Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հունիս 03,2000 00:15

1999թ. հոկտեմբերի 27-ին եռօրյա նիստի ավարտին ՀՀ Կառավարություն- Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ հինգ զինված անձինք ներխուժեցին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ մի քանի վայրկյանների ընթացքում կրակահերթով սպանեցին ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին եւ նրա երկու տեղակալներին, չորս ԱԺ եւ կառավարության անդամների: Այնուհետեւ նույն զինված խումբը պատանդ վերցրեց ԱԺ պատգամավորներին եւ դահլիճում ներկա կառավարության գրեթե ողջ անձնակազմը: Այդ դրվագի տեսապատկերը, որը ուղիղ եթերով հեռարձակվեց ՀՀ Ազգային հեռուստատեսությամբ, անմիջապես տարածվեց եւ որպես հրատապ նորություն ցուցադրվեց աշխարհի բոլոր հեռուստաալիքներով: Ապշահար աշխարհին մնում էր միայն գուշակել, թե ինչ էր թաքնված այս ողբերգության հետեւում: Աշխարհով մեկ քաղաքական մեկնաբանները (որոնցից ոմանք վայելում են տարածաշրջանային հարցերով փորձագետի համբավ) ի վիճակի էին միայն անորոշ հղումներ կատարել «երկրում շարունակվող անկայունությանը», որ սկսվել էր 1991թ. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ձեռքբերված անկախությանը եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմին զուգահեռ:

Նման մեկնաբանությունը բնորոշ է Կովկասի մասին համընդհանուր ընկալմանը՝ որպես ընդհարումների եւ քաղաքացիական ընդվզումների տարածաշրջան: Սակայն սակավաթիվ մարդիկ տեղյակ էին, որ 1991թ.-ից մինչեւ այդ ողբերգական իրադարձությունն ընկած ժամանակաշրջանը, ԱՊՀ երկրների շարքում, պետության կայացման, կայուն զարգացման եւ անցումային բարեփոխումների տեսանկյունից, Հայաստանը գրավում էր առաջին տեղերից մեկը: Սա ամենեւին չի նշանակում, որ զարգացման գործընթացը միշտ եղել է հարթ ու խաղաղ: Հայաստանի ազգային անվտանգության առջեւ ծառացած հսկայական սպառնալիքը էապես ազդել է երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների վրա: Մասնավորապես, դրա հետեւանքով անհամամասնորեն աճեց զինվորական վերնախավի եւ ուժային այլ կառույցների ազդեցությունը: Արձանագրվեցին նաեւ այլ լուրջ քաղաքական ճգնաժամեր, ինչպես օրինակ, 1996թ. սեպտեմբերի դեպքերը, երբ քաղաքական ցույցը վերաճեց բռնության, եւ մայրաքաղաքում կարգուկանոնի վերականգնման նպատակով հայտարարվեց երկշաբաթյա ռազմական իրավիճակ: Այնուամենայնիվ, գործադիր իշխանության գործունակությունը եւ համախմբվածությունը, երկրի ներքին իրավիճակի ընդհանուր վերահսկելիությունը, ինչպես նաեւ քաղաքական գործընթացների սահմանադրական օրինականությունը երբեւէ այդչափ չէին վտանգվել, ինչպես 1999թ. հոկտեմբերի 27-ին: Կրակոցները միանգամայն անսպասելի էին նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր քիչ թե շատ տեղյակ էին Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին: Դրանք հանդիսացան լուրջ փորձություն երկրի նորածին ժողովրդավարական ինստիտուտների համար եւ էական ազդեցություն ունեցան քաղաքական իրավիճակի վրա: Փաստորեն, երկրի ներքին քաղաքական գործընթացների ողջ տրամաբանությունը փոխվեց, քանի որ սպանությունների հետեւանքով ստեղծվեց միանգամայն նոր քաղաքական իրականություն, որն արմատապես տարբերվում էր նախորդ ժամանակաշրջանից:
Չափազանց կարեւոր է Հայաստանի ներքին քաղաքական գործընթացները դիտել կասպյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական համատեքստում, քանի որ Հայաստանը կարող է առանցքային դեր խաղալ համաշխարհային տնտեսությունում հետխորհրդային Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի ինտեգրացման գործում: Սույն հետազոտությունը մի փորձ է լրացնելու Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների եւ ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարների վրա դրանց ազդեցության համակարգված վերլուծությունների պակասը:
Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանը. Ավտորիտարիզմի Սքիլայի եւ պարտության Քարիբդայի միջեւ
Հայաստանի ներկա ներքին քաղաքական իրավիճակի ձեւավորման հիմքում ընկած հիմնական քաղաքական գործոնները բխում են ղարաբաղյան չլուծված հակամարտության պատճառով պետության կայացման եւ տնտեսության զարգացման շարունակվող դժվարություններից, Ադրբեջանի հետ 1991-1994թթ. չորսամյա լայնածավալ պատերազմի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից արտաքին աշխարհի հետ Հայաստանի հիմնական հաղորդակցությունների շրջափակման հետեւանքներից:
Այն բանից հետո, երբ 1991թ. համազգային հանրաքվեի ժամանակ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց ԽՍՀՄ-ից անկախանալուն եւ երեք ամիս անց դրան հաջորդեց ԽՍՀՄ-ի փլուզումը, Հայաստանը նորից աշխարհի քարտեզի վրա հայտնվեց՝ որպես անկախ պետություն: Անկախության խնդիրը դարձավ Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) քաղաքական ծրագրի կարեւորագույն հիմնահարցերից մեկը: ՀՀՇ-ն հիմնադրվել էր 1988թ.՝ որպես Հայաստանի եւ Ղարաբաղի միավորման համազգային շարժման ջատագով: Ավելի ուշ ՀՀՇ-ն ընդարձակեց իր ծրագիրը եւ վերածվեց լեհական «Սոլիդարնոստ» միության տիպի շարժման՝ միավորելով երկրի հասարակության տարբեր խավերին կոմունիստական հասարակարգի դեմ՝ հանուն ժողովրդավարության համար պայքարի, շուկայական տնտեսության եւ անկախության հաստատման: Նոր Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներով ընտրված ղեկավարները ձեռնամուխ եղան Հայաստանի նոր պետության կայացման պատվախնդիր ծրագրի իրականացմանը:
Արտաքին քաղաքականության ասպարեզում սա, առաջին հերթին, նշանակում էր աշխարհի տերություններից դեպի որեւէ մեկը միակողմանի կողմնորոշման բացառում (իհարկե, հիմնականում, Ռուսաստանն էր ենթադրվում դրա տակ, երբ սկզբունքը պետք է որոշակիացվեր), որը հեղափոխական գաղափար էր ավանդական հայկական մտածելակերպի համար: Ավելին, Հայաստանի ազգային անվտանգությունը դիտվում էր հարեւան բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման եւ, հատկապես, պատմականորեն թշնամական պետության՝ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման մեջ:
Ներքին կյանքում, ժողովրդավարական պետական գործունակ ինստիտուտների ստեղծումը, Սահմանադրության ընդունումը, սեփականաշնորհումը եւ շուկայական տնտեսության ենթակառուցվածքի ձեւավորումը հռչակվեցին որպես երկրի ազատական-ժողովրդավարական բարեփոխումների առավել կարեւոր բաղադրամասեր: Այս հեռահար նպատակներից շատերը, իհարկե, տարբեր աստիճանի հաջողությամբ, իրագործվեցին: 1991-1996թթ. ընթացքում գյուղատնտեսական հողերի ավելի քան 90%-ը, բոլոր բնակարանները, ինչպես նաեւ փոքր եւ միջին բոլոր ձեռնարկությունները սեփականաշնորհվեցին: Այդ նույն ժամանակահատվածում ապրանքների գներն ազատականացվեցին, եւ ձեւավորվեց շուկայական տնտեսության ենթակառուցվածքը:
1995թ. հանրաքվեի միջոցով ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը հիմնական գծերով նման է Ֆրանսիայի Սահմանադրությանը: Դատաիրավական անկախ համակարգի ձեւավորման եւ իրավական համակարգի արմատական բարեփոխումների գործընթացը սկսվեց նոր Սահմանադրության անցումային դրույթների համաձայն: Ազգային արժույթի ներմուծումից հետո, հաջող ֆիսկալ քաղաքականությունը եւ ֆինանսական կարգավորման նորաստեղծ մեխանիզմները ապահովեցին արժույթի կենսունակությունն ու կայունությունը: Արդյունքում, Հայաստանի ֆինանսական համակարգը, չնայած փոխադարձ տնտեսական սերտ կապերին, զերծ մնաց Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամերի կործանարար հետեւանքներից:
Հայաստանին հաջողվեց նաեւ խուսափել քաղաքացիական պատերազմներից եւ ընդհարումներից, որոնք տեղի ունեցան Ռուսաստանում եւ հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում: Ստեղծվեցին գործունակ ուժային կառույցներ, ներառյալ՝ բանակը, որի մարտունակությունն ապացուցվեց մի շարք ռազմական գործողությունների ժամանակ, ինչպես նաեւ Ներքին գործերի նախարարության համակարգը, որի շնորհիվ Հայաստանը, խորհրդային իրավապահ համակարգի փլուզումից հետո, հանցագործ տարրերով հեղեղված երկրից, վերածվեց գործնականում հանցագործություններից ազատ գոտու:
Այնուամենայնիվ, չնայած այս բոլոր հաջողություններին, շուտով պարզ դարձավ, որ ծրագրի հետագա ամբողջական իրականացումը վերջ ի վերջո կարող է խաթարվել Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանին շրջապատող աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով: Ղարաբաղյան պատերազմը խլեց հսկայական մարդկային եւ ֆինանսական միջոցներ եւ քամեց ու աղքատացրեց Հայաստանը: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պարտադրված հիմնական հաղորդակցությունների շրջափակումը նույնպես խորացրին Հայաստանի տնտեսության անկումը, որի վրա արդեն իսկ բացասաբար էր ազդել ստալինյան վարչահրամայական տնտեսությունից շուկայական տնտեսության անցումը եւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում հին շուկաներից զրկվելը, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի մի շարք ճգնաժամերը: Նախկին Խորհրդային Միության առավել բարգավաճ հանրապետություններից մեկը՝ Հայաստանը, հսկայական արագությամբ գլորվեց աղքատության եւ զանգվածային գործազրկության անդունդը:
Դրա հետեւանքով բնակչությունը աստիճանաբար անվստահությամբ լցվեց իրականացված բարեփոխումների նկատմամբ: Շոկային թերապիան վերածվեց «շոկի առանց թերապիայի»: Սեփականաշնորհումը անարդյունավետ դուրս եկավ, քանի որ դրա հետեւանքով հարյուրավոր ձեռնարկություններ պարապուրդի մատնվեցին: Արդյունքում, ազատականության եւ նույնիսկ անկախության գաղափարները վարկաբեկվեցին:
Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման գաղափարը նույնպես վարկաբեկվեց: Չնայած Հայաստանի դիվանագիտության ակտիվ ջանքերին, Թուրքիայի անընդմեջ փոփոխվող կառավարությունները շարունակաբար մերժում էին առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ տնտեսական համագործակցության վերաբերյալ Հայաստանի առաջարկները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման հարցը կապելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացման հետ:
Պատերազմական շրջանի կարիքները նաեւ հսկայական ճնշում առաջացրին ժողովրդավարական կարգի վրա եւ խոչընդոտեցին արդյունավետ ժողովրդավարական ինստիտուտների կառուցումը: Կոմունիստական հասարակարգից ժառանգած կաշառակերության հսկայական բեռը էլ ավելի ծանրացավ պետական բյուրոկրատական ապարատի նվազագույն կարիքների բավարարման համար անհրաժեշտ միջոցների աղետալի պակասի եւ համապատասխան օրենսդրության բացակայության պատճառով: Արդյունքում, պետական հաստատությունների արդյունավետությունը ավելի շատ հենվում էր առանձին ղեկավարների եւ նախարարների անձնական խարիզմայի, քան քաղաքացիական կառավարման ավանդույթների վրա, ինչը պարարտ հող ստեղծեց չարաշահումների համար:
Օրինակ, տեղի ունեցան չարաշահումներ նորակոչիկների զինակոչի ժամանակ, երբ իրավական դաշտը եւ զորահավաքի կանոնակարգը գտնվում էին սաղմնային վիճակում, ուստի խախտվում էին բազմաթիվ զորակոչիկների կողմից: Պետության կողմից այս հարցի լուծման եղանակի օրինականությունը ավելի քան վիճելի էր. ժամանակ առ ժամանակ զորակոչային տարիքի երիտասարդներին հավաքում էին մարդաշատ վայրերից եւ բերում զորահավաքի կետեր: Պատերազմի ֆինանսավորումը կապված էր հսկայական բարդությունների հետ, եւ ծախսերը հաճախ զգալիորեն գերազանցում էին պետական միջոցները: Այս իրավիճակի շտկման նպատակով ուժային կառույցները ստանձնեցին տնտեսության որոշ ոլորտների վերահսկողությունը, ինչը հանդուրժվեց քաղաքացիական իշխանությունների կողմից, չնայած չարաշահումների եւ յուրացումների ակնհայտ վտանգին: Այնպիսի իրավիճակում, երբ երիտասարդ անկախ պետության ժողովրդավարական ինստիտուտները ի վիճակի չէին նորաստեղծ օրենսդրական դաշտի շրջանակներում բավարարել ազգային անվտանգության հրատապ պահանջները, պահի ռազմական կարիքները ստիպեցին երկրի ղեկավարությանը հատուկ արտոնություններ տալ ուժային կառույցներին:
Այս ամենը անհամաչափորեն մեծացրեց ուժային կառույցների ազդեցությունը, որը քաղաքացիական ղեկավարության համար զգալիորեն բարդացրեց ռազմական ուժի արդյունավետության եւ ժողովրդավարական կառավարման անհրաժեշտությունների միջեւ մանեւրումը: Այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանի վարչակազմին հաջողվեց գտնել ոսկե միջինը հետզհետե խորացող ժողովրդավարական գործընթացների եւ ուժային համակարգի արագ ձեւավորման միջեւ առաջացած կոնֆլիկտում: Ստեղծվեցին ժողովրդավարական հասարակարգի անհրաժեշտ հիմքերը, ընդհանուր առմամբ ապահովվեց ժողովրդավարության հիմնական ինստիտուտների գործունեությունը՝ միեւնույն ժամանակ բավարարելով ազգային անվտանգության պահանջները:

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
(Շարունակելի)

Շարունակությունը կարդացեք այստեղ (մաս 2-րդ),  այստեղ (մաս 3-րդ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930