Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ

Հոկտեմբեր 31,2000 00:00
gagik jhangiryan

Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը գիտակցում էր, որ հետագա սերունդների առջեւ հոկտեմբերի 27-ի գործի նախաքննության համար իր պատասխանատվությունն ամենամեծն է։ «Առավոտի» հարցերին նրա պատասխաններն էին։

– Մի քանի ամիս առաջ Յուրի Բախշյանի այրին հիշեցրել էր, որ Վազգեն Սարգսյանի գերեզմանի վրա բոլորը՝ նաեւ Դուք երդվել էիք, թե ամեն ինչ պիտի անեք այս հանցագործությունը բացահայտելու համար։ Այժմ, հոկտեմբերի 27-ից մեկ տարի անց, երբ պատասխան տրված չէ գլխավոր հարցին, այն է, թե արդյոք այդ հանցախմբի գործողություններն ուղղորդված կամ ծրագրավորվա՞ծ էին՝ Ձեր խղճի առջեւ մաքո՞ւր եք տված երդումը կատարած լինելու առումով։

– Այդպիսի երդման արարողություն չի եղել, բայց մասնավորապես ես իմ խղճի առջեւ պարտավորվել եմ, թե ամեն ինչ պիտի արվի, որ այս հանցագործությունը մինչեւ վերջ բացահայտվի։

Գուցե թե մեկ տարին առերեւույթ երկար ու մեծ ժամանակահատված է։ Բայց հանցագործությունը մինչեւ վերջ ինձ համար էլ դեռ պարզ չէ։ Եվ չի կարելի ասել, թե քննությունն ավարտված է։ Ըստ էության նախաքննությունն ավարտված է միայն այն մասով, որով նյութերը տրամադրվել են ծանոթացման համար։ Մի զգալի մասով քրեական գործից մաս է անջատված եւ դրանով օպերատիվ հետախուզական ու քննչական գործողությունների կատարումը շարունակվում է։
Ոչ մի փոփոխություն չի եղել իմ տեսակետների մեջ եւ դիրքորոշման մեջ, որ հանցագործությունը ծրագրավորված եւ ուղղորդված է։ Խնդիրն այն է, որ նախաքննությանն առայժմ չի հաջողվել պարզել, թե դրանք ինչ ուժեր էին՝ ովքեր են ուղղորդել, կազմակերպել կամ ծրագրավորել։ Վստահ եմ, որ այդպիսիք կան, այլ հարց է՝ մենք կկարողանա՞նք նրանց բացահայտել, թե՞ ոչ։

– Զոհվածների հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ջանոյանը պրակտիկայից ելնելով թերահավատություն էր հայտնել, թե անջատված նախաքննության մասը երբեւիցե դատական հեռանկար ունենա։

– Նախ ասեմ, որ Տիգրան Ջանոյանն, ըստ էության, գործի նյութերին չի ծանոթացել։ Նյութերին մեզ մոտ ծանոթանում էր նրա կինը՝ Մարինա Հալաբյանը։ Եվ ես չեմ կարող ասել, թե Տիգրան Ջանոյանի եզրակացությունները որտեղից են։

Նաեւ չգիտեմ, թե ի՞նչ պրակտիկա է վկայակոչում Տիգրան Ջանոյանը, բայց մեր՝ զինվորական դատախազության պրակտիկայում բազմաթիվ անջատված մասեր կրկին դատական ելք են ունեցել։

– Ձեզ ուղղված մեղադրանքներից մեկը. Վազգեն Սարգսյանի եղբայրը Ձեզ վախկոտ անվանեց։

– Չեմ ուզում մեր նախկին վարչապետին նույն որակումներով պատասխանել, քանի որ նա իմ զոհված ընկերոջ փոքր եղբայրն է։ Դա թողնում եմ նրա խղճին եւ հայեցողությանը։ Բայց այդպիսի պիտակներ կպցնելու ենթատեքստը երեւի այն է, որ Ջհանգիրյանն ինչ-որ տեղ մինչեւ վերջ չի գնացել, ինչ-որ մի բանից կաշկանդվել է, ինչ-որ մի բան չի արել։ Կարծում եմ, Արամ Սարգսյանը թե՛ այն ժամանակ եւ թե՛ այժմ հնարավորություն ունի ուղղել Ջհանգիրյանի բոլոր սխալները, քանի որ հանրապետության գլխավոր դատախազը նրա դասընկերն ու նաեւ մտերիմն է։ Այդ տեսակետից, եթե Ջհանգիրյանը թերացել է, ինչ-որ մի բան թաքցրել է, որեւէ որոշում կայացրել է ճնշման տակ՝ կա գլխավոր դատախազ, որը կարող է տվյալ գործը ցանկացած պահին վերցնել գլխավոր դատախազության վարույթ եւ վերացնել այդ թերացումները։ Ըստ էության, տվյալ գործով մի շարք որոշումներ բողոքարկվել են գլխավոր դատախազին եւ բացի այդ, մեղադրյալների ու նրանց շահերի պաշտպանների բացարկներն էլ ընդդեմ զինվորական դատախազի ու քննչական խմբի ուղղվել են գլխավոր դատախազին։ Ոչ ոք չէր խանգարում, որ նա լուծեր նշված խնդիրները։

– Շատերն են զարմանում, թե Ձեզ համար որքան հեշտ եղավ փոխել ճամբարն ու հարմարվել քաղաքական պատեհապաշտության շրջանակներին։ Չնայած դա նաեւ արհեստավարժ իրավաբանների ընդգծված հատկանիշներից մեկն է համարվում՝ կանխազգալ քամու ուղղությունը եւ դեմ չգնալ փոթորկին։

– Ես մեր բոլոր քաղաքական գործիչներին ու նաեւ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ քաղաքականություն՝ խորհուրդ կտայի չենթարկվել ոչ հյուսիսից փչող քամիներին, ոչ էլ Արեւմուտքից կամ այլ ուղղություններից։ Ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանին քաղաքական անդորր է հարկավոր։

– Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն արդեն երկրորդ անգամ հրապարակավ նույն հարցն է ուղղում՝ դժգոհելով, թե այն համառորեն անպատասխան եք թողնում։ Գուցե այժմ պատասխանեք այդ հարցին, թե ո՞վ է Ձեզ վրա ճնշում գործադրել։ Եվ եթե կան այդպիսիք, ի՞նչ խմբավորումներ են փորձել ուղղորդել քննության ընթացքը։

– Հանրապետության վարչապետը յուրօրինակ ձեւ է ընտրել զինվորական դատախազի հետ հարաբերվելու՝ մամուլով հարցուպատասխանի միջոցով։ Մինչդեռ, թե՛ առաջին անգամ տված հարցից հետո, թե՛ մինչեւ երկրորդ հարցը ես վարչապետի հետ 2-3 հանդիպում եմ ունեցել երես առ երես։ Մի քանի անգամ էլ հեռախոսային խոսակցություններ ենք ունեցել, բայց վարչապետը նման հարցով ինձ չի դիմել։ Կարծում եմ, ինքն իր հարցերի պատասխանները գուցե թե ինձնից լավ գիտի։

– Արամ Սարգսյանը վերջերս նաեւ պնդեց, թե ոչ ոք վարկածներ չի պարտադրել Ջհանգիրյանին։ Նաեւ, որ եղել եք բացարձակապես ազատ եւ Դուք եք հիմնավորել ձերբակալումների անհրաժեշտությունը ու դա ավելի լավ է ստացվել, քան հետո՝ նույն մարդկանց ազատ արձակելու պարագայում։

– Իհարկե ազատ եմ եղել։ Եվ իմ ու քննչական խմբի կայացրած բոլոր որոշումների համար պատասխանատվությունն էլ ե՛ս եմ կրում։ Թե որքան է ինձ հաջողվել հիմնավորել ձերբակալումները եւ գործերի կարճումները՝ կարող եմ ավելին ասել։ Մի շատ կարեւոր խոսակցության ընթացքում մի տեսակետ է արտահայտվել, որ գուցե թե չարժեր, որ ես ասեի հրապարակավ՝ ի լուր ժողովրդի։ Բայց երեւի թե տեղը եկել է եւ պիտի ասեմ, որ այն ժամանակ, երբ ձեզ հայտնի 4 անձինք ահաբեկչական գործողության դրդչության եւ օժանդակության մեղադրանքներով նախնական կալանքի տակ էին դեռեւս գտնվում՝ բարձրաստիճան անձանց ներկայությամբ վարչապետ Արամ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքն այն կարծիքին է, որ այդ հանցագործությունը կատարել էին միայն Նաիրի Հունանյանը, եւ իր խումբը, եւ ես իզուր եմ դրսում այլ մարդիկ փնտրում։ Ասեմ, որ այդ խոսակցությանը ներկաների մի մասն էլ այժմ նորից Արամ Սարգսյանի կողքին է։

– Սակայն նա այժմ հրապարակավ հակառակն է պնդում, թե նրանք ռոմանտիկ-ֆանատիկներ չէին։

– Այ, հիմա ի՛նչն է փոխվել, որ Արամ Սարգսյանը փոխել է իր կարծիքը 27-ի վերաբերյալ, ճիշտ կլինի, որ իրեն հարցնեք։

– Անցած տարվա դեկտեմբերին պարզորոշ արտահայտվեց, որ երկրապահական շրջանակների տրամադրությունները հօգուտ արտահերթ նախագահական ընտրությունների են։ Եվ Ձեզ էր վերագրվում հունվարին իշխանափոխության այդ մղումը զսպելը։ Խոսվում էր այն մասին, որ Դուք էիք տարհամոզել երկրապահներին այն նպատակով, որ սեփական թեկնածությունը նախապատրաստեք երկրի բարձրագույն աթոռներից մեկը գրավելու համար։

– Ճիշտն ասած, նման լուրեր ինձ էլ էին հասնում։ Պարզվում է, որ ինձ բոլոր պաշտոններն առաջարկել են՝ պաշտպանության նախարար, գլխավոր դատախազ, վարչապետ։ Լուրեր կային, թե ես նախագահ էլ պիտի ընտրվեմ։

Հիմա ասեմ, որ լուրջ կասկածներ ունեմ, որ 27-ի այդ դեպքերը նպատակ են հետապնդել Հայաստանում ներքաղաքական անկայունություն ստեղծել՝ երկիրը ջլատելու եւ թուլացնելու համար։ Ուստի ես ամեն ինչ արել եմ՝ որպես նախաքննական մարմնի ղեկավար եւ որպես անձ, որն ինչ-ինչ ազդեցություններ է ունեցել այս կամ այն շրջանակների վրա՝ ապահովելու Հայաստանի ներքաղաքական կայունությունը։ Թե ինչքանով է դա ինձ հաջողվել կամ կարող էի ավելին անել՝ քիչ եմ արել՝ դա արդեն իմ դատելու խնդիրը չէ։

– Աշոտ Մանուչարյանը եւ շատ-շատերն այժմ հայտարարում են, թե չեն վստահում Ձեզ։ Ըստ այդմ էլ՝ հրաժարվում են նախաքննական մարմնի հետ համագործակցությունից։

– Հիշեցնեմ, որ 27-ի հանցագործության նախաքննությունը ես իմ նախաձեռնությամբ չեմ վերցրել զինվորական դատախազության վարույթ։ Այդ գործը մեզ է հանձնարարել նախկին գլխավոր դատախազը։ Երբ որ նշանակվեց նոր դատախալ (ես այս մասին էլի չէի ասի՝ հիմա ստիպված պետք է ասեմ), գնացել եմ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի տուն եւ նրանց ընտանիքների անդամներին խնդրել, որ այս գործը զինվորական դատախազության վարույթից վերցնեն գլխավոր դատախազության վարույթ։ Քանի որ, եթե նախկինում պատճառաբանում էին, թե չեն վստահում նախկին գլխավոր դատախազին, ապա նոր գլխավոր դատախազի նշանակմամբ, որ Սարգսյանների ընտանիքի մտերիմ մարդն է՝ այդ հանգամանքը վերացել էր եւ ես բարոյական իրավունք չունեի այդ քայլը չանելու։ Իմ այս խնդրանքը մերժվեց երկուսի ընտանիքների կողմից էլ։

Հայտնի է, որ հետագայում էլ մի քանի նման փորձ եմ արել, որպեսզի գործը վերադառնա գլխավոր դատախազության վարույթ։ Չի հաջողվել, ինձ չեն ընդառաջել։ Իսկ ես ի պաշտոնե գլխավոր դատախազի տեղակալն եմ եւ պարտավոր եմ կատարել նրա ցուցումները։

Եթե այժմ չեն վստահում՝ հիմա էլ ոչ ոք այդ հնարավորությունից զրկված չէ։ Նույն Արամ Սարգսյանը, որ հիմա հայտարարում է, թե ինձ չի վստահում, գոնե Նազարյանին վստահո՞ւմ է՝ թող նրանից պահանջի այդ գործը եւ տանեն իրենք շարունակեն։ Այսինքն, այս գործի նախաքննությունը զինդատախազությունում պահելու որեւէ միտում չեմ ունեցել ի սկզբանե եւ հիմա էլ չունեմ։

– Հրապարակավ մեղադրանք է ներկայացվել, թե նախագահը փորձել է քննությունից թաքցնել գլխավոր վարկածը։ Գործին ծանոթացած պատգամավորները պնդում են, որ բավարար ուսումնասիրված չեն արտաքին ուժերի ուղղորդման կամ տնտեսական շարժառիթների վերաբերյալ վարկածները։ Ժամանակին Սերժ Սարգսյանն ասուլիսում հայտարարեց, թե կազմակերպիչներին թերեւս արժե փնտրել Վազգեն Սարգսյանի շրջապատում։ Վարկածներին առնչվող այս երեք մեղադրանք-հարցադրումներին ի՞նչ հակափաստարկներ կներկայացնեք։

– Այստեղ մեղադրանքներ չեմ տեսնում։ Անջատված մասին, որով նախաքննությունը շարունակվում է, ոչ ոք ծանոթանալու իրավունք չունի։ Ձեր նշած վարկածները մեր անջատված մասում գոյություն ունեն, քննվում են։

Չեմ կարող ասել, որ Ձեր վկայակոչած վարկածները վերջնականապես հերքվել են։ Առայժմ դրանք ուսումնասիրվում են։

Իսկ Վազգեն Սարգսյանի շրջապատն այնքան մեծ է եղել… Նույն Ալեքսան Հարությունյանն էլ է Վազգեն Սարգսյանի շրջապատից եղել (ի դեպ, նաեւ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ հիշեցրեց «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը, եւ Գագիկ Ջհանգիրյանն անմիջապես համաձայնեց- Ա. Ի.)։ Այնքան մեծ շրջապատ է եղել, որ կդժվարանամ հանրապետությունում շատ թե քիչ հայտնի մարդու անուն տալ, որ Վազգեն Սարգսյանի հետ շփված չլիներ։

– Փաստաբան Մարինա Հալաբյանի գնահատականով՝ քննություն ընդհանրապես չի կատարվել, իսկ Տիգրան Ջանոյանը հայտարարել էր, թե նախկին մեղադրյալների ձերբակալությունից առաջ եւ հետո գործի հանգամանքները նույնն են եղել՝ փոխվել է միայն նախաքննական մարմնի վերաբերմունքն ու գնահատականը այդ հանգամանքներին։

– Պրն Ջանոյանի այս հայտարարությունն էլ եւս մեկ անգամ ապացուցում է, որ նա չի ծանոթացել քրեական գործի նյութերին։ Կարող եմ ասել՝ իսկ Նաիրի Հունանյանի ցուցմունքնե՞րը։ Ինչ վերաբերում է Մարինա Հալաբյանի դիտողություններին. մեր մոտավոր հաշվարկներով՝ նոյեմբերի 13-ին կավարտվի նախաքննության նյութերին ծանոթացման համար սահմանված ժամկետը, եւ այդ ժամանակ տիկին Հալաբյանը նախաքննությունը լրացնելու իր միջնորդություններով կփորձի հիմնավորել, թե կատարված աշխատանքի մասին իր դատողություններն ու գնահատականները ինչքանո՞վ են արդարացի եւ անաչառ։

– Հրապարակված եւս մի լուր կցանկանայի ճշտել, որ Դուք «Միասնություն» դաշինքին եւ երկրապահներին համոզել էիք, թե հիմնավոր են նրանց կասկածները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ, եւ հոկտեմբերի 27-ին երկրի շուրջ 20 պաշտոնյաներ են առնչվում։

– Հերթական անհեթեթությունն է։ Չգիտեմ, թե որտեղից են քաղում այդ լուրերը եւ տպագրում։ Ասենք, նման մի անհեթեթություն էր, որ իմ տան պայթեցումը ես եմ կազմակերպել։

– Ուսումնասիրվե՞լ է այն վարկածը, թե Գոբլի ծրագիրն ու հոկտեմբերի 27-ը փոխկապակցված էին։

– Մենք այդ առնչությամբ ե՛ւ քննչական, ե՛ւ օպերատիվ հետախուզական որոշակի աշխատանք գործի քննության սկզբնական փուլում կատարել էինք։ Երբ ժամանակը գա, կծանոթանան այդ մասին։ Խնդիրն այն է, որ այժմ Աշոտ Մանուչարյանը եւ մի շարք այլ անձինք հայտարարում են, որ տիրապետում են որոշակի փաստերի, որոնք ապացուցում են, թե հոկտեմբերի 27-ը տարածքների փոխանակման ծրագրի նկատմամբ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի դիրքորոշման ուղղակի հետեւանքն էր։ Այդ պատճառով էլ այլ ելք չունեինք, քան պրն Մանուչարյանին զինդատախազություն հրավիրելը՝ դա պարտադրում է մեզ օրենքը։

…Լավ, չեք վստահում զինվորական դատախազին՝ խնդրե՜մ, ներկայացրեք գլխավոր դատախազին։ Չե՞ն վստահում իրավապահ մարմիններին՝ մամուլի՛ն թող ներկայացնեն։

– Այս հանցագործությունը շարունակվում է որակվել որպես պետական հեղաշրջման փո՞րձ, թե՞ արդեն խոսքը միայն ահաբեկչության մասին է։

– Ցավոք, սա իրավաբանական թյուրըմբռնման արդյունք է։ Իմ վերջին հարցազրույցում ասել էի՝ «27-ի դեպքի առնչությամբ ահաբեկչական գործողության փաստի առթիվ հարուցված գործ»։ Ես չեմ ասել, թե մեղադրանքը փոփոխվել է։ Ե՛վ Հայրենիքի դավաճանությունը, ե՛ւ իշխանության զավթման փորձը, ե՛ւ առանձնապես վտանգավոր պետական հանցագործություններին ուղղված կազմակերպչական գործունեությունը եւ այլ բոլոր հանցակազմերը, որոնք նախկինում առաջադրված էին՝ մնացել են։

Հարցերը՝

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031