Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային

Սեպտեմբեր 14,2001 00:00

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ Միջազգային հանրությանն այսօր մտահոգում է, թե տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ԱՄՆ իշխանությունների հնարավոր քայլերն ու դեպքերի առաջիկա զարգացումներն ինչպիսին կլինեն: Այս եւ կատարվածի՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին զրուցեցինք քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ: – Պարոն Ենոքյան, մինչեւ երեկ շատերին, գոնե իրենց՝ ամերիկացիներին, թվում էր, թե ԱՄՆ-ը՝ իբրեւ գերտերություն, անխոցելի է, եւ աշխարհի մյուս ծայրերում արդեն սովորական դարձած ահաբեկչություններն իրենց չեն սպառնում: Ինչպե՞ս եղավ, որ ԱՄՆ-ը, ըստ էության, անպաշտպան գտնվեց ահաբեկչությանը դեմ հանդիման: – Մեզ հայտնի է «8 րոպեի կանոնը»: Եթե ԽՍՀՄ-ից միջուկային մարտագլխիկով հրթիռ թռչեր, համաձայն ֆիզիկայի կանոնների, այն 8 րոպե ժամանակ ուներ՝ ԱՄՆ տարածք հասնելու համար: Նման պարագայում ամերիկյան ողջ զինուժը, գոնե սառը պատերազմի տարիներին, ուղղված էր այդ 8 րոպեն առավել արդյունավետ օգտագործելու եւ դեպի ԱՄՆ ուղղված մարտագլխիկը ոչնչացնելու համար: Այն ինքնաթիռները, որոնք մխրճվեցին Համաշխարհային առեւտրի կենտրոնի շենքերի մեջ, Բոստոնից Նյու Յորք էին հասել առնվազն կես ժամում, եւ այդ ընթացքում չեն ոչնչացվել: Պատճառը, թերեւս, այն է, որ արտաքին աշխարհից պաշտպանվելու համակարգը ներսում չի աշխատել: Այսօր բերվում են տարբեր պատճառաբանություններ: Բայց ամենակարեւորն, իհարկե, այն է, որ, լինելով բավական միակամ երկիր, ԱՄՆ-ը կարծել է, որ արտաքին աշխարհից պաշտպանվելու միջոցառումները երկրի ներսում կիրառելու կարիք չկա: – Որքանո՞վ էր օրինաչափ, որ ահաբեկչության թիրախ դարձավ հատկապես ԱՄՆ-ը, նրա խորհրդանիշները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գերտերությունը հայտնի է իբրեւ «համաշխարհային ժանդարմ», որը հավակնում է կարգի բերել ամբողջ աշխարհն ու նրան կանոններ թելադրել: – Ընդհանրապես որեւէ ահաբեկչություն չի կարող օրինաչափ լինել: Դրանք քաղաքական պրոցեսներից տարբերվում են նրանով, որ խոտորումներ են ունենում եւ օրինաչափ զարգացումներ չեն: ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես ժանդարմի, մոտեցումը չեմ ընդունում, քանի որ այն դեպքերում, երբ ԱՄՆ-ը իր կամքը թելադրել եւ հաջողության է հասել, ինչպես, օրինակ՝ Արեւմտյան Եվրոպայում էր, Ճապոնիայում, այդ երկրներում այսօր մարդիկ ավելի լավ են ապրում, քան այդ կամքի թելադրանքից առաջ: – Այսօր ամերիկյան հասարակության ներսում վրեժխնդրության պահանջ կա, եւ չի բացառվում, որ իշխանությունները որոշեն հագուրդ տալ դրան եւ ուժային գործողություններ սկսեն այն պետությունների հանդեպ, որոնք հայտնի են իբրեւ ահաբեկչական կազմավորումների օջախներ: Հնարավո՞ր է նման զարգացում: – Բնականաբար վրեժխնդրության ցանկությունը մեծ է, եւ ԱՄՆ իշխանությունները, դարձյալ բնականաբար, պետք է փորձեն ինչ-որ չափով հագուրդ տալ դրան, առավել եւս, որ նրանք լեգիտիմ են, արտահայտում են ժողովրդի կամքը: Ի դեպ, այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն իսկ արված են: Ինտերնետային բոլոր սայթերում, տարբեր լրատվամիջոցներով հիշեցնում են, որ Ուսամա բեն Լադենը փնտրվում է իշխանությունների կողմից, եւ պատասխանատվությունը փորձում են բարդել նրա վրա: Իհարկե, որքան ինձ այս պահին հայտնի է, հիշյալ ահաբեկչությանը նրա առնչության մասին որեւէ հստակ ապացույց չկա: Այդուհանդերձ, որոշակի գործողություններ հաստատ կլինեն: Բայց արդեն երկրորդ օրն է, ԱՄՆ ղեկավարությունը ոչ մի այդպիսի գործողություն չի ձեռնարկում, եւ դա գովելի է: Ժամանակ է պետք սառը դատելու եւ, գործողություններ ձեռնարկելու դեպքում, հնարավորինս կետային հարվածներ հասցնելու համար: – Այսօր տեսակետներ են հնչում, որ եթե ԱՄՆ-ը գնա նման քայլի, ապա դա կարող է հրահրել նոր պատերազմ տարածաշրջանում, որից կօգտվեն նաեւ այլ պետություններ՝ իրենց թշնամիների հետ հարցեր լուծելու համար: Հայաստանում շատերը մտավախություն ունեն, թե իրադարձությունների նման զարգացման դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կօգտվեն առիթից՝ Հայաստանի դեմ գործողություններ սկսելու համար: – Կարծում եմ, նման մտահոգություն չպետք է լինի մի պարզ պատճառով. լուրջ պատերազմող մի կողմ կա ընդամենը, եւ չկա նրա ընդդիմադիրը: Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ ոտնձգություններին, ապա՝ բացառվում է, եւ դրա ամենապարզունակ բացատրությունն այն է, որ ՆԱՏՕ-ի զորքերն իրենք առաջին հերթին կզսպեն այդ երկրներին: Իսկ Ադրբեջանը պատերազմ սկսելու հնարավորություն պարզապես չունի: – Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունն ակնհայտ դարձրեց, որ, ըստ էության, բարձր մակարդակով չի գործում ոչ միայն ԱՄՆ անվտանգության համակարգը, այլեւ՝ Ֆեդերալ հետախուզական վարչությունը, որի մասին լեգենդներ են հյուսվել: Ըստ էության, ԱՄՆ ՖՀՎ-ն նույնքան անկարող էր եղել որեւէ բան ձեռնարկել այդ ահաբեկչությունը կանխելու համար, որքան ՀՀ ԱԱՆ-ն՝ «27»-ի դեպքում: – Իհարկե, դա ակնհայտ դարձավ: Ավելին, որպես ծաղր, ահաբեկիչները պայթեցրին Պենտագոնի՝ հենց ահաբեկչության դեմ պայքարի բաժինը: Բայց, ի տարբերություն Հայաստանի, վստահ եմ, որ այդ գերատեսչության շատ որոշակի եւ բարձրաստիճան պաշտոնյաներ անպայման հրաժարական կտան: Զրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել