Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնությունը մեծ տարածում ունի նաեւ ԱՄՆ-ում

Հուլիս 13,2001 00:00

Բռնությունը մեծ տարածում ունի նաեւ ԱՄՆ-ում «Համաշխարհային ուսուցում» կազմակերպությունը Հայաստանում գործում է շուրջ 4 տարի։ Կազմակերպության նպատակն է՝ ԱՄՆ-ից հրավիրված փորձագետների միջոցով քննարկել ընտանեկան եւ կենցաղային բռնությունների հետ կապված հարցեր եւ դրանք կանխարգելելու ուղիներ գտնել։ Երեկ ԵՊՀ-ի հյուրանոցում կենցաղային բռնությունների ուսումնասիրման բնագավառում արտերկրի գործընկերների փորձը հայ լրագրողներին փոխանցելու նպատակով տեղի ունեցավ սեմինար։ Այն վարում էր ԱՄՆ-ից ժամանած կենցաղային բռնությունների փորձագետ, լրագրող Լեսլի Քոսգրովը։ Թեեւ Լ. Քոսգրովն ասաց, որ ուզում է ներկաներին «գաղափար տալ» ընտանեկան եւ կենցաղային բռնությունների մասին, բայց, չգիտես ինչու, հենց սկզբում լրագրողներին խնդրեց բացատրել այդ երկու հասկացությունների նշանակությունը։ Եվ յուրաքանչյուր լրագրողի մեկնաբանությունը գրանցելով՝ եկավ այն եզրակացության, թե հայ լրագրողները լավ կրթություն են ստացել եւ իրազեկ են այդ երեւույթին։ «Երբ ես եկա այստեղ, ինձ պատմեցին, թե վերջին տարիներին ինչ աղետներ են տեղի ունեցել Հայաստանում։ Ես չեմ պատկերացնում, ինչպես կարելի է ամուսնանալ, կազմել ընտանիք եւ հաղթահարել այն դժվարությունները, որոնք ձեզանից չեն կախված»,- ասաց տիկին Քոսգրովը։ Վերջինիս կարծիքով՝ անհրաժեշտ է վերջապես հասկանալ, թե «կինն ու տղամարդը ինչո՞ւ են բռնանում, ինչո՞ւ ենք դա անում, երբ մեծանում ենք, եւ ինչո՞ւ չենք անում, երբ դեռ 21 տարեկան ենք»։ Հարցին՝ ի՞նչ եք հասկանում ընտանեկան բռնություն ասելով՝ Լ. Քոսգրովը պատասխանեց՝ բերելով անձնական փորձից օրինակներ։ Եվ մի քանի ժամ շարունակ, հուզմունքը չթաքցնելով, խոսեց իր ապրումների, անհաջող ամուսնության, սեփական երեխաների ապրած բռնությունների մասին։ Նա՝ հակառակ սպասածին, ամբողջ սեմինարի ընթացքում ոչ մի նախադասություն չասաց բռնության հետեւանքների, դրանց կանխման վերաբերյալ։ Ամերիկացի փորձագետը, պատմելով իր կենսագրության, տխուր հիշողությունների մասին, ուզում էր ասել, որ միայն Հայաստանում չէ, որ բռնություն կա, այդ երեւույթը մեծ տարածում ունի նաեւ ԱՄՆ-ում։ Լ. Քոսգրովը հեռու չգնալով մատնանշեց իրեն, որին դեռեւս մանուկ հասակից բռնաբարել են հայրն ու մեծ եղբայրը (նաեւ քույրերին)։ «Ես լավ եմ գիտակցում, թե ինչ բան է ընտանեկան բռնությունը, քանի որ ես ամուսնացել եմ բռնությամբ, իմ 24 տարեկան աղջկան բռնաբարել է իմ 40 տարեկան եղբայրը»,- պատմում էր նա։ Տիկին Քոսգրովը գտնում է, որ եթե Հայաստանում կա թեկուզ 20 ընտանիք, որտեղ մշտապես բռնություն է տեղի ունենում, ապա պետք է այնպես անել, որ այն դադարի։ Այլապես դա կարող է փոխանցվել հաջորդ սերունդներին։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել