Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՆԹԱԴՐՎՈՂ ՈւՐԲԱԹԱԶՐՈՒՅՑ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՄԱՍԻՆ

Մարտ 03,1999 00:00
Armentel

Նախարարների մասնակցությամբ Հայաստանի կապի համակարգի սեփականաշնորհումը սակագների անշեղորեն բարձրացող ֆոնի վրա դառնում է յուրաքանչյուրիս ողբերգությունը։ Այն նաեւ «ԱրմենՏելում» աշխատած ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գրինի համար էլ է դառնում խիստ դառը մի խնդիր։ Գրինը չի կարողանում ստանալ իր հասանելիք 200 հազար դոլար աշխատավարձը։ «ԱրմենՏելի» դեմ նրա հայցը մեր դատարանները մերժում են։

Մոտ մեկ ամիս առաջ իր ասուլիսի ժամանակ «ԱրմենՏելի» նախկին աշխատակից Ռոբերտ Գրինը ներկայացրեց որոշ խնդիրներ ու փաստաթղթեր։ Խոսքը գնում էր Հայաստանի կապի համակարգի սեփականաշնորհման առաջին փուլի ամերիկյան համարվող TWT կազմակերպության գործունեության մասին։ Պրն Գրինը եղել է «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկության ղեկավարի խորհրդականը իրավական հարցերով։ Այնուհետեւ նա հեռացվել է աշխատանքից։ Այս ընթացքում չի վճարվել (իր եւ գործընկերոջ հասանելիք) 200 հազար դոլար աշխատավարձը։ Արտասահմանցի մասնագետները փորձել են հարցը լուծել դատական կարգով։ Նախ շրջանային դատարանում, ապա Վճռաբեկ ատյանում նրանց հայցը մերժվել է։

Գրինի կարծիքով, Հայաստանի կառավարությունը ձեռքից բաց է թողնում բարձր մակարդակում տեղ գտած կաշառակերության դեմ պայքարելու լուրջ առիթ։ Իսկ դա անհրաժեշտ պայման է տնտեսության վերականգնման գործում։ Աշխարհի շատ երկրներում, ըստ նրա, արդեն տեղյակ են մեր երկրում «տեղի ունեցած խայտառակ դատավարության մասին»։ Առաջին վճիռ կայացրած «դատավոր տիկին Դանիելյանը մի անձնավորության մոտ խոստովանել է, որ իր վրա ճնշում է գործադրվել վերեւից՝ նման վճիռ կայացնելու համար»։ Պրն Գրինի բնորոշմամբ. «Դատական շրջանակներն ամբողջովին կաշառված են, եւ արդարացի վճիռ կայացնելու որեւէ հնարավորություն չկա»։ Արտասահմանցի մասնագետների փաստաբանը՝ արդարադատության նախկին նախարար Վահե Ստեփանյանը, եւս կարծում է, որ դատական վերոհիշյալ վճիռները «մեր արդարադատության սեւ օրերից են»։ Ըստ նրա, դատարանի որոշումը կայացել է իրավաբանական (պրոցեսուալ) խախտումներով, եւ այդ առնչությամբ հատուկ բողոք է ներկայացվել դատախազություն։

Պրն Գրինի կարծիքով, «դատարանները Հայաստանում նախարարի «քթի տակ» են գտնվում եւ ինքնուրույն վճիռ կայացնելու ի վիճակի չեն»։

Դատական այս գործն արդեն միջազգային արձագանքներ է ստանում։ Դրանք լուրջ բացասական հետեւանքներ են ունենալու Հայաստանի համար։ «Դատավարության միջոցով բացահայտվեց նաեւ, թե ինչպես են լուծվում հակամարտությունները օտարերկրյա եւ տեղական ընկերությունների միջեւ։ Հայաստանը չբռնեց այս քննությունը։ Հայաստանի դատարաններն իրենք են խախտում հայկական օրենքները։ Դա մեծ հարված կհասցնի արտաքին քաղաքականությանը եւ արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- կարծում է Գրինը։ Սա լուրջ նախադեպ է։ Հայցվորին հայտարարվել է, որ «ԱրմենՏելի» կողմից պայմանագիր ստորագրող Գ. Մովսիսյանն այդ լիազորությունը չուներ։ Նա եղել է «ԱրմենՏելի» հայկական կողմի նախկին համանախագահը։ Արդյունքում «աշխարհի շատ երկրներում Հայաստանը համարվելու է օրենքներից զուրկ երկիր»։

Ամերիկյան մի քանի սենատորներ արդեն ուշադրություն են դարձնում այս հարցին։ Հունվարի 14-ին սենատոր Օրիեն Հաթչը (նա զբաղվում է զարգացող երկրներին ֆինանսական աջակցությունների տրամադրման հարցով) ԱՄՆ-ում դեսպան Ռ. Շուգարյանին նամակ է հղել։ Խիստ ոճով գրված նամակում նշվում է. «Եթե Հայաստանը չվերանայի դատական վճռի հարցը, ապա հարցականի տակ կդրվի ֆինանսական օգնություն ստանալու հարցը»։

Սենատորը 2-րդ նամակով դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության ամերիկյան ներկայացուցչի գրասենյակ։ Սենատորը հիասթափություն է արտահայտում մեր դատական համակարգի անազնվությունից, այն բանից, որ անգլիական Քոլսանթինգ ընկերությունը զրկվել է հասանելիք գումարից։ Նշվում է, որ մեր «իրավական ե՛ւ համակարգը, ե՛ւ նրա հետ կապված ենթակառուցվածքները չունեն բավարար փորձ ամերիկյան ընկերությունների հետ գործնական հարաբերություններ ունենալու համար»։ Հայկական կողմը զգուշացվում է, որ իր նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն, որովհետեւ «ՀՀ-ում ոտնահարվում են ԱՄՆ-ի առեւտրային շահերը»։

Գրինը պնդում է, որ OTE-ի հունական կողմի աշխատակից Դիմիտրի Կոկալիսը հայտարարել է, թե Գ. Մովսիսյանն իրավունք ուներ ստորագրել պայմանագրի տակ։ Գրինին զարմացրել է նաեւ այն հանգամանքը, որ մեր դատարանները հարկ չեն համարել լսելու իր հայցում նշված 40 վկաներից որեւէ մեկին։ Իր դատական վեճի առիթով Գրինը 135 էջանոց նյութ է ներկայացրել Դ. Վարդանյանին, արդյունաբերության, սեփականաշնորհման, ֆինանսների եւ էկոնոմիկայի, տնտեսական բարեփոխումների նախարարներին։ Առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում պարզել՝ կառավարությունում այս խնդիրներով զբաղվո՞ւմ են, թե՞ ոչ։ Հենց այս պատճառով Ռ. Գրինը մտադիր է լրագրողների ներկայությամբ ուրբաթ օրը «Արմենպրեսի» մամուլի սրահում հանդիպել նշված նախարարների կամ նրանց ներկայացուցիչների հետ։ Այսօր վստահ կարելի է ասել՝ մեր նախարարները մի քանի օր հետո կձեւացնեն, թե տեղյակ չեն եղել կամ էլ պարզապես կխուսափեն։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031