Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 23,2000 00:00

ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ «Սամվել Բաբայան գումարած 14» քր. գործի դատավարությունը սկսվեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի հայտարարությամբ, որը վերստին պահանջում էր առանց իր մասնակցության շարունակել դատաքննությունը։ Հայտարարությունը քիչ էր մնում վերածվեր միջնորդության։ Դա կնշանակեր, որ դատավոր Սուրեն Ալեքսանյանը նորից կգնար խորհրդակցական իր սենյակը։ Սակայն, հայտարարությունն այս անգամ ընդունվեց ի գիտություն։ Քննարկման առարկա թեեւ չպիտի դառնար՝ դարձավ։ Սովորույթի համաձայն՝ մեկական նկատողություն ստացան պաշտպաններ Ժուդեքս Շաքարյանը եւ Էդիկ Չինարյանը։ Ընդհանրապես իշխող կարծիք կար, իբր փաստաբանների պատճառով «նիստը չի ստացվում»։ Շատ քչերին կարող ես համոզել, որ փաստաբանները գործում են համաձայն, նախ եւ առաջ, փաստաբանական գործունեության մասին գործող օրենքի։ Ի վերջո, 10.45-ին դատախազ Վահրամ Ավագյանը պաթետիկ ոճով սկսեց հրապարակել մեղադրական եզրակացությունը, որն ավարտվեց երեկ՝ ժամը 17.45-ին։ Այս մեղադրականը հեռավոր աղերսներ ունի Հայաստանի հայտնի զինված խմբերի դատավարության հետ։ Այստեղ էլ կազմակերպիչը ուժային նախարարն էր, տվյալ դեպքում՝ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը։ Այստեղ էլ տեռորիստական ակտն իրագործելու համար կազմվել է հանցավոր խումբ՝ ընդգրկելով նախարարին անձնապես նվիրված մարդիկ, այստեղ էլ տրվել է զենք-զինամթերք, տրվել է «առաջադրանք»։ Ուշագրավ է եւ այն, որ նախատեռորիստական մի քանի ակտեր ձախողվել էին «խմբի կամքից անկախ պատճառներով»։ Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սամվել Բաբայանը ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվելուց հետո, ի չարը գործադրելով իր հեղինակությունը, պաշտոնական լծակներն ու կապերը ԼՂՀ քաղաքական, հասարակական ու տնտեսական դաշտում իր ունեցած դիրքը եւ ազդեցությունը, ապօրինի վերականգնելուն ուղղված կազմակերպական գործունեություն է ծավալել՝ նպատակ ունենալով ԼՂՀ քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլ բնագավառների ներկայացուցիչների որոշակի շրջանակներում ԼՂՀ նախագահի դեմ անօրինական ձեւերով ու եղանակներով հակաքարոզչություն իրականացնելու միջոցով հավաստել իր կարծեցյալ անփոխարինելիությունը եւ ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ու պայմաններ՝ օրինական իշխանությունը քայքայելու եւ այդպիսով հիշյալ նպատակները իրականացնելու համար»։ Սա, ի դեպ, մեղադրանքի ամենակարճ նախադասությունն էր։ Ըստ մեղադրականի, իր անձնական ամբիցիաների իրականացման համար նա մտադրվել է Ղուկասյանին սպանել, «երկրի քաղաքական ու տնտեսական ոլորտներում իր մենաշնորհը հաստատել»։ Ըստ իր մարտընկերներից մեկի՝ Վ. Թաշճյանի ցուցմունքի՝ նա իր մտադրության մասին ասել էր հետեւյալը. «Վերջնական որոշել եմ պրեզիդենտին խփեմ, տղերքն աշխատում են, ուզում եմ, որ դաժան ձեւով լինի, լավ ցխեն տեղում, մի լիմոնկա էլ գցեն ավտոյի մեջ, որ վառվի՝ մարմինը չերեւա»։ Ավելին, երբ իր մտադրության առթիվ տարակուսանք են հայտնել հենց իրեն, իբր ասել է. «Սաղ իմանալու են, որ ես եմ, բայց ոչ մեկը բան չի կարա անի, էն ա ասացին Վազգենը ես եմ, Խոռխոռունին՝ ես եմ, հիմի արդեն չեն ասում»։ Կամ թե՝ «Շուտով սաղ ժողովուրդը չեստ են տալու»։ Պատկերացնում եք, հանկարծ Ս. Բաբայանի թիկնապահ Սասուն Աղաջանյանը, որը ներկայումս գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում՝ անմեղսունակ ճանաչվի։ Թող գնդապետը, ըստ այդ մեղադրականի, առաջիններից մեկն է, որ տեղյակ է եղել ահաբեկչության մասին, այդ մասին հայտնելով Էրիկ Փարամազյանին (Սամվելի աներորդուն), Դավիթ Ղուլյանին, Վ. Մելքումյանին, որոնք էլ ուսումնասիրել են նստավայրից նախագահի դուրս գալու պահը, դիտարկել նախագահի աշխատասենյակի պատուհանները, կենտրոնական մուտքի մոտ նրան սպասարկող ծառայողական «Մերսեդես Բենց-600» մեքենան… Սասունը զինվել է ապօրինի Ս-1 տեսակի նռնակով, որի գործադրմամբ, ըստ Սամվել Բաբայանի ցուցումի, նախատեսված էր պայթեցնել նախագահի ծառայողական մեքենան։ Այդ ամենն ասված է մեղադրական եզրակացության մեջ։ Հետաքրքիր մի զուգահեռ. զինված խմբերի դատավարության պատմությունից՝ «սպանությունը իրագործելուց առաջ Էրիկի մոտ պահվող հրազենը խմբի անդամները որոշել են փորձարկել եւ բերել մարտական պատրաստված վիճակի»։ Ի՞նչ եք կարծում, ինչ են արել, ինչպես Տեր-Սահակյանի խմբում էր «Հասնելով Ուզունդարա (տվյալ դեպքում) նրանք գծել են փորձարկման վայրը եւ շուրջ 60 մետր հեռավորության վրա տեղադրելով պայմանական թիրախ՝ ճանապարհային երթեւեկության մետաղյա նշան, հերթով գնդակոծել են այն բոլոր երեք ինքնաձիգներից՝ կրակելով 80 փամփուշտ»։ Ի դեպ, այս մեղադրականի գլխավոր հերոսն էլ «խիստ զայրացած տոնով Սասունից բացատրություն էր պահանջել առաջադրանքն առ այսօր կատարված չլինելու պատճառների մասին… կշտամբել է հանձնարարված սպանության իրագործումը ձգձգելու համար… հրամայական տոնով պահանջել այլեւս չհապաղել… եւ սպանել Ա. Ղուկասյանին»։ Երեկ գերագույն դատարանում ընթերցվեց նաեւ «Առավոտի» մեր գործընկեր Սաթիկ Սեյրանյանի ցուցմունքը։ Ըստ այդ ցուցմունքի՝ մարտի 19-ին նա եղել է Ստեփանակերտում լրագրողական գործուղմամբ «Առավոտ» օրաթերթի եւ «Ազատություն» ռ/կ-ի համար թղթակցություն պատրաստելու նպատակով։ Հանդիպել է Ա. Ղուկասյանի հետ մարտի 21-ին, հարցազրույցն ավարտելուց հետո պայմանավորվել են կրկնել հարցազրույցը։ Մինչեւ նոր հանդիպումը Ս. Սեյրանյանը «Մռկած» կոոպերատիվում հանդիպել է Սամվել Բաբայանի հետ, վերջինս հրաժարվել է հարցազրույցից։ Սաթիկը նաեւ ասել էր, որ դրանից հետո հանդիպել է նախագահի հետ, պայմանավորվածության համաձայն։ Ավարտել են հարցազրույցը, նա դուրս է եկել նստավայրից, իրեն դիմավորելու եկած Վ. Թաշճյանի հետ ուղեւորվել են «Արմենպրեսի» լրագրողի տուն, լսել են կրակոցներ մոտիկ տարածությունից, եւ քանի որ Սաթիկը նկատել է «արագ ընթացող մի քանի մեքենաներ, ապա շտապօգնության մեքենան, մտածել է, որ լուրջ բան է եղել»։ Հետագայում իմացել է, որ կրակել են նախագահի վրա՝ այսքանը։ Ամբաստանյալներից մեկի ցուցմունքով Բաբայանը նշել էր նաեւ, որ «դրանից հետո կիմանան ուժը որն ա, որ Բաբայանը ըստեղ ա»։ Երեկ ավարտվեց մեղադրական եզրակացության ընթերցումը, սակայն մենք հանդիպեցինք կամայականության մի դրսեւորման։ Երբ փաստաբան Շաքարյանը դիմեց դատարանին՝ իրեն թույլ տալ մի քանի օրով Երեւան մեկնել, դատարանը լսելով նրա գործընկերներին, տեղում «խորհրդակցելով, ձեռքի հետ էլ ամոթանք տալով, որ օրինակ չեն ծառայում արցախցի փաստաբաններին», մերժեց Շաքարյանի խնդրանքը եւ նա այսօր առավոտյան պետք է ներկայանա դատական նիստին։ «Ս. Բաբայան +14» գործը նաեւ թվերով գործով քաղհայց է ներկայացրած 6 մլն 300 հազար դրամ գումարով։ Դատական ծախսերը կազմում են 90 հազար դրամ, որից 12000 դրամը հատկացվել է ԼՂՀ արդարադատության պետական վարչության դատական փորձաքննության լաբորատորիայում փորձաքննություններ անցկացնելու համար, 78000 դրամ՝ նշանակված պաշտպաններին վարձատրելու համար. ուշագրավ է, որ Ս. Բաբայանի նշանակվելիք պաշտպանի համար նախատեսված էր 18000 դրամ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել