Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի դատավոր Էդվարդ Ավետիսյանը, ոտնահարելով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, մե

Մայիս 25,2001 00:00

«ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ»՝ ՓԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի դատավոր Էդվարդ Ավետիսյանը, ոտնահարելով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, մերժեց Բաց հասարակության հիմնադրամից աշխատանքից ազատված Գոհար Ջրբաշյանի աշխատանքի վերականգնվելու համար հայցը: 1996 թվից Երեւանում գործում է «Բաց հասարակության» ինստիտուտի հայկական մասնաճյուղի հիմնադրամը: Ամերիկացի միլիոնատեր Ջորջ Սորոսի կողմից հիմնադրված այս կազմակերպության նպատակն է տարբեր երկրներում դրամաշնորհների միջոցով աջակցել տարբեր բնագավառներում քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը, ինչպես նաեւ բաց հասարակության ստեղծմանն ու զարգացմանը: «Բաց հասարակության» ինստիտուտը Հայաստանում իր դրամաշնորհներով օժանդակել է բազմաթիվ կրթական, առողջապահական, հրատարակչական, տեղեկատվական, իրավապաշտպանական, մշակութային, կանանց ծրագրեր: Տարեկան այդ նպատակներով ծախսվում է 1 միլիոն 200 հազարից 2 միլիոն դոլար: Իր գործունեության առաջին 2 տարին գրասենյակի աշխատանքներն ընթանում էին բնականոն, ինչպես միջազգային բազմաթիվ կազմակերպություններում: Սակայն 1998 թվականից, երբ «Բաց հասարակություն» աշխատանքի է ընդունվում Լարիսա Մինասյանը, ապա դառնում տնօրեն, գրասենյակում սկսվում է ձեւավորվել փակ հասարակություն, եւ աշխատակիցները մեկը մյուսի հետեւից սկսում են հեռանալ: «Բաց հասարակությունում» աշխատանքից մնացել է հիստերիկ եւ հիվանդ միջավայրի հիշողություն»,- ասում է նախկին աշխատակից Լենա Բաղդասարյանը: Այդ հիստերիայի տպավորությունը դեռեւս խոր նստվածք է թողել այլ աշխատակիցների, նաեւ փորձագետների եւ տնօրենների խորհրդի անդամների մեջ: «Հրաբխի վրա էինք նստած: Լարիսան ճչում էր ամեն վայրկյան, գրասենյակում մշտապես նրա հայհոյանքներն էին լսվում»-, պատմում է արվեստ եւ մշակույթ, արեւելք-արեւելք ծրագրերի նախկին կոորդինատոր Արծվի Բախչինյանը: Իսկ այս լարվածությունը, ըստ նախկին աշխատակիցների, առաջանում էր տարբեր պատճառներից` մեկ, որ որեւէ աշխատակից միացրած էր թողել օդափոխիչը, մեկ, որ ծրագիրը իր պատկերացրածով չի արվել, մեկ, որ աշխատակիցը համարձակություն է ունեցել տնօրենի հետ չհամաձայնվել: Ազգային կրթական ծրագրի նախկին կոորդինատոր Գոհար Ջրբաշյանը միակ աշխատակիցն է, որին տնօրենի հետ ունեցած բախումները չստիպեցին ինքնակամ հեռանալ աշխատանքից. «Ես հայտնաբերեցի, որ իմ վարչական ֆոնդից (ազգային կրթական ծրագրի կոորդինատոր) Լարիսան գումար է ստացել եւ 3 ամիս առաջ մեկնել Բուդապեշտ՝ կոնֆերանսի: Դա եղել էր առանց իմ ստորագրության, որը կարգի խախտում էր: Բացի այդ, տնօրենների խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի խնդրանքով միջազգային կոնֆերանսի համար թեզեր էի գրել: Այս երկու պատմությունից հետո Լարիսան սկսեց պայքարել իմ դեմ, ձախողել ծրագրերս: Ի վերջո, դեկտեմբերին ինձ կանչեց եւ ասաց՝ դիմում գրի, դուրս արի աշխատանքից: Պատասխանեցի` չեմ գրի, դու ինձ հեռացրու»: 2000թ. դեկտեմբերի 18-ին Լ. Մինասյանը Գ. Ջրբաշյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծարելու հրաման է արձակում: Աշխատանքային իրավունքները վերականգնելու համար Գոհար Ջրբաշյանը քաղաքացիական հայցով դիմում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, եւ Հիմնադրամի ներքին բախումները դառնում են հասարակական քննարկման նյութ: Դատարանը ապրիլի չորսին մերժեց հայցը: Դատավոր Էդվարդ Ավետիսյանը ակնհայտորեն ոտնահարեց օրենսդրությունը: Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի իրավաբան Սեդա Հովականյանը, մեկնաբանելով վճիռը, նկատեց. ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36 հոդվածի երրորդ կետի՝ պայմանագիրը ծառայողի հետ ադմինիստրացիան կարող է լուծարել, եթե նրա նկատմամբ ավելի վաղ կիրառվել են կարգապահական կամ հասարակական տույժի միջոցներ: Ըստ օրենսգրքի, ադմինիստրացիան կիրառում է կարգապահական 4 տիպի տույժեր՝ դիտողություն, նկատողություն, խիստ նկատողություն, փոխադրում ավելի ցածր վարձատրվող աշխատանքի: Ըստ տնօրենի արձակած հրամանի, Գոհար Ջրբաշյանի նկատմամբ կիրառվել է միայն նկատողությունը: Իսկ հասարակական տույժի միջոց ընդհանրապես չի կիրառվել. Գոհար Ջրբաշյանի աշխատանքային կարգապահությունը չի քննարկվել ոչ կոլեկտիվում, ոչ ընկերական դատարանում, ոչ որեւէ հասարակական դատարանում: Այսուհանդերձ, այս ակնհայտ իրողությանը, դատարանը վճռեց, որ «Հայցվոր Գ. Ջրբաշյանի նկատմամբ մինչեւ աշխատանքային պայմանագրի լուծարումը կիրառվել են հասարակական տույժի միջոցներ» եւ որպես այդպիսիք դիտում է Լարիսա Ալավերդյանի միանձնյա արձակած նկատողությունները: Բացի այդ, ըստ Օրենսգրքի 42.2 կետի, առաջիկա ազատման մասին աշխատողները անհապաղ զգուշացվում են ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Գոհար Ջրբաշյանը զգուշացվել է ազատվելուց ընդամենը տասն օր առաջ՝ դեկտեմբերի 8-ին: Լարիսա Մինասյանը «Բաց հասարակություն» հիմնադրամում 98-ին ընդունվում է աշխատանքի որպես քաղաքացիական հասարակություն ծրագրի կոորդինատոր: Այս փուլում հեռանում է լրատվության կոորդինատոր Մարկ Գրիգորյանը։ «Նրա գալուց հետո կտրուկ վատացան իմ հարաբերությունները տնօրենի հետ: Չեմ կարող պնդել թե պատճառա-հետեւանքային կապ կա, բայց վատանալը փաստ է»: Ըստ նախկին աշխատակիցների՝ Լ. Մինասյանի դրդմամբ նախկին տնօրեն Էլիզաբեթ Ուինշիփը աշխատանքից հանել է եւս 4 հոգու: Այդ փուլում նրա աշխատանքը գործընկերները բնութագրում են որպես տնօրենի լրտեսի: Ապա Լարիսա Մինասյանը նշանակվում է գրասենյակի տնօրեն: «Մեր ծրագիրն էր տարրական դպրոցներում եւ մանկապարտեզներում ստեղծել որոշակի մեթոդով ճանաչողական դասասենյակներ եւ ուսուցում,- պատմում է «Քայլառքայլ» ծրագրի նախկին կոորդինատոր Անահիտ Բոբիկյանը:172 Այդպիսի 21 դասարան ենք ստեղծել, երբ նախատեսված էր 10-ը: Լարիսային դուր չէր եկել դա: Երբ փորձեցի բացատրել, որ դա փաստորեն ավելի լավ է, նա ասաց՝ էդ լացակումած ճառերդ թող, ու սկսվեց իմ դեմ արշավանք: Արդեն անհնար էր դիմանալ եւ ես դուրս եկա աշխատանքից»: «Քայլառքայլը» դպրոցների տարրական դասարանների եւ մանկապարտեզների երեխաների համար ճանաչողական դասասենյակների ստեղծման եւ համապատասխան ուսուցման ծրագիր է: Այժմ այն վերածվել է առանձին հասարակական կազմակերպության` Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող։ «Երեք տարվա ընթացքում Լարիսա Մինասյանը մի անգամ չի տեսել մեր ծրագրի արդյունքները, ցանկություն էլ չի հայտնել այցելել որեւէ մանկապարտեզ»,- ասում է ծրագրի վարորդ Ալիկը: Հետո հեռանում է կոորդինատոր Անահիտ Ալահվերդյանը՝ «Էդ անձը հավասարակշռված մարդ չէ: Հիմա աշխատում եմ այդ ժամանակաշրջանը մոռանալ», ապա Արծվի Բախչինյանը. «Միակ պատճառը, որ դուրս եկա, Լարիսա Մինասյանի ոճն էր: Հիմնարկը վերածում էր կոնցլագերի, նյարդերս այլեւս չէին դիմանում»: Ըստ նախկին աշխատակիցների, Լ. Ալավերդյանը որոշակի ատելություն ունի հայերենի նկատմամբ. «Երբ մի անգամ նրան ներկայացրի փորձագետի հայերեն եզրակացությունը, նա ասաց՝ ֆՑՏ Պս255 Վպվ255 սՌփվՏպ ՏրՍՏՐոսպվՌպ եւ ստիպեց, որ թարգմանեմ»,172 ասում է Գոհար Ջրբաշյանը: Բանավոր զրույցներում իրենց բողոքները արտահայտեցին նաեւ «Բաց հասարակության» տնօրենների խորհրդի նախկին անդամներ, մաթեմատիկոս Գարեգին Չուգասզյանը, փիլիսոփա Սերգեյ Վարդազարյանը, կինոգետ Միքայել Ստամբոլցյանը, սակայն հրաժարվեցին հարցազրույցից` հիմնադրամի աշխատանքներին ստվեր չգցելու պատճառաբանությամբ: Նրանք ժամանակին իրենց բողոքները գրավոր ուղարկել են Նյու Յորքի կենտրոնական գրասենյակ: Աշխատակիցների հիմնական բողոքներից մեկն էլ այն է, որ աշխատանքի ընթացքում անհայտ է մնում, թե իրենք աշխատանքային ինչ կանոնակարգով պետք է առաջնորդվեն: «Ես 2 տարի աշխատեցի առանց աշխատանքիս նկարագրությունը եւ կանոնակարգը տեսնելու: Ինձ միայն բանավոր ասել են իմ ֆունկցիաները, որոնք տնօրենի քմահաճույքով կարող էին փոխվել» (Ա. Բախչինյան), «Ես միշտ խնդրում էի իմ բյուջեն ներկայացնեն, իմանամ ինչքան է, բայց չէին ներկայացնում» (Լենա Բաղդասարյան): Գոհար Ջրբաշյանի փաստաբանը դատարանում միջնորդեց, որ Լ. Մինասյանը ներկայացնի աշխատանքային կանոնակարգը: Փոխարենը ներկայացվում է «Կանոնակարգ» վերնագրով «Բաց հասարակություն» ինստիտուտի հայկական մասնաճյուղի կանոնադրությունը: Այս բոլոր մեղադրանքներին ինքը` Լարիսա Մինասյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ որեւէ կոնֆլիկտ որեւէ մեկի հետ չի ունեցել եւ նրանք բոլորը կամ ինքնակամ, կամ պայմանագիրը ավարտվելուց հետո են հեռացել աշխատանքից: Իսկ Գոհար Ջրբաշյանին ինքն է հեռացրել, բայց որեւէ մեկնաբանություն չի տա, քանի դեռ դատական պրոցեսը չի ավարտվել: Գոհար Ջրբաշյանը դիմել է վերաքննիչ ատյան: Նրա փորձը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում ապարդյուն է դատարանների միջոցով քաղաքացիական իրավունքներ պաշտպանելը, մանավանդ, եթե հայցվորի դիմաց ակնհայտորեն յուղոտ եւ ազդեցիկ պատասխանող է: ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել