Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսքի իրավունք չունեինք, որովհետեւ հիմնադիր չէինք»

Հուլիս 20,1999 00:00
Gexam Bagdasaryan

Ասում է «Ազատ Արցախի» գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը

Արցախում չկա «Մամուլի մասին» ԼՂՀ օրենք, բայց դա ամենեւին չի նշանակում, թե գոյություն չունի մամուլ եւ չեն տպագրվում թերթեր, հանդեսներ։ Այսօր տպագրվում է «Ազատ Արցախ» պաշտոնաթերթը (1500 օրինակով, շաբաթը 3 անգամ), մայրաքաղաքի «Ստեփանակերտ», պաշտպանության բանակի «Մարտիկ» թերթերը։ ԼՂՀ շրջաններն իրենց հերթին ունեն թերթեր. Մարտակերտը իր «Ջրաբերդ» անունով թերթը, Մարտունին՝ «Ամարասը» Ասկերանը՝ «Մոնթեաբերդը», Հադրութը՝ «Դիզակն» ու Շուշին իր «Շուշին»։ Չնայած նաեւ այն պնդումներին, թե Ղարաբաղում խոսքի ազատությունը չի հարգվում։

Երեւանյան լուրերի համաձայն, ԼՂՀ «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի ազատման հարցն առաջ քաշվեց այն ժամանակ, երբ տպագրվեց «Բանդիտական Ղրիմ» գրքից մի հատված։ Խմբագրի ազատման հարցն առաջ էր քաշել կառավարությունը։ Սակայն գտնվելով Արցախում, ինձ համար պարզեցի, որ կառավարությունը եւ ԱԺ-ն համահիմնադիրներ են թերթին։ Ընդ որում, գործադիր-օրենսդիր իրավասություններով օժտված մարմինների միջեւ ցանկացած «բախման» արդյունքում տուժողը թերթն է լինելու։

– Պարոն Բաղդասարյան, հնարավո՞ր է հակասությունների արդյունքում տուժի թերթը եւ ինչպե՞ս է «Մամուլի մասին» օրենքը կարգավորում այս հարցը։

– Ես գտնում եմ, որ այնքան էլ նորմալ վիճակ չէ երկու հիմնադիրների առկայությունը։ Մի փոքր պատմական էքսկուրս. ես մի անգամ էլ եմ եղել խմբագիր՝ 1994-95 թվականներին, այն ժամանակ թերթը միայն ԱԺ պաշտոնաթերթն էր եւ խմբագրակազմն էր հիմնադիրը, բնականոն էին հարաբերությունները։ 1994-ին կառավարությունը ցանկանում էր դառնալ հիմնադիրներից մեկը եւ թերթն առաջարկությամբ հանդես գա։ Ինձնից հետո հիմնադիրներ դարձան կառավարությունն ու ԱԺ-ն, թերթի կոլեկտիվն ընդհանրապես դուրս եկավ մեջտեղից, ինչը սխալ էր։ Եվ սովորական իրավիճակներում անգամ, եւ հակասական խմորումների դեպքերում պարզվում է, որ կան ներքին հակասություններ։ Կոնկրետ իմ հարցում, երբ կար կառավարության որոշումը եւ համաձայնությունը ինձ աշխատանքից ազատելու մասին եւ նաեւ ԱԺ դիրքորոշումը, որը չհամաձայնեց կառավարության այդ որոշման հետ, փաստորեն ահա, ներքին լարվածությունը ստեղծվեց։ Փաստորեն, ԱԺ-կառավարություն հարաբերությունների մեջ ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել։ Մենք ընդհանրապես խոսքի իրավունք չունեինք, որովհետեւ մենք հիմնադիր չէինք, բնականաբար սպասում էինք, թե ինչպես կվերջանա այս թոհուբոհը։ Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիքի։ Ահա այս կոնֆլիկտից հետո, բոլորը եկան այն համոզման, որ հիմնադիրների հարցում պարզություն պիտի մտցվի եւ որքանով տեղյակ եմ, ԱԺ-ն պատրաստվում է հերթական նիստում օրակարգ մտցնել այդ հարցը։

Շատ ճիշտ կլիներ։ Հուսով եմ, որ նստաշրջանում կընդունվի այդ որոշումը։ Մենք էլ առաջարկելու ենք, որ թերթի կոլեկտիվը լինի որպես երկրորդ հիմնադիր։ Սա իրավիճակից դուրս գալու լավագույն ելքն է։ Իսկ կառավարությունն էլ, հուսով եմ, որ ըմբռնումով կմոտենա այդ հանգամանքին։

– Իսկ չի՞ ոտնահարվի փաստացի հիմնադրի իրավունքները եւս…

– Այստեղ իրավունքների ոտնահարման հարց չէ։ Իմ եւ խմբագրակազմի կարծիքով լավագույն ելքն է դուրս գալ իրավիճակից։

– «Մամուլի մասին» օրենքն ինչպե՞ս է կարգավորում համահիմնադիրների հարցը։

– «Մամուլի մասին» օրենքն ասում է՝ խմբագրակազմը պետք է պայմանագիր կնքի հիմնադիրների հետ։ Անկեղծորեն ասեմ, որ մենք առանց պայմանագրի ենք։

Չկա, փաստորեն, «ԼՂՀ մամուլի մասին» օրենք։ Այսինքն, երկիմաստ վիճակ է, որովհետեւ ԱԺ-ն ընդունել է «ԶԼՄ մասին» օրենքը, փաստորեն անցել է 2 ամիս, բայց նախագահը չի ստորագրում։ Չգիտեմ, ինչպիսին կլինի այդ օրենքի ճակատագիրը, բայց դա վաղուց սպասված օրենք է։ Չգիտեմ էլ, երբ կստորագրվի այդ օրենքը։ Կարծում եմ, կհաջողվի ինչ-որ բան անել, եթե ընդունվի խմբագրակազմերի շահերը պաշտպանող օրենք։

– Ընդունենք այսպիսի իրավիճակ. կառավարությունն այնքան հզոր է, որ դառնում է միանձնյա հիմնադիր։ Մանավանդ ԼՂՀ ԱԺ-ն իր լիազորություններն ավարտելու փուլում է։

– Դա աբսուրդ կլիներ։ Սխալ, մանավանդ որ, համոզված եմ, ԱԺ-ն դժվար թե համաձայնվի նման տարբերակի, անկախ նրանից լիազորությունները ե՞րբ են ավարտվում։ Ցանկալի կլինի, որ այդպես չլինի։

– Երբ մենք զրուցում ենք, դուք արձակուրդում եք։ Հարկադի՞ր արձակուրդ է…

– Եթե մի քանի օր առաջ լիներ Ձեր հարցը՝ ես կպատասխանեի։ Պարզապես… արձակուրդում եմ:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031