմ՝ մեկ անգամ էլ պետք է փորձել»։ Նման կտրուկ տարաձայնությունների պատճառը պետք է փնտրել դեռ 1991 թ. պառակտման ժամանակաշրջանում։ Պետք է կարծել, որ Դավիթ Վարդանյանի հակասությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի եւ ողջ համակարգի հետ ոչ թե սկզբունքային կամ գաղափարական էր, այլ անձնական։ Այսօր, երբ Դավիթ Վարդանյանի անձնական վրեժը լուծված է, նա ստացել է այն կտորը, որը համապատասխանում է այն ավանդին, որը ներդրվել է Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ դառնալու գործում։

Արմատական քայլեր չձեռնարկելու դեպքում ԱԺՄ-ում Դավիթ Վարդանյանի օրինակի կողմնակիցների թիվը կարող է կտրուկ մեծանալ։ Սակայն այդ դեպքում ԱԺՄ-ին հրաժեշտ պետք է տան առնվազն Վազգեն Մանուկյանի գծի կողմնակիցները եւ կուսակցությունը կդառնա հերթական ՔԴՄ կամ ՌԱ(ԼԴ)Կ, այս անգամ նոր նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031