Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԻՍՏԻԱՆ ՊՈՆՍԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հուլիս 20,1999 00:00
senat

Անցած գիշեր, երբ ամբողջ Հայաստանը խոր քնի մեջ էր, Երեւան ժամանեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են սենատորներ՝ պարոնայք Ժակ Ուդեն, Ալեն Գուռնակը եւ տիկին Դանիել Պուղտոն՝ համապատասխանաբար՝ ֆրանս-հայկական, ֆրանս-վրացական եւ ֆրանս-կովկասյան բարեկամության սենատական խմբերի նախագահներ եւ փոխնախագահ։

Հիշեցնենք, որ հայ-ֆրանսիական խորհրդարանական շփումների այս շրջափուլն ունի որոշակի նախապատմություն։ Այս տարվա մարտի վերջին Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հրավերով Փարիզ էր մեկնել բավականին ներկայանալի մի պատվիրակություն, որի կազմում ընդգրկված էին ներկայիս վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանը։

Մեր ԱԺ պատվիրակության հետ մարտի 30-ին ունեցած հանդիպման ժամանակ Քրիստիան Պոնսլեն տեղեկացրել է, որ Ֆրանսիան մտադիր է նախագահ Ժակ Շիրակի հովանու ներքո եւ նախաձեռնությամբ՝ Սենատի նախագահի, կազմակերպել հանդիպում հարավ-կովկասյան 3 պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների սպիկերների միջեւ, որի ժամանակ կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության խնդիրներ։

Ըստ երեւույթին, Ֆրանսիայի Սենատի նախագահի Երեւան- Թբիլիսի-Բաքու երթուղով շրջագայության հիմնական նպատակն այդ հանդիպման նախապատրաստումն է, որն, ամենայն հավանականությամբ, կարող է տեղի ունենալ մեկ տարվա ընթացքում։

Ուշադրություն դարձնենք, որ շրջագայությունը սկսվում է Հայաստանից։ Սա ակնհայտորեն վերաբերմունք է մեր պետության նկատմամբ։ Տվյալ դեպքում, մեր կարծիքով, երեւույթն ունի երկու պատճառ. նախ այն, որ թեպետ Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչեց հայոց ցեղասպանությունը՝ 1998 թվականի մայիսի 29-ին առնված ընդհանուր վճռով, սակայն, մինչեւ օրս էլ հարցը չի ներկայացվել ֆրանսիական Սենատի դատին։ Դժվար է ենթադրել. խնդիրը կդառնա՞, արդյոք, քննարկման առարկա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ Քրիստիան Պոնսլեի զրույցներում, թե՝ ոչ, սակայն, ակնհայտ է, որ ֆրանսիական կողմի վերաբերմունքի մեջ այս հանգամանքը դրսեւորվել է։

Կա նաեւ 2-րդ հանգամանքը՝ Քրիստիան Պոնսլեն եւ Կարեն Դեմիրճյանը նույն սերնդի քաղաքական գործիչներ են, ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ հատկապես վերջինիս խոսնակ դառնալուց հետո եվրոպական մայրաքաղաքների քաղաքական միջավայրի նրա տարեկից անձինք առանձնահատուկ վերաբերմունք են դրսեւորում Հայաստանի նկատմամբ։

Ի դեպ, Քրիստիան Պոնսլեն 71 տարեկան է։ Ավարտել է հեռահաղորդակցության մասնագիտական պետական (ազգային) դպրոցը։

Տարբեր տարիներին պետքարտուղարի պաշտոն է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարության կազմում 1983-1998 թվականներին, 15 տարի շարունակ եղել է Ռեմիրմոնի քաղաքապետը, մինչ այդ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ։ Մինչեւ Սենատի նախագահ ընտրվելը 1986-98 թթ. գլխավորել է Սենատի Ֆինանսների հանձնաժողովը։

Այժմ փոքրիկ տեղեկանք Ֆրանսիայի Սենատի մասին. «Սենատորներն ընտրվում են 9 տարով, ընդ որում՝ Սենատի 1/3-ը նորացվում է երեք տարին մեկ։ Սենատորների կարգավիճակը նույնն է, ինչ որ Ազգային ժողովի պատգամավորներինը, բացի տարիքային ցենզից. պատգամավոր կարելի է ընտրվել 21 տարեկանից սկսած, մինչդեռ սենատոր՝ 35-ից։ Ֆրանսիայում ընդունված է, որ նախկինում նախարարական եւ այլ բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք առաջադրում են իրենց թեկնածությունը՝ փորձելով այսպիսով երկարաձգել քաղաքական կյանքը»։

«Սենատի բյուջեն 1997 թ. կազմել է 1,5 միլիարդ ֆրանկ (մոտ 250 մլն դոլար)»։

Այն էլ ասենք, որ երկրի նախագահի լիազորությունների կատարման անհնարինության պարագայում այդ դերը ստանձնում է Սենատի նախագահը։

Անշուշտ, միամտություն չպետք է ունենալ կարծելու, որ պրն Պոնսլեի այս այցը գործնական նպատակներ չի հետապնդում։ Ասել է թե՝ հնարավորինս պարզել եւ ճշգրտել Ֆրանսիայի դերը հարավկովկասյան կոնֆլիկտների կարգավորման մեջ՝ այդ երկրի իրական ազդեցությունների եւ ներկայության, հեռանկարների առումով՝ այդ թվում եւ՝ ֆինանսատնտեսական հողի վրա։

Մի խոսքով, մեկօրյա այցը խոստանում է բավականին բովանդակալից լինել, քանի որ այդ ընթացքում Սենատի նախագահը հանդիպելու է Ռոբերտ Քոչարյանին, Վարդան Օսկանյանին եւ 2 անգամ էլ Կարեն Դեմիրճյանին։ Ակնկալվում է Քրիստիան Պոնսլեի այցը Փարաջանովի թանգարան, ինչպես նաեւ՝ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան։

Ի դեպ, մեր տեղեկություններով, ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Քրիստիան Պոնսլեն թուրք խորհրդարանականներին ասել է, թե դա առաջին հերթին հենց իրենց է պետք, որպեսզի թուրքերի այս սերունդն ազատվի այդ ծանր բեռից։ Իսկ մարտի 30-ին էլ Սենատի նախագահը հայ խորհրդարանականների առջեւ հայտարարել է. «Մեր սրտերը կողմ են Ցեղասպանության ընդունմանը»։

Մի խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի օրակարգ մտնելը Ֆրանսիայի Սենատում շատ չի կարող ձգձգվել, որովհետեւ, ըստ Սենատի կանոնակարգի, 30 սենատորների ստորագրությունը դրա համար բավական է։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031