Լրահոս
Օրվա լրահոսը

Մավրն արեց իր գործը… Մավրը կարող է վերադառնալ

Մայիս 01,1999 00:00
Hanrahavaq

Երբ 1997 թ. սեպտեմբերին տարիներ շարունակ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը վարած Ժիրայր Լիպարիտյանը հայտարարեց իր՝ ԱՄՆ վերադարձի մասին, նրա անակնկալ որոշման ծանրակշիռ պատճառների փնտրման շարքում նշվեց նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի կնքած պայմանագրի վերաբերյալ նախագահի հետ ունեցած իր տարաձայնությունը:

Նման անհամաձայնության առկայությունն ավելի քան տարօրինակ էր, քանզի անհնար էր ենթադրել, որ տարիների նուրբ աշխատանքով հանրապետության արտաքին քաղաքականությունը այլակարծիք դիրքորոշումներից զտած եւ այն մշակելու մենաշնորհը նվաճած խորիմաստ քաղաքագետը վրիպել էր մասնագիտական պարտավորությունների կատարման մեջ՝ թույլ տալով նախագահին խաղատախտակից դուրս քայլ անել: Նման վարկածի անհավանականությունն առավել շոշափելի գծագրվեց Լ. Տեր- Պետրոսյանի աշնանային նշանավոր «հրաժեշտի հոդվածից» հետո եւ վերջնական համոզմունքի փոխվեց վերջինիս հրաժարականով: Խորհրդականը գնաց, որովհետեւ արդեն գիտեր, որ գնալու է նաեւ նախագահը, իսկ ավելի կոնկրետ՝ նախապատրաստել էր նրա հեռացումը: Այլապես անբացատրելի է 1996-ի սեպտեմբերի հայտնի իրադարձություններին այդպիսի անպատվաբեր ձեռնարկումների գնով իշխանությունը պահելուց եւ ժողովրդավարի լուսապսակը գետնելուց 15 ամիս հետո այդ իշխանությունը ինքնակամ հանձնելու եւ ժողովրդի պահանջով հեռանալու վեհանձն կեցվածքը. «Սիրելի ժողովուրդ, ես գնում եմ, որովհետեւ դա է քո կամքը, կվերադառնամ միայն, եթե ազգովին խնդրեք եւ այլն…», եթե, իհարկե, բացառենք կարճ ժամանակում անձի ներաշխարհում տեղի ունեցած բարոյական հեղաշրջման հրաշքը: Արդյոք իսկապե՞ս «գորշ կարդինալը» լքեց նավաբեկության դատապարտված նավը, թե՞ ժամանակավորապես հեռացավ՝ թողնելով, որ իրեն «գահընկեց» արած նավաստիները, անկարող խութերի ծովածոցի մեջ քշված ջարդրտվող նավը դուրս բերել, աղաչեն իրեն վերադառնալ ու փրկել:

Նախագահի ու նրա գլխավոր խորհրդականի՝ տեսանելի քաղաքական ասպարեզից հեռանալու արարողություններն այնքան նման են մեթոդաբանությամբ ու ճշգրիտ՝ ժամանակային տեւողությամբ, որ կամա թե ակամա ստիպում են մտածել դրանց փոխկապակցվածության մասին: Տեր-Պետրոսյանն իր «Պատերազմ թե խաղաղությունով» փորձեց ետ գնել խաղաղասերի ու ժողովրդավարի իր համարումը՝ Հայաստանի հետագա ճակատագրի պատասխանատվությունը դնելով «պատերազմատենչ» ժողովրդի վրա, իսկ երեք ամիս հետո ինքնակամ հրաժարականով լիովին մաքրեց իշխանությունը բռնությամբ խլածի իր մեղքը: Մի կողմ թողնելով ներհանրապետական իրականության մեջ ձեւավորված նրա կերպարն ու հեռանալու «լավուվատ» կողմերը, հարկավոր է ճիշտ գնահատել նման քայլը ժողովրդավարության ու օրինականության պատվար արեւմտյան հասարակությունների տեսանկյունից, որոնք պայքարում են հանուն խաղաղության հաստատման: Իր հեռանալուց նույնքան ժամանակ առաջ էլ Ժիրայր Լիպարիտյանն է մի այդպիսի «հրաժեշտի կտակ» թողել աշխարհին ու հայ հանրությանը՝ Ամերիկյան համալսարանում կազմակերպված միջազգային բանաժողովին ներկայացրած «Խոստումների քաղաքականություն» ծրագրային ելույթը, որտեղ նույնիսկ տառի մակարդակով պահպանված Օրենքի ու օրինականության սահմաններում ձեւակերպված են ադրբեջանական նավթի «բլեֆը», Ալիեւի՝ ժամանակ շահելու քաղաքականության անհեռանկարայնությունը, Հայաստանի քաղաքական հեռանկարները, Ղարաբաղի խնդրի կարգավորման «ոչ ստանդարտ, ոչ օրթոդոքսալ» ուղիների որոնման անհրաժեշտությունը, եւ, իհարկե, դարձյալ ընտրության սուրբ իրավունքը թողնված է ղարաբաղցիներին:

Այս ելույթի մի շարք մտքեր ուղղակիորեն հիշեցնում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում արտաքին գերատեսչության ներկա ծրագրերը: Գուցե սա այնքան էլ զարմանալի չէ, եթե հիշենք, որ պրն Օսկանյանը, ինչպես նաեւ Ղարաբաղի այժմյան արտգործնախարարը, ժամանակին Ժիրայր Լիպարիտյանի «թիմում» են եղել, եւ բնական է վերջինիս անհաղթահարելի ազդեցությունը՝ չէ որ «աշակերտն ավելին չէ, քան իր վարդապետը»: Խնդիրն այն է պարզապես, որ, ասենք, միգուցե Լիպարիտյանը «ոչ ստանդարտ լուծում» ասելով միանգամայն այլ բան է հասկանում, քան իր աշակերտները՝ «ոչ կոնվենցիոնալով». ամենեւին էլ պարտադիր չէ, որ նա չակերտները բացած լինի:

Այս դեպքում կարող ենք երեւակայել իրադարձությունների զարգացման մի տարբերակ, որտեղ նախկին խորհրդականը, վստահ իր թողած ժառանգության չընկալված շարունակության, ինչպես նաեւ այդ շարունակության բերելիք անդառնալի հետեւանքների վրա, սպասում է իր տրիումֆալ վերադարձի ժամին՝ արտաքին քաղաքականության մենաշնորհը կրկին ու անվերապահորեն նվաճած: Տարբերակն այնքան էլ երեւակայական չի թվում, եթե հաշվի առնենք, որ վերջին իշխանափոխությունից հետո Ղարաբաղյան խնդրում առայժմ միակ հայտնի տեղաշարժը հակամարտության կարգավորման փուլային տարբերակի փոխարինումն է փաթեթայինով, որը վերջնական նպատակի առումով էական տարբերություն չի նախանշում, սակայն Հայ դատի եւ պահանջատիրության խցկումն այդ փաթեթի մեջ սկզբունքորեն նվազեցնում է հանդիպակաց ալեբախության դեպքում խուսավարելու ամպլիտուդը: Եթե ռազմաքաղաքական գերտերությունները հանկարծ որոշեն Հարավսլավիայի «կարգավորումից» հետո զբաղվել Անդրկովկասի հակամարտությունների «լուծմամբ», իրադարձությունների գալվանական բեւեռացման դեպքում Հայաստանն իր փաթեթը ձեռքին ամենայն հավանականությամբ ճակատով պատին կզարկվի, քանի որ իր բոլոր հարեւանները ազգամիջյան խնդիրներ ունեն, իսկ ինքն իր բոլոր հարեւաններից (ներառյալ քրդերը) պահանջելու բան ունի:

Ամենայն հավանականությամբ հաշվարկն այդպես էլ արված է, եւ եթե դրան ավելացնենք ներազգային կնճիռները, որ կամաց-կամաց կիտվում են ապագա ընտրությունների ազատ-արդար-թափանցիկ անցկացման անհավանականության, իշխանության միակուսակցականացման, ռազմա-սոցիալիստական դիկտատուրայի հաստատման, ախպար-հայաստանցի-ղարաբաղցի հակակրության խորացման տեսքով, երկրի դեմքը բավական դժնդակ տեսք է ստանում: Եթե ճիշտ է, որ աշխարհաքաղաքականության այսօրվա տրամաբանությամբ «բաժանիր որ տիրես» նշանակում է՝ «փչացրու որ տիրես՝ չփչանալու ընտրության իրավունքը թողնելով», ինչպեսեւ ճիշտ է այն, որ Հայաստանը տարածաշրջանում որոշակի դեր ունի կատարելու որպես ժողովրդավարական երկիր, կարելի է կռահել մեր իրականության համար նախասահմանված ներկայացումը, ուր ընդհանուր կեղտոտվածության, տրորվածության, պարտվածության, ընկճվածության ֆոնի վրա գծագրվում են երկու լվացված-մաքրված կերպարներ:

«Անիչկան արդեն ձեթը թափել է», որովհետեւ բոլորովին վերջերս պրն Լիպարիտյանը ժամանել էր Երեւան (բացառված չէ՝ Տեր-Պետրոսյանի հետ ապագա անելիքները քննարկելու), իսկ հետո՝ մեկնել Բաքու:

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31