Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ԴՊՐՈՑԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Հուլիս 16,1999 00:00

Երկար տարիներ դպրոցների մանկավարժական կոլեկտիվները անհամբերությամբ սպասում էին «Կրթության մասին» օրենքի լույս աշխարհ գալուն։ Ի վերջո, «օրենքն» ընդունվեց։ Բայց, ավաղ, դրանով ո՛չ դպրոցի վիճակը բարելավվեց, ո՛չ էլ ուսուցչի։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի (նախկին Արագած շրջկենտրոնը) Ա. Իսահակյանի անունը կրող միջնակարգ դպրոցը հանդիսանում է այդ տարածաշրջանի կրթօջախների հենակետային դպրոցը։ Ասել է թե՝ Արագածոտնի մարզային կրթությունը շրջակա 22 դպրոցների մեթոդա-մանկավարժական աշխատանքները կազմակերպում է մեծ Վարպետի անունը կրող դպրոցի միջոցով։ Այդ վստահությունը դպրոցի մանկավարժական կոլեկտիվը ձեռք է բերել տարիների քրտնաջան աշխատանքով, նախկինում ստեղծված նյութատեխնիկական հարուստ բազայով, ցուցադրական կաբինետներով ու լաբորատորիաներով։

Լավագույն ավանդույթներ ունեցող այդ դպրոցի հարուստ փորձ ունեցող մանկավարժական կոլեկտիվն այսօր էլ ամեն ինչ անում է ուսումնադաստիարակչական աշխատանքներն ամուր հիմքերի վրա պահելու համար, սակայն մի շարք հանգամանքներ խոչընդոտում են դրան։

Աղետաբեր երկրաշարժը հսկայական վնասներ պատճառեց նաեւ նախկին շրջանին, այդ թվում՝ Ծաղկահովիտ գյուղին։ Ավերվեցին բազմահարկ շենքեր, դպրոցներ, սեփական բնակարաններ, անօթեւան մնացին շատ մարդիկ, քիչ վնասներ չկրեց նաեւ Ծաղկահովիտի դպրոցը։ Տարեցտարի հոգսերը կուտակվեցին ու այսօր դրանք մեծ որակ են կազմում։ Թվենք մի քանիսը։ Տարիներ շարունակ Ծաղկահովտի դպրոցի ջեռուցումը կատարվում էր կենտրոնական կաթսայատնից։ 1988 թվականից հետո ջեռուցման կենտրոնական համակարգը իսպառ ոչնչացավ։ Դպրոցը «ջեռուցվում» է նավթով, որը, սակայն, Ծաղկահովտի բնակլիմայական պայմաններում չի արդարացնում։ Անցյալ տարի մեկ դասասենյակ-վառարանին տրվել է 2,5 լիտր նավթ, իսկ յուրաքանչյուր դասասենյակ ունի 7-8 պատուհան, այսինքն՝ ամբողջ պատը պատուհան է։ Այդքան նավթով նման դասասենյակները տաքացնել եւ նորմալ պարապմունքներ անցկացնել՝ լեռնային շրջաններում բացառվում է։

Դպրոցն ունի յոթ մասնաշենք՝ 700-ից ավելի պատուհաններով։ Ամբողջ պատուհանային մակերեսը կազմում է 1000 քմ։ Չմոռանանք ասել, որ Ծաղկահովտում եւ նրա շրջապատի գյուղերում ձմռան միջին տեւողությունը 6-7 ամիս է, երբեմն՝ ավելի եւ ցրտաշունչ սառնամանիքներով։

Ջեռուցման հարցը լուծելու եւ ձմռան ամիսներին նորմալ պարապմունքներ անցկացնելու միակ ելքը նոր կաթսայատան կառուցումն է։ Երկրաշարժից հետո դպրոցի ջեռուցման ներքին համակարգը մոտ 70 տոկոսով պահպանվել է, մեկ տարի է գազը մուտք է գործել գյուղ, բնակարաններում այն արդեն օգտագործվում է։

– Մոտ 8-10 միլիոն դրամ է պետք, որպեսզի ամբողջովին վերանորոգվի ջեռուցման համակարգը եւ գազով ջեռուցվի դպրոցը,- ասում է դպրոցի տնօրեն Արիստակես Միքայելյանը,- պարապմունքները առաջվա նման անցկացվի նորմալ պայմաններում։

– Իսկ այդքան գումար ձեռք բերելու ակնկալիքներ ունե՞ք։

– Իմ կարծիքով, այդ գումարը հնարավոր է ստեղծել «Փրկեք երեխաներին» կազմակերպության, ՄԱԿ-ի գրասենյակի, Հայ օգնության ֆոնդի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ այլ բարեգործական կազմակերպությունների օգնությամբ։

– Պարոն Միքայելյան, իսկ այդ հարցով դուք դիմե՞լ եք որեւէ կազմակերպության։

– ՄԱԿ-ի գրասենյակին դիմել եմ, բայց մերժել են,- ասում է տնօրենը,- պատճառաբանելով, որ Արագածոտնի մարզին այս տարի նման միջոցներ նախատեսված չեն։ Հիմա էլ Կրթության եւ գիտության նախարարությանն եմ դիմել, խոստացել են ջեռուցման հարցն արտահերթ լուծել։

Տա Աստված, որ նախարարությունը հաշվի առնի Ծաղկահովտի լեռնակլիմայական պայմանները եւ օգնության ձեռք մեկնի 450 աշակերտներից եւ 70 մանկավարժներից բաղկացած կոլեկտիվին։

Դա էլ հո տնօրենի նշանակման կամ ազատման հարց չի, որ նախարարությունն «իրավունք չունենա» իր խոսքն ու կարծիքն ասել։ Հոգսերից մեկն էլ այն է, որ շուրջ տասը տարի է, դպրոցը ջրազրկված է։ Երբեմնի ջրառատ Ծաղկահովիտ գյուղը 1988-ից հետո դարձել է ջրակարոտ։ Կլոր տարին ձյունածածկ ու բնական աղբյուրներով հարուստ Ալագյազի լանջերից գահավիժող քչքչան ջրերն իջնում են ցած ու կորչում։ Թե ո՞ւր՝ չգիտես։

Դպրոցի պետքարանները, մյուս սանհանգույցները օգտագործվում են մեծ դժվարություններով։ Դույլերով բակերից, այս ու այնտեղից ջուր են բերում առավոտից մինչեւ դասերի ավարտը, որպեսզի կարողանան բավարարել աշակերտների պահանջները։ Իսկ ձմռան ամիսներին դրսում հաճախ ջուրը սառչում է, ծորակներից էլ ջուր չի գալիս, ստիպված ձյուն են հալում, մի կերպ յոլա գնում, հաշտվում «եղած պայմանների» հետ։ Բայց մինչեւ ե՞րբ, ինչքա՞ն կարելի է աշխատել այդ պայմաններում։

– Դերեկի սահմանում վեց խորքային հորեր են փորվել, պատրաստվել է պոմպակայանը, նույնիսկ փորձարկվել,- ասում է գյուղապետարանի ավագանու խորհրդի անդամ Համլետ Կիրակոսյանը,- հույս ունենք, որ ջուրը շուտով գյուղ կմտնի։

Մանկավարժական կոլեկտիվն ու դպրոցականները եւս հավատով սպասում են, որ սեպտեմբերին ջուր կունենան եւ դպրոցում այլեւս դժվարություններ ու գարշահոտություն չի լինի։ Վերջին տասնամյակում հանրապետության գրեթե բոլոր դպրոցները միշտ էլ ապակու կարիք են զգացել։ Արարատյան դաշտավայրի, Երեւանի եւ մեղմ կլիմա ունեցող այլ վայրերի դպրոցները թերեւս մի կերպ կարող են քչով բավարարվել, սակայն լեռնային շրջանների, այդ թվում նաեւ Ծաղկահովիտի դպրոցը բաց պատուհաններով ձմռանը չի կարող պարապմունքներ անցկացնել։ Հեռվից դիտողները երբեմն խորհուրդ են տալիս պատուհանների երկկողմանի ապակիներից մեկը հանել եւ գցել բաց տեղերում։ Նման խորհուրդները, մեր կարծիքով, կարող են իրենց արդարացնել միայն մեղմ կլիմա ունեցող վայրերի դպրոցներում, իսկ լեռնային շրջաններում ոչ մի օգուտ չի տա, չի փոխվի նույնիսկ դասասենյակների ջերմաստիճանը, մանավանդ՝ այդքան մեծ դասասենյակների։

Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը ամեն տարի գումարներ են հատկացվում դպրոցների վերանորոգման համար։ Լավ կլինի, որ այդ գումարներից մասհանում կատարվեն եւ հատկացվեն նաեւ ապակի ձեռք բերելու նպատակով, անկախ այն բանից՝ նախատեսվա՞ծ է այդ դպրոցը վերանորոգել, թե՞ չէ։

Վերադաս կազմակերպությունները լրջորեն պետք է մտահոգվեն եւ առաջին հերթին ապակիով ապահովեն լեռնային շրջանների դպրոցներին, մանավանդ որ, տնտեսական ծախսեր պետությունը գրեթե չի հատկացնում կամ շատ քիչ է տալիս։ Ծաղկահովտի դպրոցին մեկ կիսամյակում տնտեսական ծախսերի նպատակով հատկացվել է տասը հազար դրամ։ Դա նույնիսկ ծիծաղելի է այդպիսի վիճակում գտնվող դպրոցի համար։

Եթե այդ ամենին ավելացնենք այն, որ երկրաշարժից հետո դպրոցը հիմնական վերանորոգման չի ենթարկվել, ոչ մի նոր գույք չի ստացել, հենակետային դպրոցի պատկերը պարզ կլինի։

Ֆիզիկապես ու բարոյապես մաշված, նույնիսկ օգտագործման համար ոչ պիտանի աշակերտական սեղան-նստարանները շաբաթը մեկ անգամ վերանորոգվում են կոլեկտիվի ուժերով պահպանված խառատային ու փայտամշակման արհեստանոցներում։

Արագածի լանջին ծվարած Ծաղկահովիտ գյուղի ավելի քան 90 տարեկան դպրոցի արարող ու աշխատասեր մանկավարժական կոլեկտիվն օգնության խիստ կարիք ունի։

ԿԱՌԼԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031