Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 07,2000 00:00

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ Հունիսի 26-ին ՀՀ փաստաբանների միության անդամ Ժուդեքս Շաքարյանը ներկայացավ ԼՂՀ դատախազություն։ Հունիսի 27-ին, հանդիպելով Սամվել Բաբայանին, ստացավ նրա համաձայնությունը՝ իրականացնելու համար նրա պաշտպանությունը։ Երեկ ԼՂՀ-ից վերադառնալով՝ փաստաբան Ժ. Շաքարյանը իր անդրանիկ հարցազրույցը տվեց «Առավոտին»։ -Երբվանի՞ց եք պաշտոնապես ստանձնել Ս. Բաբայանի պաշտպանությունը։ – Հունիսի 28-ից։ Պատշաճ ձեւով ցույց եմ տվել պայմանագիրը, արտոնագիրը։ – Հրաժարվե՞լ էին Ս. Բաբայանի հարազատները նախկին պաշտպան Ն. Բաղդասարյանից։ – Այսօրվա դրությամբ Ն. Բաղդասարյանից չեն հրաժարվել։ Ն. Բաղդասարյանին վարույթից հեռացնելու կամ ազատելու մասին որոշում չկա, բայց, ըստ էության, նա այլեւս չի մասնակցում, նրա փոխարեն բերել էին մի աղջիկ՝ տեղից։ Մի խոսքով, համաձայնությունը ստանալուց հետո խնդրեցի գործի նյութերն ինձ տրամադրեն, որովհետեւ քննությունն այն փուլում է, որ ավարտվել է գործի նախաքննությունը եւ գործը ներկայացվում է ծանոթանալու մեղադրյալին, նրանց պաշտպաններին, տուժողներին։ – Որքա՞ն է գործի նյութերի ծավալը։ – 15 հատոր է, յուրաքանչյուրը մինչեւ 200 թերթ։ Մյուս մեղադրյալները 5-ն են, որ Սամվելի հետ անցնում են տեռորիստական ակտի մասով, մնացածները՝ տարբեր հոդվածներով, անմիջականորեն այդ գործողությանը չեն մասնակցել։ – Քանի՞ հատորի հետ եք ծանոթացել։ – Ծանոթացել եմ 8 հատորի եւ այդքան էլ դեռ կա։ Ծանոթանում եմ Սամվել Բաբայանի հետ միասին, նայում ենք, գրառումներ կատարում։ Առայժմ Սամվելի հետ առանձին տեսակցություն չեմ ունեցել։ Գործի նյութերին ծանոթանալու ընթացքում, իհարկե, որոշ բաներ ինձ ասում է, այս կամ այն դրվագի կապակցությամբ։ – Քանի՞ անգամ եք Սամվել Բաբայանի հետ հասցրել հանդիպել։ – Երեւի… 5 անգամ։ – Ինչպիսի՞ն էր Սամվելի զգացողությունը, ինչպե՞ս տեսաք նրան։ – Սամվել Բաբայանն արտաքինից ուզում է ցույց տալ եւ ցույց է տալիս, որ լավ է զգում իրեն։ Բայց ես զգում եմ այն փոթորիկը, որ կա նրա հոգեկանի մեջ, որ Արցախի հերոսն այսօր կալանքի տակ է գտնվում եւ Արցախի հերոսի նկատմամբ այդպիսի ոչ մարդկային վերաբերմունք է ցույց տրվել նրան ձերբակալելուց հետո։ Նրա նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն։ Նա մարմնական վնասվածքներ է ստացել։ Գլխին ուռուցքներ են եղել, բժիշկ են հրավիրել։ Ես զարմացա։ Ինչպե՞ս կարող է հերոսի վրա որեւէ մեկի ձեռքը բարձրանալ։ Չէ՞ որ քննություն է տարվում, դեռեւս ոչինչ հայտնի չէ, չգիտենք, թե ինչ ընթացք կստանա այս գործը։ Այդ, այսպես կոչված, հերոսները, երեւի փորձել են իրենց նվիրվածությունը դրանով ցույց տալ այսօրվա իշխանություններին, հատկապես… պրեզիդենտին։ Ես շատ ցավում եմ, որ այսպիսի վիճակ գոյություն ունի այն առումով, որ փաստորեն հանրապետության պրեզիդենտը հանդիսանում է գործով տուժող։ Սկզբնական շրջանում այն ակտիվությունը, որ ցուցաբերել են ՆԳ մարմինները, համապատասխան պաշտոնատար անձինք Սամվել Բաբայանին ձերբակալելու եւ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու ժամանակ, ես դա գնահատում եմ այս գործի նախասկիզբը (վերաբերմունքը գործի նկատմամբ)։ Մտահոգված եմ, թե քրգործն ի՞նչ ընթացք պիտի ստանա դատարանում, երբ հանրապետության պրեզիդենտը հանդես է գալու որպես տուժող։ Ելքը չեմ գտնում։ ԼՂՀ-ն ունի իր իրավապահ մարմինները, դատական ատյանները։ Որպես այդպիսին Հայաստանի կողմից չի ճանաչվել։ Չկա իրավական փոխադարձ օգնության վերաբերյալ պայմանագիր, որ մտածեի, որ որպես առանձնահատուկ գործ տեղափոխվեր Հայաստան։ Ոչ էլ դեկտեմբերի 1-ի մեզ հայտնի որոշումներն են գործում, ինչպես Վ. Խաչատրյանն էր ասում «Արցախի նահանգի վերաբերյալ»։ Տեսեք Հայաստանից կազմակերպած ֆիլմի ցուցադրումը. այն օրենսդրության կոպիտ խախտում էր։ Գործի նախաքննություն է ընթանում եւ ցույց ես տալիս իրեղեն ապացույցներ։ Ծնողները խիստ զայրացած են։ Ասում են՝ թող հանձնաժողով գա, տեսնենք, այդ անասուններն ո՞ւմն են, այդ ավտոպարկն ո՞ւմն է, ավտոմեքենաների մեջ կան նվերներ հայտնի մարդկանցից… ցույց են տալիս զարդեր։ Դրանք այն զարդերն են, որոնք բերել են հենց այն մարդիկ, ովքեր այդ գործը քննում են՝ գործի տերն են։ Էս ի՞նչ չարություն է, վրեժխնդրություն, երբ որ ընդամենը մի քանի ամիս առաջ նրանք պտտվում էին Սամվելի շուրջը, որ նրա ուշադրությանն արժանանային։ – Սամվելը գիտե՞ր ֆիլմի մասին։ – Չէ, ես չեմ ասել։ – Սամվել Բաբայանը ստացե՞լ է մեղադրանքը, ապահովվա՞ծ է քրօրենսգրքով… – Սամվել Բաբայանին ես տարել եմ քրօրենսգիրքն ու քրդատօրենսգիրքը։ Արցախում գործում է Խորհրդային Հայաստանի քրդատօրենսգիրքը։ Քննիչների կողմից այդ առումով խոչընդոտ չի եղել։ – Ի՞նչ հոդվածներով է նա մեղադրվում։ – «Իշխանությունը թուլացնելու նպատակով տեռորիստական ակտ, որի հետեւանքով սպանվել է հասարակական, պետական գործիչը կամ իշխանության ներկայացուցիչը», «Դիտավորյալ սպանություն, տուժողի կողմից իր ծառայողական-հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ», «Երկու կամ ավելի անձանց նկատմամբ» եւ «Առանձին դաժանությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով», հրազեն, պայթուցիկ նյութերը հափշտակելու, ապօրինի զենք պահելու… – Տրվե՞ց նրա կնոջը՝ Իրինային, եւ երեխաներին տեսակցելու հնարավորություն։ – Մինչեւ երեկ դեռ չէր տրվել (ԼՂՀ դատախազի առաջին տեղակալը խոստացել էր մինչեւ ժամը 10-ը տեսակցությունն ապահովել)։ Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել