Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Հունիս 08,2001 00:00

ԳՐՈՂՆԵՐՆ ԱՆԲՈՒԺԵԼԻ ԵՆ Երեկ ՀԳՄ կլոր դահլիճում հերթական քննարկումն էր, սակայն այս անգամ ոչ թե որեւէ գրքի շնորհանդես էր կամ գրողի հոբելյանական երեկո, այլ ճանաչողական միջոցառում։ 2001 թ. ապրիլի 7-ին եւ 8-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական բաժանմունքի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ժամանակակից հայ գրականությանը նվիրված միջազգային գիտաժողով, որին մասնակցելու հրավեր (ընդ որում՝ հստակ անձնավորված) էր ստացել հայաստանցի 14 գրող։ Ցուցակը կազմել էր Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական «Նարեկացի» կենտրոնի ղեկավար Պիտեր Քաուին։ Մեր գրողները բավականին ուշ՝ ուղիղ երկու ամիս հետո են զգացել, որ հայաստանցիներին հարկ է պատմել որոշ մանրամասներ, հատկապես, որ իրենք այնտեղ չէին ներկայացնում այսինչի արձակը կամ այնինչի պոեզիան, այլ՝ 90-ականների հայ գրականության իրավիճակը՝ իրենց արձակի, պոեզիայի, թարգմանության, դրամատուրգիայի պրիզմայի միջով։ Բայց անգամ այսքան ուշացումով կազմակերպված միջոցառում-քննարկումը ներկաներին թույլ չտվեց մինչեւ վերջ հասկանալ՝ ի վերջո, ի՞նչ նպատակով էին մեր գրող-գրականագետները հազարավոր կիլոմետրեր կտրել։ Քանի որ երեկվա միջոցառման ընթացքում կոնկրետ գիտաժողովի մասին խոսվեց շատ քիչ, փոխարենը՝ արծարծվեցին Սփյուռքի ու Հայաստանի ներքին խնդիրներ, եւ անգամ եղան միմյանց խայթելու-նվաստացնելու փորձեր։ Վերջին երեւույթը, կարծես, գրողների համար դարձել է անբուժելի հիվանդություն։ Միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը անհաղթահարելի բացիլի պես մտել է գրական միջավայր։ Բայց այս մասին՝ հետո։ Համաժողովի ընթացքում քննարկված ամենահետաքրքիր թեմաներից մեկը եղել է «Տաբուները հայ գրականության մեջ»-ը, որի առնչությամբ Հայաստանից ելույթ է ունեցել Վիոլետ Գրիգորյանը։ Ազատ Եղիազարյանը խոստովանեց, որ, թեեւ Վիոլետին շատ է քննադատել, բայց. «Ինքը շատ լավ ելույթ ունեցավ»։ Վիոլետի ելույթի մասին խոսեց նաեւ Մարինե Պետրոսյանը, նշելով, որ Ֆրանսիայում Վիոլետը կարողացավ բացատրել, թե ինչն է իրեն ստիպել գրել տաբուով՝ հայհոյախառն խոսքերով, այնինչ «այստեղ, մեր տանը չի ստեղծվում էդ դաշտը, որ Վիոլետին հնարավորություն տրվի՝ գալ, խոսել, բացատրել, թե ինչ է ուզել ասի»։ Մարինե Պետրոսյանին ԱՄՆ-ում անհանգստացրել էր նաեւ լեզվի հարցը. «Հայոց լեզվի տարաբաժանումն անհաղթահարելի անջրպետ է ստեղծում հայաստանցիների ու սփյուռքահայերի միջեւ։ Դա այնտեղ մեծ, բարդ, թշնամանք առաջացնող խնդիր է դարձել»։ Պերճ Զեյթունցյանը՝ զարգացնելով այդ միտքը, նեղսրտեց, որ լոսանջելեսյան հայությունը ոչ միայն արեւելա ու արեւմտահայի է բաժանված, այլեւ՝ պոլսահայի, բեյրութահայի, իրանահայի, Ամերիկայում ծնվածի, ղարաբաղցու, երեւանցու եւ այլն. «Նրանցից ամեն մեկը մի ուրիշ, առանձին ժողովուրդ է»։ Գրականագետ Արտեմ Հարությունյանը, ըստ երեւույթին, կարոտել էր Գրողների միության 13-րդ համագումարը եւ իր ելույթներում քանիցս փորձ արեց սուր անկյուններ մտցնել։ Սկզբում դժգոհեց այն բանից, որ Վիոլետն իր բանաստեղծություններից չէր կարդացել լոսանջելեսյան գրականասերների համար. «Խնդրեցին կարդալ, չկարդաց, կարող էր, չէ՞, իր լիրիկական զեղումները ներկայացնել»։ Հետո, ի մեծ զարմանս Պերճ Զեյթունցյանի, հայտարարեց, որ վերջինս ոչ միայն խրոխտ-խրոխտ բացականչում էր գիտաժողովի ընթացքում, այլեւ «մի անգամ էլ գյուլաշ կպավ»։ Հետո զարմացավ Ռազմիկ Դավոյանի անհամեստության վրա. «Բացում եմ «Ազգ» թերթը եւ տեսնում, որ Ռ. Դավոյանը գրել է. «Ես փոքր եմ, ինձնից մեծ իմ ազգն է»։ Պա՜հ, պա՜հ, պա՜հ։ Մի քիչ համեստ է պետք լինել։ Մեր մեջ տնայնագործություն ու լոպազություն կա»։ Դա էլ չբավարարեց պրն Հարությունյանին, ու նա սկսեց դժգոհել Լոս Անջելես մեկնածների ընտրությունից։ Ընդ որում, սկսեց «պետք էր սրան ընդգրկել, նրան ընդգրկել»-ով եւ ավարտեց «իսկ սրան պետք չէր տանել»-ով։ Յուրաքանչյուր նախադասության մեջ «գրական ճաշակ» արտահայտությունը խցկող գրականագետն ամեն դեպքում չպետք է իրեն թույլ տար լինել այնքան անտակտ, որ բազմաթիվ գրչակիցների ու լրագրողների ներկայությամբ ոչ միայն Հրանտ Մաթեւոսյանին մեղադրեր գյուղագրության մեջ, այլեւ Մարինե Պետրոսյանի խիստ տեղին «Իսկ Ձեզ ո՞վ է դատավոր կարգել» հարցին պատասխաներ «Իմ կարծիքով, Մարինե Պետրոսյանի ընտրությունը սխալ էր։ Պետք է մի բան ստեղծել, նոր մեյդան ընկնել։ Աճել է պետք քե՛զ», եւ այս կարգի այլ հիրավի անճաշակ արտահայտություններով։ Ցավալիորեն տհաճ ու բարձրաճաշակության մասին միշտ խոսողին ոչ սազական այս միջադեպը մեկ անգամ եւս ապացուցեց, որ գրողական միջավայրը դեռ չի ձերբազատվել անհանդուրժողականության, ինքնագոհության, չմահավանության եւ նախանձի բացիլներից։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել