Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք սարի պես

Փետրվար 24,1999 00:00

«Մենք սարի պես կանգնած ենք» Հայաստանյան թերթերից մեկում ահազանգ էր հնչել Խոջիվանքի գերեզմանատան հայոց շիրմաքարերը եւ շիրմաթմբերը պղծելու մասին։ Անհապաղ գնացինք Խոջիվանք։ Պանթեոնն ու շիրիմները իրենց տեղում էին։ Նույն պատկերը՝ ինչ սրանից 5-10 տարի առաջ։ Եվ դա այն բանից հետո, երբ վերջերս մի քանի «շաբաթօրյակ» էին կազմակերպել Վրաստանի հայ երիտասարդների միության անդամները։ Վանդալիզմի, ապականումի ու պղծության եւ ոչ մի հետք կամ զազրելի մի այլ բան մենք չնկատեցինք։ Որովհետեւ, ըստ էության, Խոջիվանքի գերեզմանատունը, որտեղ հայերի հետ միասին իրենց հավերժական հանգիստն էին գտել հարյուրավոր վրացիներ, ռուսներ, հույներ, գոյություն ուներ մինչեւ 1935 թվականը, իսկ հետո այն վերացվեց ու վերածվեց հանգստի եւ կուլտուրայի «Բարեկամություն» զբոսայգու։ 30-ական թվականների վերջերին, ցավոք, Խոջիվանքն էլ դարձավ «սոցիալիզմի կառուցման» զոհը, այնպես, ինչպես ուրիշ գերեզմանատներ ու եկեղեցիներ, որոնց տեղերում (ինչպես վրացական, այնպես էլ հայկական) վեր էին խոյանում բնակելի եւ վարչական խոշոր կառույցներ եւ գցվում այգիներ ու պուրակներ։ «Խոջիվանքի» ճակատագիրն այն ժամանակ կիսեցին եւ այլ գերեզմանոցներ, հենց Թբիլիսիի կենտրոնում, ինչպես, ասենք, Վերայի գերեզմանատունը, (այժմ այստեղ զբոսայգի է՝ ներկայիս պետֆիլհարմոնիայի դիմաց), ճոպանուղու ստորոտում, Գերգեթսկայա փողոցում գտնվող գերեզմանատունը եւ էլի ուրիշներ։ Սակայն Թբիլիսիում ոչնչացված գերեզմանոցներն իրենց էությամբ եզակի չէին։ Այսպիսի վիճակ էր եւ նախկին ԽՍՀՄ-ի տարբեր անկյուններում։ Ինչ վերաբերում է Խոջիվանքում «հարյուրավոր հանգուցյալների ոսկորների դուրս շպրտելուն եւ թափելուն», դա եւս ապատեղեկատվություն է։ Էլիայի թաղամասում վրացական տաճարի կառույցի ղեկավար Արչիլ Ջափարիձեն մեզ ասաց, որ հիմքը գցելու ժամանակ բանվորների հետ միասին հանգուցյալների մնացորդները հավաքվում էր հատուկ դագաղների մեջ, որոնք եւ այժմ թաղված են այդ նույն տարածքում։ Նա ամեն ինչ ակտավորել է, գոյություն ունեն նաեւ դրանց նոր տեղերի սխեմաները։ Ամեն ցանկացող, հատկապես լրագրողները, կարող են հանդիպել իրեն եւ իմանալ, թե իրականում ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Իսկ Խոջիվանքը՝ պանթեոնի տարածքը, ցավոք, առայժմ, ինչպես տասնյակ տարիներ առաջ, մնում է որպես թաղի պատանիների ֆուտբոլային եւ բազմաթիվ զվարճալի խաղերի սիրած վայր եւ, բնականաբար, ինչ-որ բան կարող է վնասվել, փչանալ։ Չմոռանանք, որ այս թաղամասի բնակչության գերակշռող մասը հայեր են եւ այնտեղ խաղացողները, նրանց երեխաներն են։ Ի դեպ, Խոջիվանքի հարեւանությամբ բնակվող մարդկանց շարքում կան կամավորներ, որոնք ժամանակ առ ժամանակ հետեւում են պանթեոնի կարգուկանոնին։ Սակայն դա ոչ միշտ է նրանց հաջողվում։ Թեեւ, երբ 1998 թվականի նոյեմբերի 11-ին ինչ-որ մարդիկ պանթեոնում մեր մեծաց գերեզմանների կողքին շիրմափոս էին փորում, այդ նույն կամավոր հայրենասերները անմիջապես զանգահարեցին, ահազանգեցին մեզ՝ հայտնելով, որ «գողանում են մեր մեծերից մեկի աճյունը»։ Եվ բառացիորեն 15 րոպե հետո մենք այնտեղ էինք։ Պարզվեց, որ այդ մարդիկ Երեւանից էին, որոնք վրացական իշխանությունների թույլտվությամբ Երեւան էին տեղափոխում ՀՅԴ հիմնադիրներից մեկի՝ Սիմոն Զավարյանի (1865-1925 թթ.) աճյունը։ Այն ժամանակ հյուրերից մեկը ասաց. «Կեցցե՛ք, տղաներ, մենք հանգիստ ենք, որ դուք՝ տեղացի հայերդ, այսպես արագ կողմնորոշվեցիք, որ պանթեոնին ոչ մի վտանգ չսպառնա»։ Այո, իսկապես, եթե որեւէ լուրջ բան ենք իմանում, մենք սարի պես կանգնում ենք, բայց ամեն ինչ ստուգել, վերահսկել շատ դժվար է, եթե չասենք՝ անհնարին։ ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԹՅԱՆ «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր, Վրաստանի հայկական- մշակութային բարեգործական ընկերության փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել