Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՂԻ ՄՈՏ ՄԻՇՏ ԷԼ ԹՈՒՅԼՆ Է ՄԵՂԱՎՈՐ

Օգոստոս 14,2001 00:00

ՈՒԺԵՂԻ ՄՈՏ ՄԻՇՏ ԷԼ ԹՈՒՅԼՆ Է ՄԵՂԱՎՈՐ ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրով սեփականաշնորհվեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության 172 ձեռնարկություններ։ Մնացած միակ բեռնատար ավտոտրանսպորտային ձեռնարկությունը կսեփականաշնորհվի 2001-2003 թվականների ծրագրով եւ կվերանա «պետական փոխադրող» կատեգորիան՝ որպես «թշնամի դասակարգ»։ Ինչպես տեղեկացրեց ձեռնարկության փոխտնօրեն Հովակիմ Ավագյանը, առկա 48 բեռնատարներից հնարավոր է շահագործել մոտ 20-ը, սակայն օրական աշխատում է 4-5 մեքենա։ Աշխատաշուկայի բացակայության պարագայում, եղած պատվերներն էլ մասնավոր մեքենայատերերն են «փախցնում», քանի որ խուսափելով հարկային մուծումներից, կարողանում են «գնային ճկուն քաղաքականությամբ» պատվիրատուի հետ «լեզու գտնել» վճարի համար, մինչդեռ պետական հարկ ու տուրք մուծող պետական ձեռնարկությունը չի կարող գնացուցակից շեղվել։ Փոխտնօրենի հավաստմամբ, 150 կմ վազքի դեպքում պատվիրատուն ձեռնարկության դրամարկղ պետք է մուծի 12-13 հազար դրամ, մինչդեռ մասնավորը այդ փոխադրումը իրականացնում է դրա կես արժեքով։ Սա կանխիկ վճարման դեպքում, իսկ առհասարակ, պետական ավտոձեռնարկության ծառայությունից ավելի շատ օգտվում են հետագայում վճարելու պայմանով։ Սակայն այս դեպքում էլ ձեռնարկությունը ոչինչ չի շահում, բացի դեբիտորական պարտքերից։ Մոտ 25 մլն դրամի հասնող գումարի պարտատերերն են ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, ԼՂՀ անտառտնտեսությունը, Լամպերի գործարանը, Բարեկարգման վարչությունը։ Փոխտնօրենի խոսքերով, կարգադրել են նախարարությունից, հատկացրել ենք մեքենաները, աշխատանքը կատարելուց հետո «մոռացել» են վճարի մասին։ Մոտ 4-5 տարվա վաղեմության այս պարտքերը ձեռնարկությունը չի կարողանում ստանալ, որ փակի 2 մլն դրամ տույժ ու տուգանքներով 6 մլն դրամի հասած պետական պարտքը։ Ու մինչ տնօրինությունը իրեն «պատեպատ» տալով չափչփում է դատարանների դռները, ապարդյուն փորձելով ստանալ ձեռնարկությանը հասանելիք պարտքը, պետությունը, որպես անբարեխիղճ պարտատերի, արդեն ավտոձեռնարկության գործերը ուղարկել է Դատական ակտերի հարկադիր կատարման վարչություն։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել