Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ՈՐ ՎԱՏ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

Հունիս 29,1999 00:00
jragic

Հայաստանում երբեք գյուղացիական ապստամբություն չի լինի։ Եթե որեւէ հեղաշրջում լինի, կլինի այնպես, ինչպես լինում է։ Վերեւներում գզվռտոց կսկսվի, ու «վլաստը» կփոխվի։ Հայ գյուղացին երբեք չի ընդվզի։ Գլուխը կախ կհնձի (եթե հնարավորություն ունի) իր բաժին խոտը ու քթի տակ կփնթփնթա։

Սակայն ընդվզելու, բողոքելու եւ մի կուշտ հայհոյելու առիթ ու պատճառ հայ գյուղացին այնքա՜ն շատ ունի։ Հողի սեփականաշնորհման առիթով հորինված՝ «հողը տվին գյուղացուն ու գցեցին» կրակը արտահայտությունը գյուղացին գյուղավարի փոխել է՝ «գյուղացուն տվին հողին»։ Թեկուզ եւ այսպես է, բայց միեւնույն է՝ գյուղացին բողոքողը չէ։

Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում տասը տարի է՝ դհոլ-զուռնայի ձայն չէր հնչել։ Հնչեց։ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը հերթական անգամ խմելու ջրի հարց լուծեց։ Հիմնադրամի վերահսկման բաժնի ինժեներ Արմեն Աբովյանը հայտնեց, որ հիմնադրամը իրականացրել է Գլաձոր գյուղի խմելու ջրի խողովակաշարի մի հատվածի վերանորոգումը՝ 3 հազար կմ-ից մի փոքր ավելի երկարությամբ։ Ջրագծի ընդհանուր երկարությունը 13 կմ է, ջուրը հոսում էր ասբեստե խողովակների միջով։ Այդպիսի խողովակներով հակացուցված է նույնիսկ ոռոգման ջրի անցկացումը։ Ջրագծի վերանորոգման աշխատանքն իրականացվել է բավականին բարդ բնակլիմայական պայմաններում։ Աշխատանքի 80%-ը կատարվել է ձեռքով։ Ջրահավաքները գտնվում են սարի գլխին, մոտ 2300 մետր բարձրության վրա։ Շինանյութը եւ խողովակները սարի գլուխ են հասցվել առանց տրանսպորտի։ Ջրագծի վերանորոգման աշխատանքները սկսվել են անցյալ տարի, ընդհատվել են ցուրտ եւ թաց ձմռան ու ուշ սկսված գարնան պատճառով։ Այսօր շինարարությունն ավարտված է։ Գլաձորցիներին մեկ վայրկյանում 8 լիտր ջուր է հասնում։

Ջրագծի հանդիսավոր հանձնման արարողությանը ներկա էին ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը՝ թարգմանիչով եւ «Ջիպ»-ով, Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանը՝ առանց համարանիշի սեւ «գոճի»-ով, ՀՍՆՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը եւ հիմնադրամի մյուս աշխատակիցները՝ սպիտակ «Նիվա»-ներով։

Մեծանաս՝ նախարար դառնաս

Երբ հարուստ մարդը մի նոր շոր էր հագնում, ասում էին՝ բարով մաշես, երբ աղքատն էր նոր շոր հագնում, հարցնում էին՝ որտեղի՞ց։

Գլաձորցի է նաեւ նախկին էներգետիկայի նախարար, նախկին պետական նախարար եւ ներկայիս վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը։ Մարդը գյուղից ելել ու վեր է բարձրացել, բայց ծննդավայրը չի մոռացել։ ՀՍՆՀ-ի պարտադիր պայմաններից մեկն էլ այն է, որ ներդրումների 10%-ը կատարի համայնքը։ Համայնքի բաժին ներդրումը՝ 1200 մ խողովակի տեսքով, կատարել է գլաձորցի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը։ Գլաձորցիները թեպետ հարուստ չեն, բայց ասենք՝ բարով մաշեք։ Գագիկ Մարտիրոսյանին հաստատ աղքատ չես ասի, բայց խողովակները որտեղի՞ց։ Այս գյուղում երեխեքին դաստիարակում են պաշտոնյա դարձած իրենց համագյուղացու օրինակով՝ «մեծանաս՝ նախարար դառնաս, հետո՝ վարչապետի խորհրդական…», այսպես են օրհնում տատիկներն իրենց շեկլիկ թոռնիկներին։

Գլաձորն ամենախոպանչի գյուղն է

Գլաձորը սիրուն գյուղ է, բալն ու կեռասը կարմիր են, ինչպես ամբողջ աշխարհում։ Դպրոց ունի՝ 600 աշակերտով, առանց անգլերենի ուսուցչի, թոշակառուներ ունի՝ առանց կենսաթոշակի, հարսանիքներ է անում՝ առանց դհոլ-զուռնա։ Գյուղ է, ամենասովորական, ամենահայկական գյուղ։ Այս գյուղն առանձնահատուկ է մի բանով՝ 250 երիտասարդ ընտանիք գտնվում է գյուղից ու Հայաստանից դուրս։ Հիմնականում՝ Եկատերինբուրգում։ Դրսից եկած օգնությամբ էլ մի կերպ ապրում են գյուղացիք։

Գլաձորցի Լենդրուշի սրտի խոսքը

«Խորին շնորհակալություն հիմնադրամի ղեկավարին, Համաշխարհային բանկին, մարզպետին, մեր գյուղի լավ ղեկավարին, գյուղսովետին (՞), Մարտիրոսյան Գագիկին, որ իր ներդրումը դրեց մեր ջրի մեջ։ Միեւնույն ժամանակ, մեր սիրելի մարզպետ, ձեր ներկայությունը գյուղում ես առաջին անգամ եմ տեսնում։ Լսել եմ համբավդ, շատ եմ լսել… Ձեզ որ տվել են մարզպետ, մենակ քո հարազատները չպիտի ուրախանան, մենք էլ պիտի ուրախանանք, մի քիչ էլ մեզ նայի»։ Մարզպետը մի քիչ նայեց, նայեց ու առանձնապես չհուզվեց։ Իսկ մի գլաձորցի, որը 50 տարի աշխատել էր թերթում (հասկանալի է՝ խորհրդային մամուլ, մարքս-լենինյան գաղափարախոսություն, կոմունիզմի առաջ պարզած դրոշ…), իր ելույթով ուղղակի ցնցեց ներկաներին. «Շնորհակալ ենք բոլորիդ, չորրորդ ամիսն է, թոշակ չենք ստացել, խնդրում ենք սոցապ նախարարին հաղորդեք, որ վատ ենք ապրում, բայց մենք շատ գոհ ենք, գոհ ենք ու շնորհակալ մարզպետից, գյուղապետից»։ Էս ենք. գյուղով, գյուղացիով վատ ենք ապրում, բայց գոհ ենք, շնորհակալ ենք, երկինք-գետին երկրպագում ենք։ Չէ, մեզանից հեղափոխություն անող դուրս չի գա։ Մենք լավ երկրպագու կլինենք՝ վիզներս ծուռ, չեղածով բավարարվող, մի փոր հացով երջանիկ։

ՀԲ-ն վստահեցրեց

ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը գյուղացիներին խոստացավ, որ ՀԲ-ն կլինի բոլոր այն գործերում, որոնցում հասարակությունը ներգրավված է. «Ինչո՞ւ ենք մենք ուզում աշխատել համայնքների հետ, որովհետեւ եթե ծրագիրը ստեղծարար է, ապա համայնքն ինքը կպաշտպանի իր ստեղծածը։ (…) Այսօր ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մարզպետին, պրն Աշոտին (ՀՍՆՀ-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյան- Մ. Ե.), կապալառուներին, բայց ամենից շատ՝ համայնքին, որ մասնակցեց այս ծրագրի իրականացմանը»։ Վերջում պրն Սաադաթն ասաց, որ ՀԲ-ի դերը շատ սահմանափակ է՝ այն միայն միջոցներ է տրամադրում։ Այսպիսի «սահմանափակ» հնարավորություններ, եթե այլոք եւս ունենային, այլեւս չկառուցված ու չվերանորոգված ջրագիծ եւ դպրոց, ճանապարհ եւ կառույց չէր լինի։

Շնորհակալագիրների շարքը կարելի է երկարացնել, բայց արժե՞ արդյոք։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930