Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿԱՆՔՆԵՐ ՈՒ ԲԱՆԱԼԻՆԵՐ

Օգոստոս 06,1999 00:00
koxpeq

Չէ, աշխարհում, իսկապես, հավասարություն չկա. հարցերն ավելի շատ են, քան՝ պատասխանները, հիմարությունը գերակշռում է խելամտությանը, մահացածները՝ ապրողներին: Ու այդպես շարունակ…

Ու երեւի թե միայն փականքների ու բանալիների թիվն է հավասար: Քանզի, անհավասարությունն այստեղ ուղղակի անիմաստ է: ՈՒ՞մ է պետք, ասենք, չբացվող փականքը: Կամ էլ՝ չեղած փականքի բանալին: Առաջին դեպքում դուռ դնելն իսկ անհեթեթ է՝ ավելի ճիշտ է պատ շարել, երկրորդն էլ՝ ընդհանրապես չի կարող սարքվել: Ու, չնայած ոչ մի փականք մյուսին նման չէ, սակայն, յուրաքանչյուրը, միեւնույն է՝ իր բանալին ունի: Գտնել է պետք: Կամ էլ՝ սարքել:

Ու չկա չբացվող փականք: Չգտնված կամ չսարքված բանալի կա միայն:

…Որ աշխարհի համար մենք եղած-չեղած մի հաշիվ ենք՝ փականք է: Որ աշխարհիս հզորները մեզ բանի տեղ չեն դնում՝ նույնպես: Որ ժողովուրդը գոնե այսօր իշխանություններին չի հավատում ու չի վստահում՝ էլի: Որ բարոյահոգեբանական ու բարոյաքաղաքական գաղջ մթնոլորտ է՝ էդ էլ է փականք: Ու սրա արդեն. «…Մեղքը նաեւ մերն է, որովհետեւ ոչնչություններին ու ձրիակերներին մեզ ճնշելու իրավունք ենք տվել: Մենք նրանց նայել ենք վերեւից, մենք անտարբերության ճահիճն ենք մտել, իսկ նրանք ուժ են հավաքել, մոռանալով իրենց ով լինելը: Բայց մենք չէինք արթնանա, եթե նրանք մի քիչ խելացի լինեին»,- կասեր Մեշա Սելիմովիչը: Իսկ այն, որ նրանք խելացի չեն եղել, ու մենք դրա շնորհիվ թեկուզ արթնացել ենք, բայց ոչ մի քայլ էլ դրա դեմ չենք ձեռնարկում՝ էդ էլ նույն դռան երկրորդ փականքն է: Կարող է՝ եւ ավելի բարդ:

Այն, որ գաղափարը, խոսքը, միտքը չի արժեւորվում՝ փականք է: Ու էդպես էլի ու էլի. փականք, փականք, փականք… Եվ պետք չէ այս ամենի համար պատճառներ փնտրել: Հոգեկան հիվանդ հանցագործները քիչ են: Իսկ բացի նրանցից յուրաքանչյուր հանցագործ էլ, սկսած ու վերջացրած մարդասպանով՝ իր արարքի պատճառներն ունի, սակայն նրանց ոչ ոք չի կարող արդարացնել: Ու նրանցից ոչ մեկին ոչ մի հասարակարգ էլ չի ազատել պատասխանատվությունից:

«Ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում». այս փիլիսոփայական, հայեցակարգային հարցը ամեն անգամ մեզ տալուց չե՞նք մտածել արդյոք, որ նման հարցադրմամբ մենք ինքներս մեզ անգործության եւ միայն անցյալով ապրելու ենք դատապարտում: Որովհետեւ առաջին երկու հարցերին իրապես պատասխանելու համար իմաստություն է պետք: Իսկ իմաստության, վերլուծական ու անաչառ միտք ունենալու դեպքում անպայման անհրաժեշտ է փոխել երրորդ հարցի ձեւակերպումը՝ այն պետք է հնչի գոնե այսպես. «Ուր ՊԵՏՔ Է գնանք»: Ու այդ դեպքում միայն առաջին ու երկրորդ հարցերի ճիշտ պատասխանները իմաստ կունենան՝ միասնաբար նախանշելով այն ճամփան, որով որ ՊԵՏՔ Է գնանք, միով բանիվ՝ «ինչպես»-ը: Ու՝ առանց դժվարություններից խուսափելու կամ երկնչելու, քանզի ինչպես նշել է Բեթհովենը՝ «Մարդու մեծագույն արժանիքը ամենադժնդակ խոչընդոտներն անգամ հաղթահարելու համառությունն է»:

Ու պետք չէ հակառակվել Աստծո կամքին, քանզի Արարիչը ցանկացած առաջընթաց, զարգացում կամ էլ հավելում ենթադրող մարդկային քայլի ընթացք օժտել է հաճույքի, ավարտը՝ բավարարության զգացումով: Ասել է թե՝ ցանկացած նման քայլ Աստվածահաճո է:

Չբացվող փականք չկա: Յուրաքանչյուր փականքի բանալի էլ հնարավոր ու անհրաժեշտ է գտնել:

Ինչով բանալի չէ, ասենք, տարբեր ժողովուրդների ազգային եւ համապատասխան երկրների պետական հոգեբանության լուրջ ու դետալացված ուսումնասիրումը՝ եւ ըստ դրա էլ՝ այնտեղ մեր երկրի ցանկալի եւ արդյունավետ ներկայությունը ապահովելը: Քանի մեծ ու փոքր փականքներ կարող ենք բացել:

Ժողովրդի հավատն ու վստահությունը կարելի է վերականգնել ընդամենը մի քանի պարզ քայլերով: Թեկուզեւ ցուցադրական: Բայց հոգեբանորեն հիմնավորված ու հնարավորին չափ շատերի շահերից բխող:

Ինչու՞ չստեղծել նաեւ բազմաճյուղ, խիստ հագեցած խորհրդատվական կենտրոն, որը ՁՐԻ խորհուրդներ կտա ամեն ինչի մասին՝ գործ սկսելուց մինչեւ՝ որ դեղը որ դեղատնից կարող ես առնել: Առերեւույթ բարեգործություն ես անում բոլորին, բայց ըստ էության ձեռք ես բերում ամենաթանկ բանը՝ հստակ ինֆորմացիա՝ ով՝ ինչով՝ ինչպես՝ երբ եւ ինչու է զբաղվում կամ հետաքրքրվում: Ու ըստ դրա էլ արդեն ոչ թե հայեցողական, այլ իրատես քաղաքականություն ես վարում: Նյութական շահ էլ կարող ես ունենալ:

Ու նաեւ, իհարկե, ճիշտ ու նպատակամետ քարոզչություն է պետք: Տարօրինակ է, չէ, որ շատ պարզ գրած բանով գիտության առանձին ճյուղ է զբաղվում՝ գրականագիտությունը, իսկ շատ ավելի բարդ ու քչերին հասկանալի գործի՝ քաղաքականության պարզաբանումն ու մատչելիության ապահովումը ոչ մեկին չի մտահոգում: Օրինակ, ինչպե՞ս կարող է «Ձիւնն էկել դիզվել, սար ու ձոր բռնել էր»-ը ավելի բարդ ու անհասկանալի լինել (դրա մեկնաբանությունն ու մասսայականացումը բազում գիտության դոկտորներ ու թեկնածուներ է տվել մեր բազմաչարչար մշակույթին), քան, ասենք, հայ-ռուսական մեծ պայմանագիրը կամ կառավարության վարած քաղաքականությունը ֆինանսավարկային բնագավառում կամ էլ «մեկնաբանվողին» առնչվող մշակութային քաղաքականությունը: Ախր ցանկացած կառույցում, ընտանիքից մինչեւ մեծ քաղաքականություն իրենք իրենց՝ առանց հստակ կազմակերպման կարող են ի հայտ գալ ու զարգանալ միայն անհամաձայնությունը, նախանձը, անհանդուրժողականությունը, չարությունը, անձնական հավակնություններն ու դիլետանտությունը:

Չբացվող փականք չկա: Ու ամենափոքր ու ամենապարզագույն բանալին անգամ շատ ավելի հզոր է, քան ամենաբարդ ու ամենամեծ փականքը:

Իսկ, ծայրահեղ դեպքում, երբ հնարամտություն չունենք համապատասխան բանալին գտնելու, կամ էլ խելքներս չի կտրում բանալի սարքել, ուղղակի անհրաժեշտ է կոտրել այդ փականքը: Որովհետեւ փակ դռներ չպետք է լինեն: Որովհետեւ դրանք սահմանափակում են մեր տեսադաշտը: Որովհետեւ դրանք մեկուսացնում են մեզ աշխարհից: Որովհետեւ դրանք մեզ գամում են մեր իսկ կանգնած տեղում: Որովհետեւ դրանք այն թյուր պատրանքն են ստեղծում, թե դրանցից անդին էլ աշխարհ չկա: Որովհետեւ դրանք սպանում են մեր միջի ՄԱՐԴՈՒՆ՝ երազողին, ձգտողին, ստեղծողին: Որովհետեւ…

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031