Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՈՒ ՄԻՏԻՆԳ, ՄԻ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Մարտ 25,1999 00:00
Suren Abrahamyan

Քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը կատակում է, թե միտինգները Երեւանի համար քիչ թե շատ օգտակար դարձնելու ճանապարհ է մտածել՝ կուսակցություններին առաջարկվելու է պայմանավորվածություն՝ երկու միտինգի թույլտվության դիմաց պարտավորվում են քաղաքում մի շաբաթօրյակ անցկացնել։

Մինչդեռ խորհրդարանում տարակուսանքի եւ սրամտությունների առիթ էր տվել քաղաքապետի ստորագրությամբ ԱԺ հասած 01/190 գրությունը, որը, հենվելով Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Սովետի նախագահության 1988 թ. մարտի 23-ի որոշումով հաստատված «Ժամանակավոր կանոնների» վրա, շարադրում էր Երեւանում մասսայական միջոցառումների կազմակերպման կարգը։

Իրավական տեսակետից «կուսակցություններին, հասարակական-քաղաքական միություններին, կազմակերպություններին եւ դրանց միավորումներին» ուղղված Երեւանի քաղաքապետի 01/190 գրությունը քննադատության չի դիմանա։

Կարծում ենք, պետք չէ երկար-բարակ բացատրել, թե ինչով է 88 թվականը տարբերվում 99-ից՝ փոխվել է պետական (այդ թվում՝ քաղաքի) ղեկավարման ամբողջ համակարգը։ Այդ առումով կարելի է պատկերացնել, թե ինչ զավեշտներ է ստեղծել ՀՍՍՀ ԳԽ նախագահության թիվ 1166-11 որոշման վկայակոչումը, Երեւանի քաղաքապետի խնդրո առարկա գրության մեջ։ Մինչդեռ առավել հետաքրքրականն այն է, որ քաղաքապետն իր խնդիրն է ցանկացել լուծել արդեն ուշագրավ դարձած իր գրությամբ։

Ամեն ինչ սկսվել է այնտեղից, որ ի տարբերություն կարգապահ ԻՄ-ի՝ ԱԺՄ-ն (նրանց ընդօրինակելով, հետագայում էլ՝ Կոմկուսը) հանրահավաքներ եւ նման միջոցառումներ անցկացնելու համար քաղաքապետարանին դիմում են իրենց որոշած ժամկետից ընդամենը մեկ-երկու օր առաջ, այն էլ տեղյակ պահելու ոճով կազմված դիմումներով։ Բնականաբար, համարյա բոլորն էլ դիմում են՝ նույն Ազատության հրապարակը, նույն ուրբաթ օրերին, նույն աշխատանքային օրվա վերջում իրենց տրամադրելու խնդրով։ Վ

երջերս հերթական այդպիսի մի ուրբաթին քաղաքապետը Կոմկուսին համոզել է հանրահավաքը սկսել Շահումյան հրապարակում, այնուհետեւ մինչեւ երթով հասնեին Ազատության հրապարակ, ԻՄ-ը ավելի վաղ գումարած իր հանրահավաքն այնտեղ կավարտեր։ Եթե փոխատյաց կոչերով ու միտինգային տրամադրությամբ իրար հանդիպեին ԻՄ-ը եւ Կոմկուսը, դժվար չէ պատկերացնել վերջաբանը, իսկ որեւէ անկարգության դեպքում, պատասխանատվությունը ընկնելու է նախ Երեւանի քաղաքապետի վրա։ Պրն Աբրահամյանն էլ, որքան հասկացանք, հարկ է համարել մի գրությամբ հիշեցնել, որ դիմում-թույլտվությունների կարգ պահպանվի։ Միայն, չգիտես ինչու, իբրեւ օրենսդրության սահմանած կարգ այդ չարաբաստիկ ՀՍՍՀ ԳԽ որոշումն է վկայակոչվել։

Այն, որ նախընտրական այս շրջանում, քաղաքապետը պետք է հանրահավաքների, ցույցերի, երթերի անցկացումը որեւէ կերպ կարգավորի՝ թեկուզ հասարակական կարգի պահպանության եւ անվտանգության խնդիրներից ելնելով, վիճարկելի չէ։ Մյուս կողմից փաստ է, որ չկա քաղաքապետի գործողությունները կանոնակարգող օրենսդրություն (ընդունված 1995-ի հուլիսի 5-ից կամ նույնիսկ 1990-ի օգոստոսի 23-ից հետո)։ Մնում է, որ իրավասու որեւէ մարմին (ԱԺ, կառավարություն, նախագահ) մտահոգվի եւ քայլեր ձեռնարկի իրավական դաշտը ապահովելու։ Իսկ մինչ այդ ուժի մեջ է պրն Աբրահամյանի համոզվածությունը, որ ճիշտ է վարվել՝ նման գրություն-հիշեցում հղելով կուսակցություններին: Նա, իհարկե, իր ստորագրության տերն է եւ առաջնորդվելու է ՀՍՍՀ ԳԽ նախագահության որոշման այն կետերով, որոնք ժամանակավրեպ չեն։

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031