Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ ԿԱՄ՝ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ

Հունիս 23,1999 00:00
toto

Պետական կոնսերվատորիային կից գործում է երաժշտական թերապիայի՝ կրթական եւ գործնական ծրագրերի կենտրոն։ Անունը պատկառելի է հնչում։ Ավելի խոստումնալից թվաց այդ կենտրոնի գիտաժողովը՝ սկզբում ներկայացված որպես միջազգային, հետո՝ համահայկական։ Սակայն համահայկական էլ չստացվեց, որովհետեւ բոլոր հայ զեկուցողները Երեւանից էին։

Իսկ գիտաժողովը, որպես մեկ տարվա աշխատանքային ձեռքբերումները ներկայացնելու փորձ, նույնպես ձախողվեց։ Մասնակցելով գիտաժողովի առաջին, այսպես ասած՝ գիտական մասին, ցավոք, լավատեսական եզրակացությունների չեկա։ Գիտաժողովը վարող Լիլիթ Սիմոնյանի հավակնոտ պնդումները, թե երաժշտական թերապիան «թերապիայի ամենաանվտանգ տեսակներից մեկն է», երաժշտական ընկալման հայտնի, վաղուց ուսումնասիրված տվյալների ներկայացումը, որպես սեփական հետազոտությունների արդյունք, անհեթեթ տերմինաբանությունը եւ լեզվավարժանքները ազատում էին կենտրոնը գիտության հետ որեւէ կապ ունենալուց։

Չցանկանալով ընթերցողներին ծանրաբեռնել մտքի այնպիսի «գոհարներով», ինչպես, ասենք՝ «մարդու օրգանիզմի վրա բուժիչ ուղղվածություն» կամ «ուղեղի կեղեւում առողջացման դոմինանտայի ստեղծում», նշեմ նպատակի, ռազմավարության, առարկայի եւ մեթոդի մասին հստակ պատկերացման բացակայությունը, այս հնագույն բուժիչ մեթոդի նկատմամբ թեթեւամիտ մոտեցման հետեւանքները, որոնք տագնապ են առաջացնում։ Այդ նույն Լիլիթ Սիմոնյանի պատկերացմամբ, երաժշտական թերապիայի բնագավառում կենտրոնը հասել է նշանակալից հաջողությունների, ինչի համար բավարար էին Ինտերնետի եւ «լավ կապերի» առկայությունը։ Եվ այդժամ հասկանալի է դառնում Ինտերնետի հետ մեկ տարվա աշխատանքի «ձեռքբերումները» լուսաբանող լրագրողների առկայությունը։

Այնուամենայնիվ, չնայած երաժշտական թերապիան ամենեւին էլ երաժշտական գործունեության ձեւ չէ, այստեղ երաժշտի դերը մեծ է։ Այդ դերը որոշվում է նրա մասնագիտական իրազեկությամբ եւ անձնական հատկանիշներով, որոնք նրան թույլ են տալիս արդյունավետ համագործակցել բժիշկ-հոգեբան-երաժիշտ թիմում եւ ստեղծագործաբար իրականացնել համակողմանի բուժման խնդիրները։

Այդպիսին է միջազգային փորձը, սակայն մեզ մոտ ամեն ինչ կարող է հակառակը լինել։ Սկզբում բացվում է կրթական եւ գործնական ծրագրերի կենտրոնը, որտեղ չկան մասնագետներ, հետո ոչ մասնագետները կազմում են ծրագիր։ Արդյունքում պարզվում է, որ «լիակատար կատարսիսի էֆեկտին» հասնում են միայն այդ ծրագրի հեղինակները։

Ի դեպ, հասկանալի չէ, թե որտե՞ղ է փորձարկվել երաժշտական թերապիայի այս ծրագիրը, ինչպիսի՞ հետազոտությունների հիման վրա է փորձարկումը կատարվել, ինչպիսի՞ն է ուսումնասիրվողների համակազմը, ո՞վ է ծրագրի գիտական ղեկավարը։ Չնայած դրան, նշված ծրագիրը իրականացվում է մանկապարտեզներից մեկում։ Մնում է հուսալ, որ ամեն դեպքում այդ ծրագիրը երաժշտաթերապեւտիկ չէ, այլ միայն երաժշտական զարգացածություն ապահովող։

Մինչդեռ հենց կոնսերվատորիայում է կուտակված արտթերապեւտիկ շփման որոշակի փորձ։ 1989 թ. երաժիշտների համերգային խմբերը բառացիորեն չէին լքում հիվանդանոցներն ու երկրաշարժից տուժած վայրերը։ Այդ աշխատանքի արդյունքներն այդպես էլ չեն ամփոփվել, գործընթացն ընդհատվել է, բայց բարդ եւ չբուժվող հիվանդություններով երեխաներն այսօր էլ են կարոտ երաժշտի միջոցով աշխարհի, կյանքի հետ կենսական շփումներին։ Եվ մինչ կենտրոնը ծրագրեր է երկնում, «Արբեզ»-ում հոգեբանները լուծում են արտթերապիայի խնդիրները, իսկ երաժիշտներն իրենք են բուժվում հոգեբանների ու հոգեբույժների, բայց ամենեւին էլ ոչ երաժշտաթերապեւտների մոտ։

Գուցե, այնուամենայնիվ, կենտրոնը զբաղվի երաժշտական գործունեության վտանգավոր հետեւանքների կամ էլ երաժշտության ընկալման անհատական առանձնահատկությունների ուսումնասիրությամբ, թե՞ դրանով պետք է զբաղվեն հոգեբաններն ու հոգեբույժները։ Իսկ գուցե դրանով, այնուհանդերձ, պետք է համակողմանիորե՞ն զբաղվել եւ ստեղծել գիտահետազոտական ինստիտուտ կամ ակադեմիա։

Հարցերը շատ են, բայց Լիլիթ Սիմոնյանը վստահ է, որ երաժշտական թերապիայով պետք է զբաղվեն միայն երաժիշտները։ Եվ, ընդհանրապես, ի՞նչ գործ ունեն այստեղ հիվանդություններն ու բժիշկները։ Չեմ զարմանա, եթե բժշկական համալսարանում ինչ-որ մեկը ստեղծի կրթական ծրագրերի կենտրոն լարային վիրաբուժության գծով։ Դժվար չէ կռահել, որ դա կլինի թերապիայի պակաս անվտանգ ձեւ։

Մեծ աղմուկ ոչնչից։ Բայց «ոչինչը» երբեմն լինում է վտանգավոր եւ նույնիսկ մահացու ելքով։ Հետաքրքիր է, թե ի՞նչ է այս առթիվ մտածում Առողջապահության նախարարությունը։

ԱՆԺԵԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԵրՕԼԻ-ի հոգեբանության ամբիոնի վարիչ,

ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից

արտթերապիայի Հայաստանի ազգային փորձագետ

Հ. Գ. Չակերտավորված նախադասությունները մեջբերված են գիտաժողովի թեզիսների հավաքածուից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930