Լրահոս
Օրվա լրահոսը

СИЛА ЕСТЬ, УМА НЕ НАДО

Մարտ 03,1999 00:00
avetiq ishxanyan

Փետրվարին Ռ. Քոչարյանը ստորագրեց Ընտրական օրենսգիրքը, որով տրվեց 1999 թ. խորհրդարանական ընտրությունների մեկնարկը։ Քաղաքական մեծ ու փոքր կուսակցությունները ակտիվորեն սկսում են նախընտրական արշավը։ Ճշտվում են գաղափարական ուղղությունները, հրավիրվում համագումարներ, արխիվներից հանվում հակառակորդների կամ նախկին դաշնակիցների մասին ունեցած ճիշտ կամ սուտ վարկաբեկիչ նյութերը եւ այլն, եւ այլն։ Ամեն ինչ ժողովրդավարական երկրներին հատուկ նախընտրական կանոններով։ Այս ֆոնի վրա երկրորդ պլան են մղվում վերջին տարվա ընթացքում կատարված սպանությունները։

Բայց, արդյո՞ք իսկական ընտրությունները չեն սկսվել դեռեւս 1998-ի ամռանը ՀՀ գլխավոր դատախազի առանձնասենյակում հնչած կրակոցներով։ 1993 թ. սկսած իշխանությունն ամրապնդելու համար Հայաստանում հատուկ ուշադրություն էր դարձվում ուժային նախարարությունների վրա եւ դրանց ղեկավարներ էին նշանակվում վարչակազմին ամենահավատարիմները։ Այդքանով չբավարարվելով՝ իշխանությունները ստեղծեցին նաեւ մեկ այլ ոչ ֆորմալ ուժային կառույց՝ 20-րդ դարավերջի օպրիչնիկներին՝ երկրապահներին։

Հետագայում իշխանությունները՝ որպես հենարան, հատկապես ընտրությունների ժամանակ, օգտագործեցին նաեւ քրեական աշխարհը, ընդօրինակելով նրանցից կառավարման բնորոշ մեթոդներ, որի ապացույցն է նախկին ՆԳ նախարարի նկատմամբ հարուցված քրեական գործը։ 1994 թ. աշնանը, երբ ընդդիմությունը եւ ժողովուրդը անհամբեր սպասում էին հաջորդ տարվա ընտրություններին, այն ժամանակվա ՀՀ նախագահը խորհրդակցություն անցկացրեց ՆԳՆ, ԱԱՆ, ՊՆ եւ դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց անվանելով գործընկերներ եւ անկեղծորեն բացեց բոլոր խաղաթղթերը՝ հայտարարելով, որ 1995 թ. ընտրություններին իշխանության հենարանը իրենք են եւ Վազգեն Սարգսյանին՝ իր ամենահավատարիմ զինակցին նշանակեց նրանց կոորդինատոր (հետագայում իր քաղաքական ընդդիմախոսներին կհամեմատի վերջինիս ճկույթի հետ)։

Թե ինչպես վերջացան 1995 թ. ընտրությունները՝ բոլորս ենք հիշում։ Նույն 1995 թ. ՆԳ նախարարը թեթեւ ձեռքով ստեղծեց «Շամիրամը», այժմ նույն ձեռագրով խորհրդարան կմտնի «Օրինաց երկիրը»։ 1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին սվիններով իշխանության վրա պահեցին նույն ուժայինները («100%-ով էլ ընդդիմությունը հաղթեր, իշխանությունը չէին տա»)՝ նշելով իրենց հաղթանակը, Արշալույս գյուղի հայտնի խնջույքում (ի դեպ, խնջույքի մասնակիցներից երկուսը հետախուզման մեջ են, երկուսը՝ սպանված)։ Այս ընթացքում ՆԳՆ-ին կցորդ դատախազությունը պատվերով գործեր էր թխում ընդդիմադիրների վրա։ Եվ, ի վերջո այդ նույն «հայտնի ուժերը» 1998-ին գահընկեց արեցին իրենց գլխավոր հրամանատարին եւ «ընտրություններով» կարգեցին նորին։

Սակայն 1998 թ. ստեղծված իրավիճակը ակնհայտորեն տարբերվում է մինչ 1996 թ. եղածից։ Եթե մինչեւ 1996 թ. Հայաստանում միաբեւեռ իշխանություն էր, եւ բոլոր «հայտնի ուժերը» անվերապահորեն ընդունում էին դեռեւս օրինական նախագահին, ապա 1998 թ. «ընտրություններից» հետո միայն, Հայաստանում առավել բացահայտ սկսվեց ներիշխանական պայքար ամբողջ իշխանությանը տիրանալու համար, որը, հավանաբար, իր տրամաբանական ավարտին կհասնի 1999 -ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Հետեւաբար, ավանդույթների համաձայն, իշխանության որ թեւն ավելի շատ ազդեցություն ունենա ուժային լծակների վրա, նա է տերը 1999 թ. խորհրդարանի։ Այստեղից կարելի է նոր տրամաբանական վարկած առաջ քաշել սպանությունների կամ ինքնասպանությունների վերաբերյալ.

1998 թ. հունիս- ՊՆ ֆինանսական վարչության պետ Մավրիկ Դավթյան,

1998 թ. օգոստոս- ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան, դատախազ Արամ Կարապետյան,

1998 թ. դեկտեմբեր- ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունի,

1999 թ. փետրվար- ՆԳ փոխնախարար Արծրուն Մարգարյան։

Սրանցից ո՞վ ում մարդն էր իշխանության վերին օղակներում եւ ո՞ւմ մարդը նշանակվեց նրանց թափուր տեղերում՝ կարող են պատասխանել ավելի տեղյակները։

Չեմ կարծում, թե կիսաիշխանական կամ ընդդիմադիր քաղաքական գործիչները չեն հասկանում այս ամենը։ Չեն հասկանում, որ Հայաստանում ընտրություններով իշխանություն չես փոխելու, որ նրանց բոլորին թույլ է տրված պայքարելու խորհրդարանի ընդամենը 20-25% տեղերի համար, ապահովելու Հայաստանի ժողովրդավարական կերպարը արեւմուտքի համար։ Չհասկանալ չեն կարող, մանավանդ Վազգեն Սարգսյանի արած խոստովանությունից հետո, որ Հայաստանում (լրիվ) արդար ընտրություններ անցկացնել հնարավոր չէ. Հայաստանը փոքր երկիր է (՞)։ Այս ֆոնի վրա ամեն կուսակցություն իր խնդիրն է լուծում։

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

Այս կուսակցությունը խնդիր չի դրել Հայաստանում իշխանություն վերցնելու եւ առանձին վերցրած երկրում կոմունիզմ կառուցելու։ Հայ կոմունիստները հեռավոր հույսեր են փայփայում, Ռուսաստանում ընկեր Զյուգանովի իշխանության գալու հետ, եւ որի տրամաբանական շարունակությունն են համարում Հայաստանում իրենց «նշանակվելը»։ Իսկ մինչ այդ խորհրդարանում ունենալ իրենց կայուն տեղերը, քննադատել իշխանություններին, իսկ անհրաժեշտության դեպքում ծառայել՝ օրինակ, քվորում ապահովելով։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Այս կուսակցությունը խնդիր է դրել ոչ թե ընդդիմություն լինելով եւ դասական ընտրություններով իշխանության հասնել, այլ «հանգրվան առ հանգրվան» տարբերակով շոշափուկները տարածել իշխանության տարբեր ոլորտներ։ Այս ընտրություններից հետո իրենց սփյուռքահայ ընկերներին կներկայացնեն հերթական հանգրվանային հաջողությունը։ Նախկին ԱԺ-ում մեկի փոխարեն ունենք, օրինակ, 10 պատգամավոր։

Ազգային ժողովրդավարական միություն

Կուսակցություն, որի արմատները 1988-ի շարժումից է, որը 1991-ին դարձավ արդեն ձեւավորվող ռեժիմի ամենառադիկալ ընդդիմությունը, որի գործողությունները միշտ հենվել են ժողովրդին ակտիվացնելու վրա։ Սակայն այսօր նույն ընտրական խաղի կանոններով ԱԺՄ-ն գնում է «պոկելու» իրեն հատկացված տոկոսները՝ հույս ունենալով, որ գուցե այս անգամ չկեղծեն։

Հայաստանի ժողովրդական կուսակցություն

Սա Հայաստանի ամենաթարմ կուսակցությունն է՝ համալրված բազմաթիվ ազնիվ մարդկանցով, որոնք հույսեր են փայփայում Կարեն Դեմիրճյանի միջոցով իշխանության փոփոխության հետ եւ պատեհապաշտներով, որոնք նույն Կարեն Դեմիրճյանի անունով կանցնեն խորհրդարան եւ կհամալրեն կոճակ սեղմողների բանակը։

ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031