Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՎԵՔ ՄԵԶ ՈՂԲԻ ԱՌԻԹ

Փետրվար 12,2000 00:00
toto

Եվ մենք կվերաթաղենք

«Ինչպես ասում էր իմ երբեմնի ծանոթներից մեկը՝ (արդեն հանգուցյալ)»՝ հայերը մազոխիստ ժողովուրդ են։ Սակայն բոլորս գիտենք, որ պարբերաբար լացուկոծի, սգո տրամադրություններ արհեստականորեն ստեղծելու առիթները դեռեւս մազոխիզմի վկայություն չեն։ Դա ընդամենը հին հայկական սովորություն է։

Իսկ ո՞վ է ասում, թե մեծ զորավարի՝ Անդրանիկի աճյունը Ֆրանսիայից Հայաստան տեղափոխելով եւ երկու օր քաղաքացիական հոգեհանգիստ կազմակերպելով, դարձյալ մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ վշտի ու թաղման տրամադրություններն են իշխելու։ Եվ ոչ էլ աննպատակ ու չպատճառաբանված է բյուջեից տրամադրվելիք մոտ 70 հազար դոլարը, որով կարելի էր այս աղքատիկ պետության հերթական «ճեղքվածքը» փակել։ Արտաշես Գեղամյանը կասեր՝ բյուջեն լա՜ց է լինում դրա համար։ Այս բոլորը ճիշտ ու տրամաբանական է, քանի որ կատարվում է Անդրանիկի ցանկությունը՝ որը, պարզվեց, համընկնում է նաեւ մեր բյուջեի հնարավորություններին։ Հայաստանի պատվավոր այրերի հինգհոգանոց հանձնաժողով է կազմված, որի նախագահը դեռեւս երեկ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանն էր։ Սակայն վարչապետի հրամանագրով վերաթաղման հանձնաժողովի նախագահի բարձր ու վսեմ պաշտոնին է նշանակվել ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը։

Ասում են, մեծ զորավարն ինքն է մահից 3 ժամ առաջ իր երկրորդ տիկնոջը՝ Նվարդին, խնդրել, որ իր մահից հետո իրեն թաղեն Հայաստանում։ «Եթե չհաջողվի էլ աճյունը բերել Հայաստան, գոնե մարմնի մի մասը՝ մատը, սիրտը բերեն»,- «Առավոտին» պարզաբանումներ տվեց Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի խորհրդական Համլետ Գասպարյանը։ Դեռեւս 1990 թվականին՝ ԱԺ փոխխոսնակ Արա Սահակյանը ճամփա ընկավ Փարիզ՝ բերելու մեծ զորավարի աճյունը։ Նկատենք, որ Ֆրանսիայում են բնակվում զորավարի քրոջ՝ Նազելիի երկու թոռները՝ Վարդան Նռանյանն ու Յուղաբեր Քիլիճյանը։ 90-ին նրանք տվել էին իրենց համաձայնությունը՝ Անդրանիկի աճյունը Հայաստան տեղափոխելու համար։ Սակայն Բուլղարիայում ապրող մի տիկին՝ Ալիս Էքմեջյանը, որն Անդրանիկի երկրորդ կնոջ՝ Նվարդի որդեգրած զավակն էր եւ Անդրանիկի հետ որեւէ ազգակցական կապ չուներ (զորավարը վախճանվել է 27 թվականին, ինքը ծնվել է 32-ին), բողոք ներկայացրեց Ֆրանսիայի դատարան։ Բողոքի մոտիվը այն էր, որ ոչ ոք իր համաձայնությունը չի հարցրել՝ աճյունը Հայաստան տեղափոխելու մտադրության մասին։ Դատավարության ժամանակ Ալիս Էքմեջյանը չկարողացավ ձեռք բերել մերձավորագույն ժառանգի իրավունք, սակայն հայկական կողմի իրավաբանական ոչ ճիշտ մոտեցման պատճառով, Անդրանիկի աճյունը Հայաստան բերելու առաջին փորձը տապալվեց։ Արա Սահակյանը ձեռնունայն վերադարձավ հայրենիք։

Համլետ Գասպարյանին, որը շփվում է զորավարի ազգականների հետ, հարցրեցինք՝ զորավարը իր կտակում գրե՞լ է Հայաստանում թաղվելու իր ցանկության մասին եւ որտե՞ղ է այժմ այդ կտակը։ Պրն Գասպարյանն «իր աչքով» տեսել էր Անդրանիկի առաջին կտակը, որը գրված էր նրա մահվանից մոտ 10 տարի առաջ։ Սակայն նորոգված երկրորդ կտակը նա չի տեսել. «Նվարդը Անդրանիկի մահից հետո գնացել է Բուլղարիա։ Անդրանիկի փաստաթղթերը աշխարհով մեկ ցրված են»։

Ճշտեցինք նաեւ, որ մեր վերաթաղողները Հայաստան են բերելու միայն մեծ զորավարի աճյունը։ Իսկ նրա գերեզմանի արձանը կմնա տեղում՝ որպես Ֆրանսիայի հայերի հավաքատեղի։ Ըստ պրն Գասպարյանի՝ ֆրանսահայ համայնքը դեմ չէ աճյունը Հայաստան տեղափոխելուն։ Մեր հարցից՝ «Իսկ նյութական հանգանակություն համայնքը չի՞ պատրաստվում անել՝ օգնելու աճյունը տեղափոխելուն», պարզեցի, թե որքան հարուստ ու շռայլ է մեր կառավարությունը. «Գումարը Հայաստանի կառավարությունն է խոստացել տալ։ Իսկ համայնքի առաջ նման հարց չի էլ բարձրացվել»։ Գումարով մեր կառավարությանն աջակցելու ցանկություն չեն դրսեւորել նաեւ զորավարի քրոջ թոռները, որոնցից տիկին Յուղաբերը վատառողջության պատճառով չի կարողանա մասնակցել վերաթաղման արարողությանը։ Նրան կփոխարինի որդին։

Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա տեր Տիրայր Սահրադյանից փորձեցինք ճշտել, թե Հայ առաքելական եկեղեցին ինչպես է վերաբերվում վերաթաղման ծեսերին, Հայաստանում ով է առաջին վերաթաղվողը եւ այս հարցն այլ կրոններ ինչպես են կարգավորում։ Պարզվեց, որ հանգուցյալին գերեզմանից հանելուց հետո գերեզմանը կնքվում է եւ նրան վերաթաղելուց առաջ հոգեհանգստյան արարողություն է կատարվում։ Վերաթաղվելու «իրավունք» չունի չմկրտված հանգուցյալը։ «Իսկ արդեն թափուր գերեզմանում կարո՞ղ են այլ մարդու թաղել» մեր հարցին՝ տեր Տիրայրը դրական պատասխան տվեց. «Այո՛, իհարկե, եթե փոսը թափուր է»։ Առաջին հայ վերաթաղվողի մասին տեր Տիրայրը ոչինչ չգիտեր, բայց հիշում էր, որ Անիի գրավումից հետո՝ 1045 թվականին, Անիի բոլոր թագավորների դամբարանները տեղափոխվեցին Թալինի շրջան։ «Պարտադի՞ր է հանգուցյալի աճյունի հետ նրա շիրմաքարն էլ տեղափոխել»՝ հետաքրքրվեցինք մենք։ «Այո՛, եթե ձեր ֆինանսական միջոցները բավարարում են»։ Ոչ թե իմ, տեր Տիրայր, այլ մեր պետության բյուջեի։ Ինչեւէ, իսլամական եւ բուդդայական կրոններում վերաթաղման «ինստիտուտը» չի գործում. այնտեղ դիակներն այրվում են եւ ամփոփվում սափորների մեջ կամ ցրվում։

Ըստ վերաթաղման հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանի՝ թաղման արարողության սցենարն արդեն գրված է, եւ այս ամսվա փետրվարի 14-ին, հինգ հոգանոց խումբը նյութապես եւ հոգեբանորեն պատրաստ է Փարիզ մեկնելու։ Դրոյի աճյունի վերաթաղման ծախսերը բյուջեով դեռ հաշվարկված չեն։

Պատշաճ թախիծով՝

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, դեռեւս կան ազգային այլ երեւելիների չբացված կտակներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829