Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 15,2000 00:00

ՍԻՄ-Ը ԿԶՍՊԻ՞ ԻՐ ԱԽՈՐԺԱԿԸ Խորհրդարանական երեկվա ճեպազրույցներից ամենաուշագրավը «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությանն էր, որին չէին մասնակցում միայն ՍԻՄ-ի ներկայացուցիչները։ Բոլոր կանխատեսումներին հակառակ՝ խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը խաչ չէր քաշել ՀԺԿ-ի հետ հնարավոր համագործակցության վրա. «Ասել, որ այդ բանակցությունները ձախողվել են կամ հաջողությամբ են պսակվել, բնականաբար, վաղ է, որովհետեւ հարցերը չվերացան, չէ՞, կուսակցությունների մոտեցումներն այդ հարցերի հանդեպ չփոխվեցին, չէ՞։ Ուստի կա համագործակցության մեծագույն ոլորտ»։ Նկատի ուներ այն խնդիրները, որոնց վերաբերյալ Ստեփան Դեմիրճյանի հետ դիրքորոշումների ընդհանրություններ էին հրապարակավ արձանագրել։ Սակայն լրագրողներին, բնականաբար, առաջին հերթին հենց «Իրավունք եւ միաբանության» ներդաշինքային փոխհարաբերություններն էին հետաքրքրում եւ Արտաշես Գեղամյանի վերաբերմունքն, իր փոխատեղման վերաբերյալ, ՍԻՄ-ի նախագահության առաջարկին։ Այս հարցին պատասխանելու իրավունքը պրն Գեղամյանը նախ զիջեց գործընկերներին։ Եվ նրանք գրեթե բառացիորեն նույնը ասացին, ինչ ավելի ուշ պիտի ազդարարեր ինքը՝ դաշինքի առաջնորդը։ Նապոլեոն Ազիզյանն ասաց. «Գեղամյանը որպես դաշինքի առաջնորդ է որոշվել անցած տարվա ընտրությունների ժամանակ։ Ժողովուրդը, մոտ 100 հազար ընտրողներ՝ այդ տրամաբանությամբ են ընտրել. առաջնորդը՝ Գեղամյան, Խաչատրյան, Բաբուխանյան։ Այդ իսկ պատճառով էլ՝ առաջնորդի փոխելու հարցն ընտրողներինն է, ոչ թե մերը»։ Ավելին, ըստ պրն Ազիզյանի՝ Գեղամյանը համազգային առաջնորդ է. «Այդ իսկ պատճառով այս մանր հարցերը… Լավ կլինի՝ Գեղամյանին դիմեն, թե երաշտի պատճառները (եւ ոչ հետեւանքները.- Ա. Ի.) ինչպես կարելի է վերացնել։ Գեղամյանին դիմեն, թե արտագաղթը ոնց կարելի է կանգնեցնել»։ Եվ այլն։ Որ պրն Գեղամյանին դուր է գալիս, երբ իրեն փառաբանում են՝ դեռ «Ազգային միաբանության» համագումարում էր նկատելի՝ գուսան Համազասպի քծնախառն-պաթետիկ ելույթի նկատմամբ վերաբերմունքից։ ԳիԱրՔՄի-ի անդամ Աղասի Արշակյանը փորձեց մեղմել գույները՝ ամեն ինչ հանգեցնելով ներխմբակցային, աշխատանքային հարցերի, որոնք ուղղակի լրատվամիջոցներն են խտացված գույներով պատկերում եւ ներկայացնում որպես հասունացող բախում, առճակատում. «Պարզապես եղել է ՍԻՄ-ի առաջարկությունը, քննարկվել է,- ասաց պրն Արշակյանը։- Պետք չի որեւէ բան սրել, խորացած հակասություններ տեսնել մեր մեջ։ Այդպիսի բան չկա՛»։ Քիչ անց Արտաշես Գեղամյանը խոսեց իշխանությունների նկատմամբ իրենց եւ ՍԻՄ-ի մոտեցումների մասին, որ լավագույն հերքումն էր Աղասի Արշակյանի գնահատականների, ըստ որոնց ամեն ինչ լավ է եւ միայն լրագրողներն են համը հանում։ Սակայն մինչ այդ մոտեցումները վերաշարադրելը՝ մեջբերենք նաեւ «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի փաստարկները։ Որպես «Իրավունք եւ միաբանության» նախընտրական շտաբի ղեկավար նա վկայեց, թե դաշինքի 4 կուսակցություններն էին միաձայն առաջնորդ ընտրել Գեղամյանին, որի շնորհիվ էլ 90 հազար ձայն են ստացել։ Փոխատեղման վերաբերյալ ՍԻՄ-ի առաջարկը համարվեց հակականոնադրական։ Հակառակ Աղասի Արշակյանի, որը նշում էր, թե փոխատեղման առաջարկը քննարկվել է՝ Արտաշես Գեղամյանն ասաց, որ այն չի քննարկվելու, քանի որ՝ «Եթե մենք նման հարց դարձնենք լուրջ քննարկման առարկա՝ նշանակում է, մենք ստվեր ենք գցում (ճիշտ այս արտահայտությունն օգտագործել էր նաեւ պրն Ազիզյանը.- Ա. Ի.) այն 90 հազար ընտրողների վրա (ինձ համար դժվար է իմ մասին ասելը), ովքեր առաջնորդ ճանաչելով Արտաշես Գեղամյանին՝ ձայներ են տվել»։ Այժմ մեջբերենք նաեւ ՍԻՄ-ի եւ ԱՄ-ի մոտեցումների տարբերությունն ի ցույց դնող վերոհիշյալ արտահայտությունները։ Նշենք, որ պրն Գեղամյանը դրանք շարադրեց ի պատասխան «Առավոտի» այն հարցի, թե ե՛ւ դաշնակիցների ընտրության, ե՛ւ իշխանությունների հանդեպ վերաբերմունքի հարցերում այս երկու կուսակցությունների ճաշակները կարծես տարբեր են։ Ուստի այս պատճառները հաշվի առնելով՝ արդյոք կանոնադրական այս խնդիրն առիթ չի՞ դառնա «Իրավունք եւ միաբանության» տրոհման։ Արտաշես Գեղամյանի պատասխանն էր, թե մասնավորապես. «Իմ այս կամ այն հրապարակային ելույթով ես փոքր-ինչ ավելի կոշտ եմ արտահայտվում, քննադատության մեջ ավելի հեռուն տանող ճանապարհներ եմ նշում՝ դա, ցավոք, այսօր փոքր-ինչ հակասության մեջ է այն քաղաքականության հետ, որը որդեգրել է ՍԻՄ-ը։ Մենք անհաշտ ընդդիմություն ենք, որովհետեւ այլեւս հնարավոր չէ գտնել եզրեր համագործակցելու կառավարության եւ ԱԺ-ի ներկայիս ղեկավարության հետ, որովհետեւ այս ծրագրերը, որոնցով առաջնորդվում են վերոնշված կազմակերպությունները եւ անձինք՝ երբեք ու երբեք բարի հանգրվանի չեն հասցնելու ժողովրդին»։ ՍԻՄ-ի դիրքորոշումը բնորոշվեց այսպես. «Մեր գործընկերները գտնում են, որ այնուամենայնիվ կա՛ն համագործակցության եզրեր։ Ճիգեր են գործադրում, մարդկանց են գործուղում նախարարություններում աշխատելու, որ գոնե կարողանան այդ մակարդակում, որ իրենց է վստահված՝ լինի դա վարչության պետ, թե աշխատակազմի ղեկավար՝ վիճակը շտկել։ Իսկ մենք գտնում ենք, որ համագործակցությունն ավելորդ է։ Ահա սրանք են ամբողջ տարաձայնություններն ու տարբերությունները»։ Այստեղ թերեւս պիտի խոսեր Աղասի Արշակյանը եւ գնահատեր, թե կարելի՞ է արդյոք վերոշարադրյալը գնահատել որպես խորը հակասություն։ Բայց նա լռում էր։ Լռում էր նաեւ Համլետ Հարությունյանը, որ ընդամենը մի քանի օր առաջ «Երկիրին» ասել էր. «Ես, լինելով դաշինքում, նախագահամետ եմ եւ ընդդիմադիր լինել չեմ կարող» եւ խոստացել, որ եթե դաշինքը գնա անհաշտ ընդդիմության ճանապարհով՝ կճշտի իր տեղն ու դիրքն այդ դաշինքում։ Մեր հարցի այն հատվածին ի պատասխան, թե արդյոք չքննարկելով փոխատեղման հարցը՝ «Իրավունք եւ միաբանությունը» չե՞ն հասցնում տրոհման եզրին, Արտաշես Գեղամյանն ասաց. «Կապրենք՝ կտեսնենք։ Ես գտնում եմ, որ քաղաքական դաշտի համար ողբերգություն կլինի, եթե եզակի անհաշտ ընդդիմությունն ինքը տրոհվի։ Բայց մենք՝ խոսքս «Ազգային միաբանության» մասին է, շատ վճռական ենք»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել