Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 08,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ «Անպարկեշտ առաջարկ» Հայաստանում չկա պաշտոնական վիճակագրություն, թե քանիսն են Ինտերնետով ստացած առաջարկության հիման վրա թողնում Հայաստանը։ Սակայն ռուսալեզու մամուլում շատ են պատմությունները, թե ինչպես այս կամ այն աղջիկը ինչ-որ կասկածելի գործակալության հրավերով մեկնում է արտասահման՝ ֆոտոմոդել դառնալու նպատակով, իսկ նրան այնտեղ ամենեւին էլ լուսավոր հեռանկար չի սպասում։ Մեր խմբագրության աշխատակիցներից մեկը (անունը առայժմ չենք հրապարակի) Ինտերնետով տարածել էր իր լուսանկարները եւ Չեխիայի «Wohnbau Agency»-ից պատասխան էր ստացել։ Առաջինը ուրախության եւ հրճվանքի զգացողությունն էր, բայց երբ կարդացինք ուղարկված նամակը, այն կասկածելի թվաց։ Նախ՝ առաջարկվում է բազմաբնույթ աշխատանքի տեսականի, որոնց մասնակիցը դառնալու համար մեր աշխատակցուհուց պահանջել էին ուղարկել 3-4 կիսամերկ լուսանկար, որոնք, պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ լինեն։ Նկարները ստանալուն պես գործակալությունը խոստանում է օրական 250-550 դոլար աշխատավարձ՝ պլյուս անվճար տոմս եւ անվճար հյուրանոց։ Նամակի վերջում խոսվում է նաեւ աղջկա ապահովագրության մասին։ Նամակը կոնկրետ ստորագրություն չունի, պարզապես ստորագրված է՝ Ձեզ հարգող, եւ դրված է մի անորոշ ստորագրություն։ Ճշտելու համար, թե որքանով է լուրջ վերոնշյալ չեխական գործակալության այս նամակը, որոշեցինք նախ զանգահարել այդ գործակալություն (նամակում հեռախոսահամար կար), սակայն երկու օր անընդմեջ զանգահարելուց հետո այդպես էլ մեր զանգին պատասխանող չեղավ։ Դիմեցինք Կամերային թատրոնի «Միսս Հայաստանի» կազմկոմիտեի անդամներից մեկին։ Ըստ նրա՝ նամակը բավական կասկածելի բովանդակություն ունի, քանի որ իրենք էլ են Ինտերնետով ուղարկում հայ գեղեցկուհիների նկարները։ Սակայն ստացվող առաջարկությունների նախապայմանում երբեք կիսամերկ լուսանկարներ ուղարկելու պահանջ չկա։ Եթե անգամ նորաձեւության հայտնի ֆիրմաները ցանկանում են պատկերացում կազմել գեղեցկուհու մարմնի կառուցվածքի մասին, խնդրում են ուղարկել լուսանկար հնարավորինս փակ, հնարավորինս զուսպ լողազգեստով։ Մեր նշած չեխական «Wohnbau Agency» գործակալությունը կազմկոմիտեին ոչինչ չէր ասում։ Մեզ խորհուրդ տվեցին արդեն մե՛ր կողմից խորհուրդ տալ հայ աղջիկներին՝ չխաբվել արտասահմանյան այլեւայլ գործակալությունների հրապուրիչ հրավերներից։ Լսելով տրված խորհուրդը՝ մեր ստացած նամակը դրեցինք խմբագրության արխիվում՝ սպասելով, որ մի օր, այնուամենայնիվ, մեր աշխատակցուհին կերեւա աշխարհի լավագույն պոդիումներում։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ Ո՞ՒՄ ԿԱՄՔՈՎ ՀՂԻԱՆԱԼ Ամուսնո՞ւ, թե՞ կնոջ Ներկայումս ի հայտ է եկել ավելի նոր, ավելի «մարդասիրական» «Ընտանիքի պլանավորում» ծառայությունը։ «Գործնական մանկաբարձության ուղեցույցում» ասված է. «Ազգաբնակչության անշեղ աճը բերում է որոշակի էթնիկական խմբերի համար կենսատարածքների ապահովման՝ հարեւան պետությունների հաշվին։ Այդ պրոբլեմի միակ խելամիտ պատասխանը ձգտումն է սահմանափակել ծնելիությունը եւ ժողովրդագրական պայթյունի սահմանի ստեղծումը»։ Պարզ է, որ ասվածը վերաբերում է այն երկրներին, էթնիկական այն խմբերին, ուր ժողովրդագրական բուռն աճ է տեղի ունենում, այսինքն՝ Չինաստանին, Հնդկաստանին եւ այլն։ Բայց դա բոլորովին չի վերաբերում Հայաստանին, ընդհակառակը, մենք տուժում ենք հենց այն բանի համար, որ մեր բնակչության թիվը փոքր է եւ աղետալիորեն նվազում է։ Եվ դեռ աշխատում են նվազեցնել ծնելիությունը։ Դա անհեթեթություն է։ Հակաբեղմնավորիչ միջոցների՝ հատկապես սպիրալների լայնորեն կիրառումը նշանակալիորեն նվազեցնում է ծնելիությունը։ Հաճախ կանայք հղիանում են իրենց կամքին հակառակ, բայց հղիությունը պահպանում են կամ կրոնական նախապաշարումների պատճառով, կամ վախենալով հետագա չբերությունից… Բազմազավակ կանանց հարցումը ցույց տվեց, որ երեխաների մի մասը ծնվել է չպլանավորված։ Օրինակ, 9 երեխայի մայր թալինցի կինը հայտարարել է, որ երրորդ երեխայից հետո զավակները լույս աշխարհ են եկել իր կամքին հակառակ։ Հեռուստատեսությամբ հաղորդում են. «Եթե հղի կինն ունի երկու երեխա եւ չի ցանկանում այլեւս զավակ ունենալ, ապա նա անպայման կհամաձայնվի աբորտի»։ Նման ակնհայտ ոչ ճիշտ հայտարարությունը վկայում է որոշակի անձանց շահագրգռության մասին։ Միանգամայն կասկածելի է նաեւ այն, որ բնակչությանը անվճար չեն բաժանվում սրտային, հակաշաքարախտային, հակաասթմային եւ այլ կարգի հիվանդությունները բուժելու կարեւորագույն դեղամիջոցներ, իսկ ահա հակաբեղմնավորիչ միջոցներ՝ խնդրեմ, վերցրեք ձրի։ ՍԱՐԳԻՍ ՍԱՍՈՒՆԻ, բժիշկ ՃՇՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՍՑԵՆ «Առավոտի» բազմաթիվ ընթերցողների խնդրանքով ներկայացնում ենք երեկվա «Ուզում եմ երեխա ունենալ նախագահից» հոդվածում նկարագրված բուժհիմնարկը։ Այն կոչվում է՝ Առողջության առաջնային պահպանման (ընտանեկան բժշկության) կենտրոն։ Հասցեն՝ Մոսկովյան 15, հեռախոս՝ 52-85-47։ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԱՂԲԱԼՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ Երեկ Գայի անվան թիվ 29 դպրոցի տնօրեն Թամարա Պետրոսյանի նախաձեռնությամբ 9-րդ դասարանի աշակերտները հյուրընկալվեցին Նիկոլ Աղբալյանի որդու՝ Ռուբեն Աղբալյանի տանը։ Հիշեցնենք, որ օրերս «Առավոտում» հոդված է տպագրվել Ռուբեն Աղբալյանի ծանր կացության մասին։ Հենց այս հրապարակումն էլ առիթ է հանդիսացել նման նախաձեռնության։ Տիկին Պետրոսյանը նշեց, որ գրականության ուսուցիչների հետ, 2 օրվա ընթացքում, մանրամասն ուսումնասիրել է Նիկոլ Աղբալյանի կենսագրությունը, որից հետո որոշել են գրական ցերեկույթ անցկացնել Ռուբեն Աղբալյանի տանը. «… Ինչպես կարելի է մոռացության մատնել մի մարդու, որի հայրը՝ Նիկոլ Աղբալյանը, առաջինն է գնահատել Չարենցին եւ Իսահակյանին»։ Ի դեպ, տիկին Պետրոսյանը նշեց, որ բոլորովին վերջերս հայտնաբերվել է, որ Նիկոլ Աղբալյանն ու Գայը մտերիմ են եղել։ Աշակերտների եւ ուսուցիչների այցը Ռուբեն Աղբալյանի համար այնքան անսպասելի էր, որ նա հուզմունքից արտասվեց, քանի որ իրեն անտեսել էր Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը եւ Ն. Աղբալյանի անվան հիմնադրամը։ Նա մտածել անգամ չէր կարող, որ իրեն կհիշի որեւէ դպրոց։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ Բժշկական մասնավոր ինստիտուտների եւ հատկապես Երեւանի բժշկական համալսարանի ղեկավար այրերը շատ ծանր են տանում այն լուրը, որ հնարավոր է շուտով Հայաստանում բացվի մոսկովյան հայտնի պետական բժշկական բուհերից մեկի մասնաճյուղը։ Գիտխորհրդի նիստում նման մտադրության մասին հայտարարել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանը։ Վերջինս երեկ չհաստատեց մեր այս տեղեկությունը՝ ասելով, որ ինքը նման հայտարարություն չի արել։ Սակայն չժխտեց, որ նման մտադրություն կա, բայց առայժմ չցանկացավ ոչինչ ասել, քանի դեռ «ծրագիրը հաստատ չէ եւ հարցը քննարկման էտապում է»։ Մինչդեռ «Առավոտը» տեղեկություն ունի, որ կառավարությունը մերժել է այս առաջարկը՝ պետական ներդրումներ ակնկալող երկրորդ պետական բուհի ստեղծումը նպատակահարմար չգտնելով։ Եվ հիմա ծրագիրն իրականացնելու նոր տարբերակ է մշակվում։ Եթե այն իրականանա, ապա լավ կխփի մյուս բուհերի գործին։ ԵԲՀ-ի ռեկտոր Վիլեն Հակոբյանը, որ առանց այդ էլ մի կերպ էր հանդուրժում մասնավոր բուհերի գոյությունը, լուրջ անհանգստացած է, որ իր բուհն այլեւս մոնոպոլիստ չի լինի այնպիսի «յուղոտ» համակարգում, ինչպիսին բժշկական կրթությունն է։ Պակաս անհանգստացած չեն նաեւ մասնավոր բուհերը, որոնց համար սա կործանարար կլինի, քանի որ իրենց բուհեր գալիս էին նրա համար, որ միայն մեկ պետական բժշկական բուհ կա, այն էլ՝ սահմանափակ տեղերով։ Մասնավոր բուհերը լավ կտուժեն նաեւ այն դեպքում, եթե պետական բուհերի լոբբինգը հաղթանակի եւ վճարովի համակարգի տեղերի թիվը որոշի ոչ թե կառավարությունը, այլ բուհերը։ Ն. Հ. ԿԱՆԱՅՔ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ «Բռնություն կանանց նկատմամբ» տերմինը, ինչպես երեկ կայացած պրեսկոնֆերանսում նշեցին կանանց իրավունքների կենտրոնի աշխատակիցները, նշանակում է «սեռական հատկանիշով կատարված ցանկացած բռնի գործողություն»։ Ըստ կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանի՝ բռնությունն արտահայտվում է տարբեր ձեւերով՝ ընտանիքում տեղ գտած ֆիզիկական, սեռական եւ հոգեբանական բռնություն, ներառյալ ծեծ, սեռական հարկադրանք, կանանց սեռական օրգանները խեղող վիրահատություններ եւ այլն։ Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, ամսական բռնաբարության է ենթարկվում կանանց 1,5%-ը։ Տարբեր մարզերում 1200 կանանց հարցման արդյունքում պարզվել է, որ կանայք բռնության են ենթարկվում հիմնականում հարազատների, բարեկամների կողմից։ Բռնության ենթարկվողների մեծ մասը գերադասում է լռել, միջինը՝ բացատրել, հասկացնել, եւ միայն մեկ տոկոսը՝ դիմել իրավապաշտպան մարմիններին։ Ըստ ամերիկյան վիճակագրության, չորս բռնաբարության ենթարկված կանանցից միայն մեկն է դիմում ոստիկանություն։ Շատ քչերն են խոստովանում, որ իրենց հետ դա կատարվել է։ Պրն Ադիբեկյանի տվյալներով, Ֆրանսիայում իրենց երջանիկ են համարում ամուսնացածների 60%-ը, Հայաստանում՝ 44%-ը, իսկ դժբախտ են զգում 24%-ը։ Կանանց իրավունքների կենտրոնում գոյություն ունի «թեժ գիծ» կոչվող ծառայողական կետ, որի նպատակը՝ բռնության ենթարկված կանանց հայտնաբերելն ու օգնելն է (թե խորհուրդներով եւ թե ճիշտ ուղի մատնանշելով)։ Հունիսից մինչեւ օրս «թեժ գծի» հեռախոսահամարով եղել է 224 հեռախոսազանգ, որից 62-ը ստացել է հոգեւոր աջակցություն, իսկ 106-ը՝ իրավական խորհրդատվություն։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ Կարծես շեղվեցի թատրոնից Ինքնամոռաց հանդգնություն է հարկ ավոր շարունակելու այն գործը, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում կատարել են ռեժիսորներ Ա. Գուլակյանը, Լ. Քալանթարը, Վ. Աճեմյանը, Ս. Քոչարյանը, Մ. Մարինոսյանը, Զ. Տատինցյանը… թատրոնի գոյության 70 տարիների ընթացքում։ Հանդիպեցի թատրոնի այսօրվա գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Հակոբ Ղազանչյանին (զբաղեցնում է այս պաշտոնը 1997 թվականի հունվարի 1-ից), խնդրեցի պատմել, թե թատրոնն ինչպես է իրեն «զգում» վերջին շրջանում։ – Այս տարի երեք անգամ մասնակցեցինք միջազգային փառատոների։ Մայիս ամսին Կիեւում՝ «Մայիսյան Կիեւ» փառատոնին, ուր բեմադրություններով ներկայացել էր 18 երկիր։ Հուլիս ամսին՝ Կերչում, որտեղ մեր թատրոնի «Անտիգոնե» ներկայացումն արժանացավ գլխավոր մրցանակին, իսկ դերասան Արթուր Կարապետյանը ստացավ տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակը։ Հիշյալ փառատոնին մասնակցում էր 10 երկիր։ Իսկ հոկտեմբերի վերջին մասնակցեցինք «Ոսկե առյուծ» միջազգային փառատոնին։ Ասեմ, որ սա ամենահեղինակավոր փառատոներից է, մասնակցում էին 25 երկրների թատերախմբեր։ Յուրօրինակ տուրնե էր։ Եղանք Խարկովում, Քիշնեւում, Լվովում։ – Ինչպե՞ս ընդունեց ձեզ սփյուռքահայությունը։ – Հիացած ենք մեր ժողովրդով, մասնավորապես Խարկովի հայ համայնքով։ Շատ հզոր են այնտեղ մերոնք։ Քաղաքի կենտրոնում գնել են հսկայական հողատարածք, ուր կկառուցվի եկեղեցի, հյուրանոց, դահլիճ՝ ներկայացումների ու համերգների համար, չորս հարկանի առեւտրի կենտրոն, որտեղ պետք է վաճառվի միայն հայկական արտադրանք։ Ի դեպ, Ուկրաինայի Գերագույն ռադայում ունենք հայ պատգամավոր, որը Ռաֆայել Պապայանի հետ բանտում անցկացրած տարիները ռացիոնալ օգտագործելով՝ սովորել է հայոց լեզուն։ Առաջին իսկ օրից, դիմավորման պահից սկսած, մեզ հետ էին համայնքի ղեկավարը եւ մեծ հեղինակություն վայելող տղաներ… – Մոտավորապես ե՞րբ կգործի այդ համալիրը։ – Այս տարվա հուլիսի 1-ին դրվել է հիմնաքարը եւ մինչեւ 2001 թվականի հուլիսի 1-ը աշխատանքների 70%-ը կատարված կլինի։ Կարծես շեղվեցի թատրոնից, բայց… Քաղաքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն» գիրքը՝ երեք լեզվով։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ «ԵՐԱԽՏԻՔԻ ՏԱՃԱՐ» Չորեքշաբթի օրը «Շիրակ» միջազգային միությունը Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում կազմակերպել էր հուշ-երեկո՝ նվիրված 1988-ի ահեղ երկրաշարժի տարելիցին։ Աղետալի երկրաշարժը հաշված վայրկյանների ընթացքում հողին հավասարեցրեց տասնյակ հազարավոր շինություններ՝ անօթեւան թողնելով ավելի քան կես միլիոն մարդու։ Վրա հասած ճգնաժամին սատար կանգնեցին 128 երկիր, 8 միջազգային կազմակերպություն եւ միլիոնավոր մարդիկ։ Միջոցառման կազմակերպիչների խոսքերով, «Գյումրին պարտավոր է իր սրտի խոսքն ասել բոլոր նրանց, ովքեր օրհասական ժամին մեր կողքին էին»։ Միջոցառման ընթացքում նշվեց, որ Գյումրիում նախատեսվում է կառուցել «Երախտիքի տաճար»։ Այստեղ կհրավիրվեն միջազգային գիտաժողովներ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, հյուրախաղերով հանդես կգան բոլոր այն երկրների թատերախմբերն ու համույթները, որոնք օգնության ձեռք են մեկնել աղետի գոտուն։ Տաճարն իր մեջ կընդգրկի թանգարան, որը բաղկացած կլինի մի քանի բաժիններից. 1988-ի երկրաշարժի տեղեկատվության, համաշխարհային խոշոր աղետների, աշխարհի պատմության ու մշակույթի, գիտության եւ տեխնիկայի նվաճումների, աշխարհի օգնության, որտեղ կտեղադրվեն բոլոր այն երկրների դրոշներն ու զինանշանները, ովքեր օգնեցին աղետի ժամանակ։ «Երախտիքի տաճար» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Խաչիկ Գրիգորյանի խոսքերով՝ «Իրենք հանրապետության պետբյուջեից ոչ մի լումա չեն ակնկալում։ Տաճարը կառուցվելու է միայն համայն հայության եւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություն կազմող մեր քաղաքացիների նյութական աջակցությամբ»։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել