Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 02,2000 00:00

«ԱՐՇԱԿ II»-Ի ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանն «Առավոտին» ներկայացրեց մի իրողություն, որ Միացյալ Նահանգների հայ մտավորականության շրջանում բավական հուզումների տեղիք է տվել։ -Սան Ֆրանցիսկոյում բնակվող հայ ջութակահար Ժիրայր Սվասլյանը, որն ավարտել է Երեւանի կոնսերվատորիան եւ երկար տարիներ աշխատում է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում, մոտ երկու տարի առաջ առաջարկեց Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ բեմադրել «Արշակ II» օպերան։ Հավաքվեց մեծ գումար, որը տրամադրեցին հայերը (1 մլն-ից ավելի)։ Գումարը հավաքելուց հետո պրոդյուսեր, ազգությամբ Իրանի ադրբեջանցի Մանսուրին խաղաց մի հետաքրքիր խաղ. չէր խոսում, թե որ տարբերակը պիտի բեմադրվի, եւ մեր մտքով էլ չէր անցնում, թե Մանսուրին գիտի, որ «Արշակ II» օպերան ունի երկու տարբերակ։ Առաջին տարբերակը կոչվում է իտալական, կլավիրը հեղինակել է Թերզյանը։ Այն գրվել է Օսմանյան Թուրքիայի կայսրության տիրապետության շրջանում, եւ ուզած-չուզած ունեցել է պրոթուրքական ուղղվածություն, հակառակ դեպքում չէր գրվի։ Արշակը ներկայանում է որպես հայրասպան, Փառանձեմը՝ որպես Օլիմպիային թունավորող, եւ ներկայացման ավարտին Արշակ Երկրորդը խաչվում է որպես հայրենադավ ու հայրասպան։ Խաչվելուց հետո նրան բեմից հանում են քարշ տալով, շղթայված, եւ վերջում Ներսես կաթողիկոսը բեմ է մտնում եւ անիծում Արշակունյաց ցեղը, Արշակին, նզովում է հայերին, որ ունենք այդպիսի թագավոր։ Թերզյանն այս տարբերակը գրել է, անշուշտ, Օսմանյան կայսրության ճնշմամբ։ 30-ականներին՝ մաեստրոյի մահից հետո, նրա կինը Փարիզում սովետական դեսպանատանը գործը նվիրում է Հայաստանի ներկայացուցչին եւ ասում, որ օպերան պետք է լինի հայրենասիրական, դա մաեստրոյի երազանքն էր, եւ իրենք թույլ են տալիս ստեղծել նոր կլավիր՝ ներառելով հայրենասիրական ոգով տոգորված այն կտորները, որոնք թուրքական տարբերակում չկան։ 43 թ. սկսվում է աշխատանքը Երեւանի օպերային թատրոնում, հայ մեծ դիրիժոր Թավրիզյանի գլխավորությամբ։ Մասնակցում են կոմպոզիտոր Խոջա Էյնաթովը՝ Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Շահվերդյանը՝ երաժշտագետ։ Նրանք գրում են նոր կլավիր, որը 1945 թ. բեմադրվում է Երեւանի օպերային թատրոնում, եւ այսպես սկսում են ճանաչել «Արշակ II» օպերան։ Մանսուրին, օգտվելով այսօրվա քաղաքական իրավիճակից, որ Հայաստանն ուզում են ներկայացնել որպես տեռորիստական երկիր, փորձում է մեր պատմությունը տանել դեպի տեռորիզմ, Արշակունյաց պետության ակունքներում հայերիս դիտելով իբրեւ հայրենադավ եւ տեռորիստ ազգ։ Սրանով իսկ հարվածի տակ դնելով մեր բարոյականությունը, մեր հայրենասիրությունը։ Ինչպե՞ս ընկալել, որ 1700-ամյակին նվիրված օպերան լինի հակահայկական։ Մանսուրիին միանում են Փարիզից Ժիրայր Փափազյանը (ռեժիսոր), ոմն Հայկ Ավագյան, որն ընդամենը երկու տարի է, ինչ սովորում է կոնսերվատորիայում, եւ նրանք փորձում են գրել նոր կլավիր, վերականգնելով ջնջված տեղերը, եւ նոր երաժշտությունը պատվիրում են գրել բոլորիս քաջ ծանոթ փախստական դիրիժորին՝ Լորիս Ճգնավորյանին։ Այդ մարդիկ պատմականորեն չիմանալով Արշակունյաց պատմությունը, այդ օպերայի պատմությունը, փորձում են բեմադրել մի գործ, որտեղ, ըստ իրենց, կարեւոր էլ չէ՝ Արշակը հայրենասե՞ր է, թե՞ ոչ։ Մանսուրին եւ Փափազյանը մեղադրում են, թե օպերան սովետական շրջանում է գրվել, ուստի, պրոսովետական է։ Սա ծիծաղելի է. ինչպե՞ս կարող է «Արշակ II» օպերան լինել պրոսովետական։ Ուրեմն՝ այդ ժամանակ Հայաստանում բեմադրված «Կարմենն» ու «Տրավիատան» է՞լ կարող են լինել պրոսովետական։ Հիշենք՝ «Արշակ II»-ում բեմ է դուրս գալիս կաթողիկոսը, մինչդեռ գիտենք, Սովետական Միությունում կրոնն առհասարակ հալածված էր։ Ուրեմն՝ խոսել պրոսովետական լինելու մասին՝ առնվազն անհեթեթություն է։ Կա սովետական օպերա, եւ կա դասական օպերա։ Չուխաջյանի օպերան համաշխարհային դասական օպերա է, մեր օպերայի առաջնեկը, եւ խեղաթյուրել՝ այն էլ՝ ադրբեջանցու ձեռքով, լկտիություն է։ ՀՀ կառավարությունը, մշակույթի նախարարությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է անմիջապես իրենց վերաբերմունքը ցույց տան։ Ճիշտ է, դա արվում է մասնավոր։ Մենք դիմում ենք այն պարոններին ու տիկնանց, ովքեր դրամ են տվել օպերան բեմադրելու համար. Լոս Անջելեսի հայեր են, ասում են, որ այդ գումարներն իրենց հարկերից են տվել, եւ իրենց համար մեկ է, հիմա հետ չեն կարող վերցնել։ Փաստորեն, իրենց անձնական հաշիվը վեր են դասում հայրենասիրությունից։ Մենք այնտեղ խումբ ունենք, որի մեջ մտնում են Լուսին Ամարան՝ հանճարեղ երգչուհի, Լիլիթ Չուքասզյանը, Ալիսիա Կիրակոսյանը, Էլլադա Չախոյանը, Էլվիրա Ուզունյանը, Հայաստանից՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, ես՝ ձեր խոնարհ ծառան։ Մենք կարողացանք բողոք ներկայացնել։ Տեղի իրավաբաններն ասացին, որ սա մասնավոր է, նա ինչ ուզի՝ կբեմադրի։ Սան Ֆրանցիսկոյի թատրոնի պրոդյուսերական կազմը, ղեկավարությունը գտնում են, որ մենք ճիշտ ենք, մենք իրավունք ունենք պահանջելու, բայց ասելով, որ դա մասնավոր է արվում՝ կարող է հետեւյալ լուծումը գտնել. կամ դրամը հետ վերցնել, կամ էլ հասնել այն բանին, որ պետությունը վետո դնի, թույլ չտա, որ բեմադրվի հակահայկական օպերա։ Ստացվում է, որ իրենք ուզում են մեզ լավություն անել՝ բեմադրել 1700-ամյակին նվիրված այդ օպերան, բայց դա հակահայկական ակտ է։ Հետաքրքիր է մեկ ուրիշ հարց։ Մանսուրին ձգտում էր այդ առաջին կլավիրը, որը կոչվում է իտալական, ամեն կերպ ձեռք բերել։ Այն գտնվում էր միայն Հայաստանի Արվեստի ինստիտուտում։ Հարց է ծագում. ո՞վ է այն մարդը, որը հանեց Արվեստի ինստիտուտից այդ կլավիրը եւ տվեց Մանսուրիին։ Մենք, ուրեմն, այստեղ էլ ունենք մարդիկ, որոնք անմիջապես օգնում են այն սեւ ուժերին, որոնք փորձում են Հայաստանը, հայ պատմությունը, հայ երաժշտությունը խայտառակել աշխարհով մեկ։ Այս պատմության առնչությամբ, կարծում եմ, իրենց խոսքը պիտի ասեն վերը նշված ղեկավարությունը եւ կաթողիկոսը, որ 2001 թ. սեպտեմբերին այդ պրեմիերան Սան Ֆրանցիսկոյում չկայանա։ Կայանալու դեպքում մենք ամեն ինչ կանենք, որ խանգարենք պրեմիերան։ Մեքենաներով կգնանք եւ ամեն ինչ կանենք, որ խանգարենք։ Ա. Ի. Հ. Գ. Ռուդիկ Հովսեփյանի հետ զրուցեցինք նաեւ Լոս Անջելեսի հայ համայնքի կուսակցական կյանքի, ամերիկահայ մամուլի եւ այլ հարցերի շուրջ։ Զրույցի այդ՝ քաղաքական հատվածը, կներկայացնենք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել