Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 26,2000 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ, ՀՅՈՒՐԵՐԸ՝ «ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ» ԵԱՀԿ գործող նախագահ Բենիտա Վալդների՝ Բաքու եւ Երեւան կատարած այցն ու դրան հետեւած հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ, նոր հարցականներ են ծնում։ Դրանք չեն կարող մտահոգիչ չլինել, եթե ոչ ՀՀ նախագահի, ապա գոնե շարքային հայաստանցիների համար։ Բանն այն է, որ անցյալ շաբաթ Բաքվում տիկին Վալդները հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայեթ Գուլիեւի հետ եւ վերջինիս հետ զրույցում կարեւորել է հատկապես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի միջեւ բանակցությունների շարունակումը։ Նա նշել է նաեւ, թե ղարաբաղյան խնդրի կարգավորումը դյուրին գործ չէ եւ երկուստեք փոխզիջումներ է պահանջում։ Սա նշանակում է, որ Ռ.Քոչարյան-Հ.Ալիեւ «tet a tet» հանդիպումները հասել են իրենց նպատակին եւ այսօր արդեն միջազգային հանրությունն ու ղարաբաղյան կնճռի կարգավորման հարցում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ-ն, ղարաբաղյան հիմնախնդիրը դիտում են այլեւս ոչ թե Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ հակամարտության համատեքստում, այլ Ադրբեջան-Հայաստան տարածքային վեճի լույսի ներքո, որն անկանխատեսելի վատ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Մի բան, որից նախկին իշխանություններին գոնե հաջողվել էր ձեռնպահ մնալ։ «Այսօր ստեղծված իրավիճակը դիվանագիտական եւ քաղաքական լեզվով նշանակում է, որ ԼՂՀ-ն բանակցություններում կորցրել է ծանրագույն ջանքերի շնորհիվ ձեռքբերած իր երբեմնի՝ բանակցությունների կողմ լինելու կարգավիճակը եւ վերածվել է Քոչարյան-Ալիեւ բանակցությունների օբյեկտի՝ սպասելով, թե իր ճակատագիրն ինչպես կորոշվի, մինչդեռ այս դեպքում որեւէ երկկողմ պայմանավորվածություն չի կարող կյանքի կոչվել՝ առանց Ղարաբաղի շահերը հաշվի առնելու։ Իսկ Ղարաբաղի հիմնախնդիրը ազգի ինքնորոշման իրավունքի հարթությունից տեղափոխվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի, ինչը հնարավոր է դարձնում միջազգային հանրության կողմից Հայաստանի դեմ սանկցիաների կիրառումը»,- մեր զրույցի ժամանակ նշեց «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը։ Պարոն Շահնազարյանի այս հայտարարությանը հավելենք նաեւ այն, որ մեր իշխանությունների այս անհեռատես արտաքին քաղաքականության արդյունքն է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ փոխզիջումներն ակնկալվում են ոչ թե Ղարաբաղից, այլ Հայաստանից։ Իսկ Հայաստանն այս պարագայում փոխադարձաբար զիջելու մի բան կարող է ունենալ՝ Հայաստանի տարածքի մի մասը։ Բացի այս, անցյալ շաբաթ Երեւան ժամանած ԵԱՀԿ նախագահ տիկին Վալդները լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, ի տարբերություն հայաստանյան իշխանությունների, որոնք երբեւէ չեն մանրամասնում ԼՂՀ-ի շուրջ ընթացող բանակցությունները, նշել է, թե Քոչարյանն ու Ալիեւն իրենց հանդիպումների ժամանակ քննարկում են ոչ թե հարցի կարգավորման տարբեր ծրագրեր, այլ կոնկրետ ծրագրի առանձին դրույթներ։ Տիկնոջ այս թափանցիկ ակնարկը, ըստ ամենայնի, վերաբերում է Մեղրիին, քանի որ որեւէ այլ առաջարկություն միաժամանակ ընդունելի չէ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Ուրեմն այդ ի՞նչ փոխզիջումային առաջարկ է հայտնվել, որի շուրջ ծածուկ բանակցություններ են ընթանում Ռ.Քոչարյանի եւ Հ.Ալիեւի միջեւ եւ որի շուրջ մանրամասներ են ճշտում երկու երկրների նախագահները։ Տեղին է հիշեցնել, որ արտասահմանյան մամուլը բազմիցս է անդրադարձել նախ տարածքային փոխանակման, ապա նաեւ Մեղրին անվտանգության գոտի դարձնելու խնդրին։ Մասնավորապես հուլիսի 18-ին Ռոյթըր գործակալությունը, մանրամասնելով Հայաստանին եւ Ադրբեջանին արված այս առաջարկը, նշում է, որ դրա ընդունման արդյունքում Հայաստանը միջանցք կունենա Ղարաբաղի հետ եւ, որի փոխարեն նմանատիպ միջանցքով կկապվեն նաեւ Ադրբեջանն ու Նախիջեւանը, որն, ի դեպ, Ադրբեջանի մաս կազմելով հանդերձ ընկած է Հայաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ։ Արդեն մի քանի ամիս է, ինչ Ռ.Քոչարյանին ընդդիմադիր փոքրաթիվ կուսակցությունները ուշադրություն են հրավիրում այս խնդրի վրա։ «Հայաստանի իշխանությունները փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը միջազգային հարթությունից տեղափոխել Քոչարյան-Ալիեւ անձնական հանդիպումների մակարդակ, ինչն իրեն վաղուց արդեն սպառել է եւ որտեղ խոսք է գնում Հայաստանի տարածքների հաշվին «փոխզիջումների» մասին։ Այսպիսով վերակենդանացվում է ամերիկյան քաղաքագետ Պ.Գոբլի՝ 90-ականների սկզբներին առաջարկած փոխզիջումների այն ծրագիրը, որը հանգում է տարածքների փոխանակման գաղափարին։ Ընդ որում, այս դեպքում Հայաստանը կորցնում է Իրանի հետ իր սահմանը»,- ասաց Դ.Շահնազարյանը։ Այն, որ իշխանական պալատներից ժամանակ առ ժամանակ հերքվում են տարածքների փոխանակման մասին խոսակցությունները, այլեւս չեն կարող փարատել այս հարցում առկա կասկածները։ Մինչեւ հիմա ոմանք հույսեր էին փայփայում, թե այս ծրագրին դեմ կլինի նաեւ Ռուսաստանը, որ տարածաշրջանում որոշակի շահեր ունի։ Երեկ մեզ հաջողվեց ստանալ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ասել է թե, Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ տարածքների փոխանակման կամ Մեղրին անվտանգության գոտու վերածելու շուրջ՝ «Ինչպես հայտնի է, Ռուսաստանի ղեկավարությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման օգտին, միաժամանակ հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերի բավարարումը»։ Այս լակոնիկ եւ խիստ դիվանագիտական հայտարարությունը հուշում է, որ նախեւառաջ Հայաստանն ինքը պետք է շահագրգիռ մոտեցում ցուցաբերի իր տարածքային ամբողջականության ու լիակատար ինքնիշխանության պահպանման եւ ամրապնդման համար։ Միաժամանակ, երբ կարեւորվում է Հայաստանի դերը Ղարաբաղի անվտանգության ապահովման առումով, դեռեւս չի նշանակում, թե Հայաստանը պետք է ղարաբաղյան հակամարտության լուծման միջնորդից վերածվի հակամարտության կողմի, ինչը հղի է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ղարաբաղին սպառնացող լրջագույն վտանգներով։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել