Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 1400 դպրոցների կողքին միայն երեք տասնյակ մասնավոր դպրոց կա։ Դրանք էլ հիմնականում գործում ե

Փետրվար 22,2001 00:00

Հայաստանում նոր մանկավարժության պահանջ կա Հայաստանի 1400 դպրոցների կողքին միայն երեք տասնյակ մասնավոր դպրոց կա։ Դրանք էլ հիմնականում գործում են հանրակրթական դպրոցի ծրագրերով, իսկ հեղինակային, մանկավարժական ինքնատիպ մեթոդիկայով գործող դպրոցներ գրեթե չունենք։ Խորհրդային տարիների միօրինակ կրթական համակարգը, որ ժառանգություն ենք ստացել, շատ քիչ է փոփոխության ենթարկվել։ Այլընտրանքային մանկավարժության, այլընտրանքային դասագրքերի եւ նոր մտածողությամբ մանկավարժների պատրաստման համար մեր ճեղքվածքով բյուջեն միջոցներ չի գտնում։ Այս ֆոնի վրա, որքան էլ զարմանալի է, եզակի այլընտրանքային մանկավարժության հիմնադրումը ոչ թե մասնավոր, այլ պետական հովանավորությամբ իրականացվեց։ Մոտ յոթը տարի առաջ Երեւանի թիվ 30 միջնակարգ դպրոցի մի քանի դասարաններում, փորձարարական հիմունքներով, վալդորֆյան մեթոդով կազմակերպվեց ուսուցումը։ Այս ուստարվա սկզբին, ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը, «հիմք ընդունելով մասնագետների եզրակացությունները եւ Կրթական բարեփոխումների կենտրոնում կազմակերպված քննարկման արդյունքները», հրաման է ստորագրել վալդորֆյան մեթոդով ուսուցումը թիվ 30 դպրոցում առաջիկա երեք տարիներին շարունակելու մասին։ Հրամանում նաեւ կետ կա. «ուսումնական պլանները եւ առարկայական ծրագրերը գործածության թույլատրել Կրթական բարեփոխումների կենտրոնի եզրակացության հիման վրա»։ Ի դեպ, այդ նույն կենտրոնի առաջնակարգ մասնագետ Ա. Խոջոյանի կարծիքով. «Չնայած վալդորֆյան եւ հանրակրթական դպրոցների ծրագրերում կան որոշ տարբերություններ, սակայն վերոհիշյալ մեթոդը հնարավորություն է ընձեռում այնպես կազմակերպել մաթեմատիկայի դասընթացը, որ աշակերտները հեշտությամբ կարողանում են յուրացնել պետական ծրագրով նախատեսված հիմնական պահանջները։ Դասավանդող ուսուցիչները գիտակ, բազմակողմանի զարգացած եւ գործին նվիրված անձնավորություններ են։ Նրանց նախաձեռնությունը կարիք ունի պետական հոգածության ու աջակցության»։ Կենտրոնի գլխավոր մասնագետ Կարինե Թորոսյանի կարծիքը եւս դրական է. «Ուսումնասիրության ընթացքում բացահայտվեցին այս դասարաններում աշխատող ուսուցիչների մտավոր, գեղագիտական, ստեղծագործական մեծ կարողությունները եւ դրանք բացառիկ ինքնանվիրումով աշխատանքի մեջ ներդնելու ձգտումը»։ Այս մանկավարժության մասին դրական եզրակացություն են ներկայացրել նաեւ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի անդամ Հենրիկ Գրիգորյանը, ակադեմիկոս Էդուարդ Աթայանը, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի մանկավարժության ամբիոնի դոցենտ Լ. Մելիտոսյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր Գ. Շահվերդյանը եւ այլք։ Սակայն վալդորֆյան մանկավարժությունը երբեմն միանշանակ չի ընկալվում եւ հաճախ այն մտայնության պատճառով, թե իբր կրոնական ուղղվածություն ունի, ինչը միանշանակ հերքում են այս մանկավարժությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ։ Վալդորֆյան առաջին դպրոցները հիմնադրվել են 20-րդ դարի սկզբին Գերմանիայում։ Այսօր վալդորֆյան դպրոցներ կան աշխարհի ավելի քան 50 երկրներում։ Ինչպես ասվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Ուտե Ավերեշի նամակում. «Միայն Գերմանիայում վալդորֆյան դպրոցների թիվը կազմում է 200, որոնք դպրոցական համակարգի մասնավոր հատվածում են։ Այդ դպրոցներին աջակցում է նաեւ պետությունը։ Ավարտական վկայականները պետականորեն ճանաչված են»։ Ուտե Ավերեշը նաեւ շեշտում է. «Վալդորֆյան դպրոցները չեն հետապնդում գաղափարական կամ կրոնական նպատակներ։ Դրանք դպրոցներ են, որտեղ դասավանդումն իրականացվում է դիտողական նյութերի կիրառման ուսումնական հատուկ մեթոդով։ Վալդորֆյան դպրոցը նաեւ Եվրախորհրդարանին կից ստեղծված կրթական համակարգի ազատության եվրոպական ֆորումի հիմնադիր անդամ է»։ Թեեւ մանկավարժների, ծնողների ու անգամ պետական այրերի դրական կարծիքին՝ վալդորֆյան մանկավարժությունը Հայաստանում շարունակում է ավելի շատ պայքարել իր գոյության իրավունքի, քան զարգացման համար։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել