Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԶԱՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Հունիս 03,2000 00:11
Hrant bagratyan

 

Հայաստանում ձեւավորված քաղաքատնտեսական համակարգի հիմնական առանձնահատկությունը գաղափարական ու կազմակերպչական (կուսակցական) բեւեռների բացակայությունն է։ Գործող համակարգը միաբեւեռ է։ Դա նշանակում է, որ Հայաստանում, ըստ էության, քաղաքական դաշտը բացակայում է։ Փորձը ցույց է տալիս, որ միաբեւեռ քաղաքական «դաշտում», երբ իրական տարակարծությունը բացակայում է, վեճի առարկան ոչ թե պետական շինարարության խնդիրներն են, կառույցները, այլ դրանք կրող անձինք։ Այս պայմաններում պետական շինարարության բովանդակությունը անձերի միջեւ պայքարն է։ Պատահական չէ, որ վերջին շրջանում Հայաստանում իշխանափոխության կամ պաշտոնափոխության իրականացման մեխանիզմներից մեկը անձնական հաշվեհարդարն է։
Գործող քաղաքատնտեսական համակարգի մյուս առանձնահատկությունը դրականը գեներացնելու եւ հասարակության պահանջներին այն ծառայեցնելու հնարավորության բացառումն է։ Քաղաքական համակարգը ֆրիգիդ է. «պաշտոնական» ընդդիմության բացակայության պայմաններում մասնավոր տնտեսակարգը գործունեության արդյունավետության բարձրացման կարիքը չունի. մոնոպոլիան քաղաքական համակարգում ենթադրում է մրցակցության բացակայություն տնտեսության մեջ։ Այս պայմաններում հասարակությունում բացառվում է ալտերնատիվ զարգացման հնարավորությունը։ Այլ խոսքերով ասած. հասարակության զարգացման հնարավորությունները սահմանափակ են, զարգացման ռեսուրսային բազան նեղ է։ Դրան հակառակ հասարակության ռեգրեսի եւ դեգրադացիայի հիմքերը լայն են, չափազանց կենսունակ։ Նման հասարակություններում մակերեսային կայունության պահպանումն ընկալվում է իբրեւ մեծագույն նվաճում, իրադրության փոփոխության բացառոււմը դառնում է ինքնանպատակ։
Առկա քաղաքատնտեսական համակարգի մյուս կարեւոր առանձնահատկությունը իշխանության ու սեփականության եւ պետական կառավարման ու տնտեսավարման ֆունկցիաների միաձուլումն է։ Այս պարագայում ոչ թե քաղաքական համակարգն է հարմարեցվում սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, այլ հակառակը. տնտեսությունը ծավալվում է այնքանով, որքանով դա համապատասխանում է քաղաքական վերնախավի պահանջներին։ Անշուշտ, սույն երեւույթը ամբողջովին ուրվագծվեց եւ պաշտոնական գրանցում ստացավ օրվա իշխանությունների կողմից։ Չպետք է մոռանալ, սակայն, որ հիմնախնդիրը մասամբ առկա էր նաեւ նախկինում։ Շուկայական տնտեսության պայմաններում, քանի դեռ հասարակության կառավարման մեխանիզմներում պետությանը վերագրված են տնտեսության անմիջական կառավարման ֆունկցիաներ, պետությունը երբեք էլ հանդես չի գալու չեզոք կառավարողի դերում։ Նման պետության մեջ տեւական առաջադիմությունն անհնարին է։
Հայաստանում ձեւավորված քաղաքատնտեսական համակարգի էական առանձնահատկությունն է հասարակության զարգացման պետքերի համար պետության դերի անմիջական ընդլայնումը, երբ աշխարհում գնալով տիրապետող են դառնում անհատի, առանձին սոցիումների եւ ինքնակառավարման մարմինների դերի էական ընդլայնումը ու պետական կառավարման կենտրոնական մարմինների անմիջական տնտեսական ակտիվության շեշտակի սահմանափակումը։ Հետխորհրդային Հայաստանի 10-ամյա փորձը ցույց է տալիս, որ երբ քաղաքական գործչի կամ կազմակերպության օրվա լոզունգը սոցիալական պոպուլիզմն է, ապա իրականում անխուսափելի է ժողովրդի կենսապայմանների վատացումը։ Ի՞նչու։ Որովհետեւ կենսապայմանների լավացման մասին խոստումը ենթադրում է ռեսուրսների կենտրոնացում պետության ձեռքին, վերջինիս տնտեսական ակտիվության բարձրացում, պետության կողմից տնտեսավարման ֆունկցիաների իրականացում, սեփականության ու իշխանության մերձեցում։ Իսկ այս բոլորի հետեւանքով կառավարման արդյունավետությունն իջնում է։ Ի վերջո տուժում է նույն ժողովուրդը։ Շահում է միայն այն գործիչը, որը չարաշահելով ժողովրդի լավ ապրելու ձգտումը՝ հասցնում է քաղաքական կարիերա անել։ Այդ է պատճառը, որ դեմագոգները, որպես կանոն, հանդիպում են ձախ՝ սոցիալիստական, համայնամետ քաղաքական հոսանքների մեջ։ Օրվա իշխանությունները իրենց պաշտոնական հաստատման գործընթացը սկսել են 1997թ.։ Նրանց պոպուլիզմի գագաթնակետը կարելի է համարել 1998թ. նախագահական եւ 1999թ. պառլամենտական ընտրությունները։ Հանրությանը խոսք էր տրվում. «բարելավել կենսամակարդակը, աշխատեցնել արդյունաբերությունը, թեթեւացնել գյուղացու վիճակը, վարել համաշխարհային ազգին վայել արտաքին քաղաքականություն»։ Սույն սոցիալական, արդյունաբերական, ագրարային եւ ազգայնական պոպուլիզմն ավարտվեց նրանով, որ վերջին 3 տարիներին իրական կենսամակարդակն իջել է 40%¬ով, բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը դադարեցրել է իր գոյությունը, գյուղատնտեսության համախառն արդյունքը 1997թ. սկսյալ անկում է ապրում, քաղաքական ու տնտեսական հարաբերություններն ավանդական գործընկերների (Իրան, Ռուսաստան) հետ գրեթե կազմալուծվել են։
Երկրում առկա քաղաքատնտեսական համակարգի մյուս առանձնահատկությունն այն է, որ այն կիսատ մնացած, թերի քաղաքական, տնտեսական ու սոցիալական ռեֆորմների արդյունք է, երբ հիմնախնդիրը կապված է ոչ թե ռեֆորմների առկայության, այլ դրանց դանդաղ իրականացման, իսկ ի վերջո նաեւ կասեցման ու ետընթացի հետ։ Պետական շինարարության գործընթացի ձախողումը, օրվա իշխանությունների կողմից, մատուցվում է իբրեւ նախկինների գործած սխալ, հանցագործություն եւ այլն։ Նման մոտեցման տրամաբանությունը ոչ միայն եւ ոչ այնքան սեփական անճարակությունն է, այլեւ հասարակության ուշադրությունն իրական հիմնախնդիրներից շեղելը. ի վեջո մարդիկ մի օր հասկանալու են արդեն 3 տարի կիրառվող հայկական ազգային սոցիալիզմի բոլորովին անտեղի լինելը, ցանկանալու են ապրել մի երկրում, որտեղ իշխանությունները չեն կասկածվում քաղաքացիների կյանքի ապահովության նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։ Պետք է ընդունել, որ նախկին իշխանությունները որոշակի առումով պատասխանատու են այսօրվա խայտառակ վիճակի համար։ Սակայն, այդ պատասխանատվությունը կապված է ոչ միայն ու ոչ այնքան օրվա իշխանություններին պետական կառավարման հրապարակ իջեցնելու կամ էլ (ոմանց կողմից) առանձին օրինախախտումներ ու հանցագործություններ կատարելու, այլ հասարակությունն արագ փոփոխելու պատմության մարտահրավերը մինչեւ վերջ չիրականացնելու հետ։ Այսպես, նրանց սխալը ոչ թե թալանելն ու սեփականաշնորհելն է եղել, որպիսի անհեթեթ մակդիրներով նրանց հիշում են ներկաները, այլ այն, որ այդ սեփականաշնորհումը տարիներ տեւեց։ Պատահական չէ, որ եթե վերանում ենք չփաստարկված մեղադրանքներից, էմոցիոնալ արտահայտություններից, ապա տեսնում ենք, որ հասարակությանը հայտնի բոլոր «մեղքերը» իրականում կապված են ներկաների իշխանավարության հետ։ Երբ որ պետության հեղինակության անկման հետ կապված չեն կարողանում ապահովել պահանջվող ծավալների արտաքին վարկավորում, ապա աղմկալից կամպանիա է սկսվում նախկինում «յուրացրած» վարկերի մասին։ Հետաքրքրական է էներգետիկ «չարաշահումների» մասին գործը։ Այս «գործը», թերեւս, ամենից շատն է արտահայտում ներկաների հոգեվիճակը (նրանցից ոմանք կարծում են, դատելով իրենց սեփական գործելակերպից, որ մասշտաբային էներգետիկ չարաշահումները պետք է բնորոշ լինեն ցանկացած իշխանության. այդ թվում նախկիններին)։ Այստեղից էլ Ազգային ժողովի հանձնաժողովի էներգետիկ «չարաշահումների» մասին զառանցանքները։ Սա ծանրագույն պայմաններում 24 ժամ էներգամատակարարումն ապահոված, պատերազմում հաղթանակ տարած կառավարության գնահատականն է այն մարդկանց կողմից, որոնք 1990-1991թթ. գլխավորելով ՀՀ կառավարությունը, մատը մատին չխփեցին վերահաս էներգետիկ խավարը կանխելու, ատոմակայանը վերագործարկելու ուղղությամբ։ Ինչեւէ, էներգետիկ «չարաշահումների» գործն այդքան հեշտ չի ավարտվելու։ Եթե չեն կարողանում նախկինների հետ կապված կոնկրետ հանցագործություններ բացահայտել, ապա պետք է ընկալեն, որ իրենք դրանով իսկ հայտնվել են զրպարտիչի դերում, ինչի համար պատասխանատվություն է սահմանված։ Ժամանակն է դատել դատողներին։
Այս ամենի արդյունքում՝ ներկայումս ներքաղաքական դաշտում, ընդդիմությունը բացակայում է։ Ակնհայտ է, որ իշխանությունները պետական կառավարման խնդիրներն իրականացնում են քաղաքական մենաշնորհի պայմաններում։ Հասարակությունը զրկված է եւ ինչ-որ տեղ էլ ինքն իրեն զրկել է քաղաքական ալտերնատիվ ունենալու հնարավորությունից։ Նախկիններին անընդհատ հայհոյելու, չեղած հանցանքներում մեղադրելու (բացառությամբ այն դեպքերի, երբ նախկինում էլ բացահայտ առճակատում է գնացել որոշակի կոնկրետ հանցագործությունների շուրջ), ատելու, ջարդելու, փշրելու, դատելու (եւ այլն) ստոր հոգեբանությունը նախկիններին սեփական երկրում դրել է վտարանդի վիճակի մեջ, իսկ հասարակությանը զրկել օրինական ընդդիմություն ունենալու հնարավորությունից։ Ավելորդ չէ նշել, որ այդ նախկինները մի իշխանություն են, որն առաջին անգամ վերջին հազարամյակում ապահովեցին հայ ժողովրդի տարածաշրջանում իր հիմնական ախոյան էթնոսի նկատմամբ քաղաքական, տնտեսական ու ռազմական շշմեցուցիչ հաղթանակը։
Այսպիսով, ելնելով վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ ընդդիմության ձեւավորումը Հայաստանում ներքաղաքական զարգացման հիմնական պայմանն է։ Դա է օրվա հրամայականը՝ նկատի ունենալով հասարակության, պետության եւ նույնիսկ իշխանությունների իրական շահերը։ Իշխանություններն իրենք պետք է ձեռնամուխ լինեն «Աջ (ազատական) ուժերի միության» նկատմամբ պետական ԶԼՄ-ներով ծավալված հայհոյանքի դադարեցմանը, «աջ»-երի գործունեության մասին չեզոք տեղեկատվության հաղորդմանը։ Առավել անընդունելի է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից որեւիցե մեկին հանրությանը որպես ընդդիմություն մատուցելը։ Այդ ուժերը իշխանությունների հետ գտնվում են գաղափարական միեւնույն հարթությունում կամ էլ, որպես կանոն, բառիս բուն իմաստով ավելի ձախ են, քան իշխանությունները։ Եվ ուրեմն, իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունքի միայն մի առիթ ունեն. պաշտոնավարման իրավունք ստանալը։
Հայաստանի հանրապետությունում առկա քաղաքատնտեսական համակարգի առանձնահատկություններից բխում են «Աջ (ազատական) ուժերի միության» առջեւ կանգնած հետեւյալ հիմնական խնդիրները.
քաղաքական գործունեություն ծավալել միության ստեղծման հռչակագրում նշված նպատակների իրացման, ազատական գաղափարախոսության տարածման համար,
կարճ ժամանակում ձեւավորվել իբրեւ օրինական ընդդիմություն, նախապատրաստվել առաջիկայում իբրեւ իշխանության հետագա կրող հանդես գալուն, միաժամանակ նվիրվել քաղաքական նոր սերունդ հրապարակ հանելու խնդրի լուծմանը,
քաղաքական գործունեության ծավալման ընթացքում երբեք չդիմել ամբոխավարությանը, պոպուլիզմին, հիշելով, որ այդ միջոցներին դիմած քաղաքական ուժերը, որոնք դրանով իսկ լուծեցին ազատական ուժերին իշխանությունից հեռացնելու խնդիրը, պատժվելու են եւ հայտնվելու քաղաքական դեֆոլտի վիճակում մարդկանց անազնիվ մեթոդներով խաբելու, կարճ ժամկետում երկիրը քաղաքական, սոցիալական ու տնտեսական կատաստրոֆայի հասցնելու համար,
քննադատորեն վերաբերվել իշխանավարման սեփական փորձի նկատմամբ, անողոք գտնվել օրինախախտումներ կատարած նախկին համախոհների նկատմամբ, խոստովանել սեփական սխալները,
չզբաղվել «մերկ» քաղաքական գործունեությամբ, ջրբաժան չանցկացնել տնտեսական, սոցիալական քաղաքականության եւ բուն քաղաքականության մեջ, ազատական լինել բովանդակությամբ, հասկանալ, որ պետությունը պետք է հենվի կառույցների ու ինստիտուտների, այլ ոչ թե անձերի վրա։
Ներկայումս «Ազատության» կուսակցության շրջանակներում ավարտվում են աշխատանքները հանրապետության պետական շինարարության եւ սոցիալ-տնտեսական զարգացման ծավալուն (իր նախադեպը չունեցող) ծրագրի մշակման ուղղությամբ։ Փաստաթղթի նպատակն է. կանխանշել հասարակության զարգացման հիմքերը 21-րդ դարի առաջին քառորդում եւ պետական շինարարության առաջիկա տարիների հիմնական ծրագրային միջոցառումները։ Որպես նախագիծ այն կարող է հրամցվել ազատական ուժերի քննարկմանն արդեն առաջիկա ամիսներին։ Հարկ եմ համարում կանգ առնել նշված ծրագրից մի քանի համառոտ դրվագի վրա։
Շարունակությունը կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930