Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԻ ՀԱՅԵՐԸ ՀԵՏԻՆ ԽԵԼՔՈՎ ՄԻ ՕՐ ԽԵԼՔԻ ԿԳԱՆ»

Նոյեմբեր 10,1999 00:00
edmon avetyan

Առողջական վիճակից ելնելով փիլիսոփա, լեզվաբան Էդմոն Ավետյանը հարկադրված է մեկուսի ապրել արդեն քանի տարի։ Նրան հիշում-այցելում են իր արվեստագետ ընկերները. նրա տան դուռը միշտ բաց է։

Նա համառորեն աշխատում է. անցյալ տարի հրապարակվեց նրա «Վերադարձի օղակ» փիլիսոփայական աշխատությունը, իսկ այժմ նա աշխատում է փիլիսոփայական հոդվածների վրա, որը կոչվում է «Փիլիսոփայություն եւ մետաֆիզիկա»։ Այսօր Էդմոն Ավետյանի 70-ամյակն է։ Չնայած մշակույթի, արվեստի մեջ նրա մեծ ներդրումին, այսօր նրան հիշում են միայն իր մտերիմները։ Ղարաբաղյան շարժման խմբի անդամներից սկսած, շատ-շատերը իշխանավորներից եղել են նրա ուսանողները, ինչպես եւ արվեստաբան Լեւոն Ներսիսյանի ուսանողները։ Էդմոն Ավետյանին, սակայն, անկախ Հայաստանի եւ ոչ մի նախագահի մտքով չանցավ պետական պարգեւատրման արժանացնել։ Սիլվա Կապուտիկյանից սկսած գրեթե բոլորին անխտիր տվեցին, նրանցից շատերը բոլոր իշխանությունների օրոք պարգեւ-շքանշաններ ստացողների առաջին շարքերում են միշտ եղել։

«Ես մոդայից դուրս եմ եկել, ինձ մոռացել են։ Մի ժամանակ մոդայիկ մարդ էի, բայց մոդայիկ լինելու պատճառով ինձ հալածում էին»,- կատակեց Է. Ավետյանը, որը տեսել եւ իր վրա կրել է ստալինյան, բրեժնեւյան ռեժիմների հալածանքները՝ հայտնվելով անգամ Սովետաշենի հոգեբուժարանի բանտային բաժանմունքում։ Է. Ավետյանը որեւէ պարգեւի չի էլ սպասում, բայցեւ չեն էլ առաջարկել իրեն. «Բրեժնեւյան ժամանակներում էլ կար պետական մրցանակ, ինչքան շուն ու գել կար՝ ստանում էր։ Ես դիսիդենտ եմ եղել, ո՞վ դիսիդենտին կառաջարկեր պետական մրցանակ»,- ասում է նա։

Մեր զրույցին ներկա էր Է. Ավետյանի մտերմուհիներից մեկը, որը նրա հոդվածներն է թարգմանում։ Նա հիշեցրեց «Վերադարձի օղակ» գրքից «Ողբ ննջեցելոց» հատվածից մի կտոր, որում հեղինակը գրում է, թե եթե հանգուցյալին իր կյանքի օրոք այնքան ծաղիկներ նվիրեին, որքան դնում են թաղելիս իր վրա կամ թափում գետնին, գուցե թե հանգուցյալի կյանքը մի օրով, մի տարով երկարեր։ Ծաղիկներ են գետնին թափում թաղելիս, երբ որ այդ մարդն այլեւս անզգայացած է եւ պետք չեն իրեն այդ ծաղիկները։ «Հայերին շատ բնորոշ է՝ մարդուն էժան պահել, թանկ թաղելը»,- նկատեց թարգմանչուհին։ Իհարկե, հայերը սիրում են թաղումներ կազմակերպել, իսկ քանի դեռ մարդը ողջ է՝ ոչ ոք չի հիշում։

Էդմոն Ավետյանի հետ զրուցում էինք հոկտեմբերի 27-ի իրադարձություններից, մշակույթից։

– Մեր մշակույթը վերջին 10 տարվա ընթացքում ոչ մի երեւելի գործ չի տվել։ Երգիչներ կան՝ Գեղամ Գրիգորյան, Արաքս Դավթյան, բայց բանաստեղծները վերացել են։ Կա այսպիսի թեւավոր խոսք՝ «Երիտասարդ ազգը նվիրված է պոեզիային. եթե պոեզիան մարում է, նշանակում է՝ ծերանում է ազգը»։

– Բայց հայերի մասին ասում են (եւ այդպես է)՝ ծերացած ազգ։

– Եթե երիտասարդ չեն, ապա գոնե արձակին պիտի դիմեին։ Բայց դե արձակում էլ մենք չենք տվել ոչ մի երեւելի գործ։ Այ հիմա սպասում եմ, որ մեկն ու մեկը կգա, կասի՝ էս գիրքը նոր է հրատարակվել, կարդացել ես, թե չես կարդացել, շուտ կարդա, որ ուրիշներն էլ են հերթագրված կարդալու… Մենք անընդհատ կարդում ենք հին հեղինակներին։

– Ընդհանուր մթնոլո՞րտը բերեց այդ վիճակին։

– Մարդիկ ստեղծեցին այդ մթնոլորտը՝ իրենց չարացած սրտով եւ ուղեղով։

– Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը հայաստանյան տխուր իրադարձությունների շարանի վե՞րջն էր։

– Ազգը պետք է իրադարձություններից դաս քաղի։ Մի օր իշխանությունները, բոլոր այն մարդիկ, որոնք քաղաքական ոլորտում քաշ ունեն, պիտի ճակատներին խփեն, ասեն՝ էս ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս անենք, որ չկրկնվի, տեռորի չդիմենք։

– Հայերը, սակայն, միշտ նայել են անցյալին, պատմությանը։ Դասեր քաղե՞լ են։

– Պատմության մեջ չկա ճշմարտություն։ Պատմությունից դասեր քաղել ոչ մի ազգ չի կարողացել, որովհետեւ ամեն անգամ ասվում է, թե այն ժամանակ ուրիշ կացություն էր, հիմա՝ ուրիշ. եւ արդյունքում կրկնում ենք հին սխալները։ Հայերի մասին միշտ ասել եմ, որ նրանք արտաքին թշնամու դեմ պատրաստ են պայքարելու, բայց իրենց ներսի թշնամիների հետ՝ ոչ։ Քաղաքացիական պատերազմի համար ստեղծված չէ հայ ժողովուրդը, ինչպես ռուս ժողովուրդն է, Կուբայի, Կոլումբիայի ժողովուրդներն են։ Բայց եթե արտաքին թշնամին հարձակվի, գիտեմ, հիմա էլ կարող է շատ ուժեղ հակահարված հասցվի։ Հայերը միշտ ստիպված են եղել պաշտպանվել։ Արդեն բնավորություն է կերտվել։

– Համեմատական եզրեր, կրկնություններ կա՞ն այսօրվա եւ ձեր ապրած նախորդ ժամանակների միջեւ։

– Ստալինի ժամանակ գյուլլելը մոդայիկ չէր, այլ հալածելը, աշխատանքից հեռացնելը, պիտակավորելը, արտասահման արտաքսելն էր մոդայիկ, ինչպես Գինսբուրգի եւ շատերի հետ վարվեցին։ Բանդիտական է դարձել Հայաստանը, եւ Մոսկվայից է գալիս այդ հոսանքը։ Մենք էլ աշխատում ենք Մոսկվայից հետ չմնալ։

– Այսօր մեծ արտագաղթ կա։ Հայրենիքը լքեցին մշակույթի, գիտության նշանավոր մարդիկ, սովորական քաղաքացիները, որոնք ստիպված են կամավոր լքել Հայաստանը։

– Ինչպես ասաց Դանտոնը, հետո կրկնեց Տրոցկին՝ հայրենիքը չի կարելի կոշիկի պադոշի վրա տանել, ոտնատակ անել։ Տրոցկին այնքան տխուր չէր, որ Ստալինն անընդհատ իրեն մեղադրում էր ձախական շեղումի մեջ, որքան, որ պարտադրվեց հայրենիքը լքել։ Նա ասաց, որ հայրենիքից զրկելու ոչ ոք իրավունք չունի։ Լենինի սովորությունն էր չէ՞ դա, 22 թվականին ռուս մտավորականներին, ինչպես Ցվետաեւային եւ այլոց, արտաքսեց, զրկեց հայրենիքից։ Վտարեց, հետո պիտակավորեց բոլորին՝ տրոցկիստներ։

Զրույցի ընթացքում խոսվեց այն հայ արվեստագետների մասին, որոնք ստիպված թողեցին Հայաստանը, այդ թվում՝ Արաքս Մանսուրյանը, Կարեն Սվասյանը… Մի մասն էլ մնաց այստեղ, բայց փակվեց իր տան մեջ, մեկուսացավ բոլորից։

– Կարեն Սվասյանը Հայաստանում չէ, որովհետեւ եթե այստեղ աշխատեր, պիտի մի 10000 դրամ ստանար, իսկ հիմա, այնտեղ ստանում է ամսական առնվազն 1000 $։

Ու վաղուց արդեն մեր հասարակական, քաղաքական ու մշակութային դաշտում մեծ վայելում են գտել ու շարունակում են դափնիներով զարդարվել կեղծ արժեքները։

– Կեղծ արժեքները մեր կյանքում միշտ էլ եղել են։ Ես հիշում եմ Բրեժնեւի հայտարարությունը։ Ասում էր՝ թող որ խանութներում ինչ-որ ապրանքներ չկա, բայց մենք ապրում ենք խաղաղության օրոք եւ ունենք հաց։ Հացի համար էլ Ամերիկային տարեկան 400 տոննա ոսկի էին տալիս։ Եվ ասում էր՝ «Ով հավանում է մեր քաղաքականությունը՝ մենք ողջունում ենք։ Ով սխալվում է՝ մենք նրան ուղղում ենք, իսկ ով մեր դեմ է դուրս գալիս՝ մենք նրան պատժում ենք»։

Զրույցի ընթացքում հիշեցինք ողբերգական դեպքերին հաջորդած նոր նշանակումները.

– Իշխանությունը ժառանգական է դառնում։ Ստալինի օրոք էլ էր այդպես։ Ստալինի անտաղանդ տղան դարձավ Մոսկվայի օդային ուժերի հրամանատար։ Օդ բարձրացրեց ինքնաթիռները՝ մի քանիսը ջարդվեցին օդում…

«Աշխարհը ինչպես եւ լեզուն, անհնար է փոխել, բայց այն փոխվում է, սակայն ոչ այն ուղղությամբ, դեպի որը փորձում են այն փոխել»,- մեր ցաք ու ցրիվ, դադարներով զրույցն ամփոփեմ հենց իր՝ Էդմոն Ավետյանի աֆորիզմներից մեկով։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930