Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՄ՝ 1 ՍՄ ԼԱՅՆՈՒԹՅԱՄԲ

Հունիս 01,2001 00:00

ԲԵՄ՝ 1 ՍՄ ԼԱՅՆՈՒԹՅԱՄԲ Հայաստանի ժողովրդական արտիստ, հանրահռչակ լարախաղաց եւ մարզիչ Գեորգի Արմենակյանի հետ մեր հանդիպումը անակնկալ էր երկուսիս համար։ Ծանոթացանք Կենտրոն համայնքի որդեգրման եւ խնամակալության հարցերով հանձնաժողովի աշխատասենյակի մոտ։ 68-ամյա կրկեսային արվեստի վետերանը փաստաթղթեր է հավաքում Նուբարաշենի հատուկ դաստիարակչական դպրոցի 2-րդ դասարանցի մի աշակերտի խնամակալելու համար։ Փոքրիկ Հովսեփը օժտված է լուրջ ունակություններով լարի վրա աշխատելու համար եւ Արմենակյանը մտադիր է նրանից հայտնի արտիստ դաստիարակել։ Լարախաղացով զբաղվել են Գեորգի Արմենակյանի հայրը եւ պապը։ Ինքը՝ զրուցակիցս, այդ արվեստին նվիրել է կյանքի 45 տարին։ Ելույթներով հանդես է եկել ԽՍՀՄ-ի համարյա բոլոր անկյուններում եւ արտասահմանի շատ երկրներում։ Շատերը կհիշեն Արմենակյանի «թագային» համարը. արտիստը մոտոցիկլով 120 կմ/վրկ. արագությամբ սլանում էր բարակ լարով, որը տարածվում էր ամբողջ մարզադաշտի երկայնքով։ Արդեն երկար ժամանակ է, ինչ Արմենակյանը ստանձնել է մարզչի աշխատանքը։ «10 թոռ ունեմ, բայց բոլորն էլ վախկոտ են։ Ինձնով մեր ընտանեկան արվեստը չեմ ուզում որ մահանա»,- ասում է վարպետը։ Վերջին 10 տարին Արմենակյանը աշխատում էր Անահիտ անունով մի տաղանդավոր աղջկա հետ։ Անահիտի հայրը մահացել էր, իսկ մայրը բանտում էր։ Համարձակ հայուհին, մասնագետների պնդմամբ, համարվում էր Հայաստանի լավագույն լարախաղացը։ Նախանցյալ տարի Անահիտը մարզիչի հետ իր արվեստը մատուցել էր Ռուսաստանի, Թուրքիայի, Հունաստանի եւ Իրաքի հանդիսատեսներին։ Բայց անցյալ տարի աղջիկը ամուսնացավ եւ ստիպված էր ավարտել իր կարիերան։ Առանց աշակերտ մնացած Արմենակյանը նորից ընկավ մանկատներ՝ Անահիտին արժանի փոխարինող գտնելու նպատակով։ Ամենուրեք երեխաներին առաջարկվում էր նույն պարզ թեստը՝ անցնել եւ չընկնել կես մետր բարձրության վրա կապած լարով։ 200 հավակնորդներից միայն մեկը՝ Հովսեփիկը պատվով հաղթահարեց փորձությունը։ Մի քանի օր պարապելուց հետո մանչուկը ամբողջ սրտով կապվեց բարի, բայց խստապահանջ մարզչին։ Հովսեփի ճակատագիրը շատ նման է Անահիտի պատմությանը։ Նրա հայրը նույնպես մահացել է, իսկ 37-ամյա մայրիկը պատիժ է կրում Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութում։ Սիսիանի շրջանի Իշխանասար գյուղի բնակչուհին անցյալ տարի դատապարտվել է 11 տարով՝ 7 տարեկան դստերը բահով սպանելու համար։ «Արտաքնապես համեստ եւ հոգեպես առողջ կին էր,- պատմում է Արմենակյանը,- իմանալով, որ ուզում եմ խնամակալության վերցնել Հովսեփիկին, անչափ ուրախացավ եւ սիրով համաձայնություն տվեց»։ Կարելի է միայն մաղթել եռանդուն վարպետին ամենայն հաջողություն բյուրոկրատական բոլոր օղակները հաղթահարելու համար։ Իսկ Հովսեփին, անկասկած, սպասում է փայլուն ապագա լարի վրա եւ իր նոր՝ հետաքրքիր կյանքում։ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել