Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 07,2000 00:00

Մի քանի միլիոն էսկողմ-էնկողմ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի արտասահմանյան ուղեւորություններն այսօր անեկդոտատիպ ասեկոսեների, ժողովրդական բանահյուսության առարկա են դարձել։ Մամուլը ժամանակ առ ժամանակ արձանագրում է, որ վերջինս պաշտոնական եւ ոչ այնքան պաշտոնական այցելություններով մոտիկ եւ հեռավոր արտասահմաններում ավելի հաճախ է լինում, քան հայրենիքում եւ այլն։ Բանն այնտեղ է հասել, որ ԱԺ նախագահի կամ որեւէ խորհրդարանական պատվիրակության այցելության ծախսումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու լրագրողների դիմումը վիրավորական է դարձել ԱԺ նախագահի համար, եւ նա չափազանց հիվանդագին է ընդունում այս օրինական հարցադրումները։ Մինչդեռ Արմեն Խաչատրյանը ԱԺ, թվով, կարծես, վեցերորդ նախագահն է, իսկ մինչ այդ հասարակությունը երբեւէ չի քննարկել խորհրդարանի որեւէ խոսնակի ճանապարհորդությունները, ինչպես Ա.Խաչատրյանի ժամանակ։ Ժամանակին, երբ ԱԺ նախագահ էր Բաբկեն Արարքցյանը, պատվիրակություն կազմելու երկու սկզբունք է եղել։ Մեկ, որ այն պետք է առավել ներկայացուցչական լիներ քաղաքական ուժերի ներկայացվածության իմաստով, եւ երկրորդ՝ ոչ միայն պատվիրակությունը պետք է հնարավորինս փոքրաթիվ լիներ, այլեւ այն նվազագույն ծախսեր պետք է պահանջեր։ Սա, ի դեպ, միջազգային ակտիվ շփումների շրջանն էր, երբ Հայաստանի օրենսդիր մարմինը միայն նոր էր կապեր հաստատում տարբեր երկրների խորհրդարանների եւ միջազգային այլեւայլ կազմակերպությունների հետ։ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Աշոտ Անտինյանը մեր զրույցի ժամանակ հավաստեց, թե Բ.Արարքցյանը իր որեւէ ուղեւորության ժամանակ սահմանափակ թվով պատվիրակություն է ձեւավորել՝ սովորաբար 2-3 հոգի։ Ֆինանսական տնտեսումները մշտապես եղել են հատկապես նախագահին ուղեկցողների թվակազմի հաշվին։ Համեմատաբար ավելի մեծաթիվ է եղել Եվրախորհրդարանի ԽՎ-ի աշխատանքներին մասնակցող պատվիրակության կազմը։ ԱԺ նախկին ղեկավարների եւ Բ.Արարքցյանի զինակիցների պնդմամբ, իրենք միշտ բողոքել են, թե Բ.Արարքցյանը «վանեցիություն» է անում, ինչ, իհարկե, չես ասի պարոն Խաչատրյանի մասին։ Ըստ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար Հայկ Քոթանյանի, այսօր էլ խորհրդարանի խոսնակ Ա.Խաչատրյանն է փորձում ավելորդ ծախսեր չանել։ Սա՝ իբրեւ հայտարարություն։ Բայց, երբ խնդրեցինք հնարավորություն տալ ծանոթանալ Ա.Խաչատրյանի եւ նրա նախորդներից մեկի՝ Բ.Արարքցյանի, կատարած այցելության ծախսերին եւ դրանք համեմատել՝ բացասական պատասխան ստացանք։ Պարոն Քոթանյանն ասաց, թե անցած տարիների հաշվապահության արխիվ չի պահվում։ Բացի այդ, հո մենք՝ լրագրողներս, հարկային տեսուչներ չե՞նք։ Թվեր կամ հաշվապահություն չկար, փոխարենն ակնհայտ է, որ պարոն Խաչատրյանին, ինչպես երեւում է, այնքան էլ չի հաջողվում տնտեսումներ անել։ Ըստ նույն Քոթանյանի, այսօր ԱԺ-ն մոտ 20 մլն դրամ է պարտք միայն ավիակասսաներին։ Սա ԱԺ կուտակած այլեւայլ ծառայությունների դիմաց պարտքերի միայն չնչին հատվածն է։ Ըստ պարոն Քոթանյանի, այս գումարը ներառում է նախկին տարիներին խորհրդարանի ղեկավարության կուտակած պարտքը։ Խորհրդարանի նախկին ղեկավարները սակայն պնդում են, որ իրենց օրոք կոնկրետ ավիակասսաներին պարտքեր չեն եղել։ Իսկ ընդհանրապես, գործուղման եւ ծառայողական ուղեւորությունների համար հատկացումը 99թ. պետբյուջեով թեեւ նախատեսված է եղել 139,5 մլն դրամ, բայց տրվել է միայն 129 մլն դրամը։ 2000 թվականի պետբյուջեով նույն տողում հատկացված է 435,8 մլն դրամ։ Թե որքանն է ծախսվել՝ հույժ գաղտնի է պահվում։ Ի տարբերություն Արմեն Խաչատրյանի, ժամանակին նույն նախկին իշխանությունների ներկայացուցիչ Բաբկեն Արարքցյանի համար ինքնաթիռում տեղ էր պատվիրվում ոչ թե առաջին կամ բիզնես, այլ «էկոնոմ» կարգի սալոնում, որը նույնն է, թե սովորական ուղեւորներինը։ Եվ քանի որ խոսքը ԱԺ նախագահի ծախսումների մասին է, հիշենք նաեւ ԱԺ նախագահի ֆոնդի գոյության մասին։ Ե՛վ նախկինում, ե՛ւ այսօր նախագահական կոչվող հիմնադրամից հատկացումներ են արվել տարբեր նպատակներով։ Սրանց մեջ գերակշիռ մաս է կազմել սոցիալապես անապահով խավերին ցույց տրվող օգնության հատվածը։ Ըստ պարոն Անտինյանի, Բ.Արարքցյանի պաշտոնավարության շրջանում այս ֆոնդի չօգտագործված գումարները որպես կանոն տարեվերջին վերադարձվել են պետբյուջե։ Ըստ պարոն Քոթանյանի, այս տարի ԱԺ նախագահի ֆոնդին հատկացված է եղել 25 մլն դրամ, որից 21-ն արդեն օգտագործվել է եւ, դժվար թե, տարեվերջին տակն ինչ-որ բան մնա։ Իհարկե, երբ թերթեցինք 2000թ. պետբյուջեն, պարզվեց, որ ԱԺ նախագահի ֆոնդի գումարը ոչ թե 25, այլ 150 մլն դրամ է կազմում։ Մի խոսքով, դժվար է ասել, նախկի՞ն, թե՞ ներկա իշխանություններն են լավը։ Փաստ է միայն, որ ԱԺ նախկին եւ ներկա ղեկավարների «վանեցիության» կամ շռայլության համեմատականները հոգուտ ներկաների չեն։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել