Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է խոչընդոտում հրապարակայնությանը

Օգոստոս 30,2001 00:00

Իրավապահները՝ տնակներում Ինչն է խոչընդոտում հրապարակայնությանը Շուրջ 2 տարի առաջ ստեղծված դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) Լոռու մարզի բաժանմունքը գործում է տնակային պայմաններում՝ մուրացիկների ու մանրավաճառների մշտական հարեւանությամբ։ Ի դեպ, այս տնակները՝ Վանաձորի Մխիթար Գոշի 3 հասցեում, ԴԱՀԿ ծառայությունը «ժառանգեց» Վանաձորի դատախազությունից, որը 2 տարի առաջ, ի վերջո, դուրս եկավ տնակային պայմաններից եւ տեղափոխվեց առանձին շենք։ ԴԱՀԿ Լոռու մարզային բաժանմունքի հարեւանությամբ, որպես 1988թ. երկրաշարժի վերհուշ, գտնվում է նախկինում Վանաձորի ժողդատարանին եւ դատախազությանը պատկանող կիսաքանդ-կիսակառույց շենքը, որը 3 տարի առաջ սկսեց նորոգվել։ Այդ շենքն այժմ ավելի շատ է ավերվածի տպավորություն թողնում, քան մինչեւ նորոգումն սկսելը։ Հարկ է հիշատակել, որ Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանն էլ Վանաձորում շարունակում է գոյատեւել Զորավար Անդրանիկի 2 հասցեում գտնվող քաղաքացիական կացության ակտերի գրասենյակի միահարկ շենքի մի մասում, մասամբ էլ՝ այդ շենքի հարեւանությամբ գտնվող տնակներում։ Փաստորեն, իրենց կյանքի երջանկահիշատակ օրը, ամուսնության կամ երեխայի ծնունդ գրանցող զույգերը պարբերաբար կարող են առնչվել «դատարանում գործ ունեցող» քաղաքացիների տառապանքներին, ականատես լինել ամուսնալուծվողների բախումներին, ձեռնաշղթայով կալանավորներ տեսնել ու հոգեկան մեծ խռովքներ ապրել։ Դատարանի՝ տնակային պայմաններում գործելը լուրջ խոչընդոտ է հրապարակայնության համար, քանի որ նեղվածք տնակներում հազիվհազ տեղավորվում են դատավարության մասնակիցները, իսկ այդ պայմաններում լրագրողների ներկայությունը պարզապես անհնար է։ Դրա հետեւանքով լրագրողները հիմնականում ստիպված են բավարարվել դատական վճիռներից «քաղհան» անելով, իսկ վճիռների մեջ ամբողջությամբ չի արտացոլվում այն, ինչն ասվում է դատավարության ընթացքում։ Հասարակական հնչեղություն ունեցող որոշ գործեր առհասարակ չեն լուսաբանվում։ Պետք է նկատել, որ ԶԼՄ-ների հետ դատավորների կապը առավելապես ապահովվում է այն ժամանակ, երբ վերջիններս ցանկանում են իրենց վարույթում գտնվող որեւէ գործով հայտարարություն տպագրել (ասենք՝ որեւէ քաղաքացու անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ)։ Հատկանշական է, որ վերջին մի քանի տարիներին Վանաձորում լայն թափով դպրոցաշինություն է տեղի ունենում, եւ նույնիսկ… 5-ով ավելացել է դպրոցների թիվը՝ մինչերկրաշարժյան տարիների 28-ից հասնելով 33-ի (չհաշված զանազան վարժարանները, որոնք երբեմն ստեղծվում են «նեղ արեք՝ տեղ արեք» սկզբունքով, լրացուցիչ տարածքներ «պոկելով»)։ Ինչպես հայտնի է, թիվ 1 դպրոցի մի մասնաշենք էլ կառուցվեց-ավարտվեց՝ տարրական դպրոցի տեսքով (անհարկի շռայլություն), հետո պարզվեց, որ այդ շենքը իզուր է կառուցվել, քանի որ նախկին մասնաշենքը զուգահեռ նորոգվում է։ Ընդ որում, որոշ դպրոցներ կառուցվել են եւ պետբյուջեի, եւ հիմնադրամների ֆինանսավորմամբ, մինչդեռ, այդ նույն բյուջեից որեւէ մասհանում, փաստորեն, չի արվում դատարանների նորոգման նպատակով, այն դեպքում, երբ դատաիրավական համակարգից ահռելի գումարներ են մտնում պետբյուջե՝ դատական հայցերից գանձվող տուրքերի, ինչպես նաեւ այլեւայլ տույժուտուգանքների միջոցով։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել