Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անկախ Հայաստանի պատմության մեջ հակասական գնահատականների է արժանացել մասնավորեցման գործընթացը։ Մեր պա

Սեպտեմբեր 26,2001 00:00

«ԲՈԼՈՐԸ ՏԱՄ ՈՒ ՆՎԻՐԵՄ» Անկախ Հայաստանի պատմության մեջ հակասական գնահատականների է արժանացել մասնավորեցման գործընթացը։ Մեր պապերի ստեղծածը, մեր պետության ունեցվածքը ջրի գնով վաճառելու համար են նաեւ մեղադրվել նախկին իշխանությունները կամ կառավարությունները։ Մասնավորեցման այսօրվա ընթացքն առավել ես միանշանակ վերաբերմունքի չի արժանանում։ Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը մի առիթով նշել էր, որ եթե նույնիսկ ինչ-որ հարցերում զիջողություններ են արվում (ասենք, ցածր գին, պարտքերը ձեռնարկության չմասնավորեցվող հատվածին թողնելը եւ այլն), ապա փոխարենը այլ խնդիրներ են լուծվում՝ ասենք, աշխատատեղերի ստեղծման։ «Առավոտը» նախարարությունից հետաքրքրվեց, թե վերջին շրջանում ինչ ձեռնարկություններ են մասնավորեցվել ցածր գներով եւ թե արդյոք խոստացված չափով աշխատատեղեր ստեղծվե՞լ են դրանցում։ Պետական գույքի կառավարման փոխնախարար Աշոտ Մարկոսյանը մի երկար դասախոսություն կարդաց այն մասին, որ տնտեսագիտության մեջ «ցածր գին» հասկացություն չկա, որի ընթացքում, սակայն, բազմիցս օգտագործեց այդ հասկացությունը։ Պրն Մարկոսյանն, ի դեպ, ակամայից մասնավորեցված ձեռնարկությունների ցանկում այդպիսի, իր որակմամբ մի անհաջող, օրինակ էլ գտավ. Սպիտակի կարի արտադրական միավորման գլխամասային ֆաբրիկան՝ «Վանուհին», որը մրցույթով է մասնավորեցվել։ «Վանուհու» պարտավորությունները 343 մլն դրամի են, գնահատված ակտիվները 391 մլն դրամ են։ Ձեռնարկությունը վաճառվել է ընդամենը 9 մլն 700 հազար դրամով. «Անհաջող օրինակ է, պարտքը շատ է, դրա համար էլ այդպիսի ձեռնարկությունները շատ էժան ենք վաճառում»։ Բայց փոխնախարարի համոզմամբ՝ «սա այն դեպքն է, որ այս ձեռնարկության համար մենք մի դրամ էլ չպետք է վերցնեինք, որովհետեւ պարզ է, սա սնանկ ձեռնարկություն է»։ Նկատենք սակայն, որ ներկայիս իշխանությունը միշտ էլ քննադատել է ձեռնարկությունները «շատ էժան», երբեմն «ձրի» տալու համար։ «Ռուսների հետ «Մարսի» վերաբերյալ վերջին քննարկումների ժամանակ, մենք բարձր գնով էինք ուզում առաջարկել (մոտ 500 մլն), այդ ամբողջ համալիրը ստեղծելիս այդքան ներդրումներ էին արվել։ Բայց ճիշտ հարցադրում արեցին։ Ասացին՝ եթե այդ օբյեկտից 1 դրամի օգուտ չեմ ստանում, դա ինչ ուզում է թող արժենա»։ Ինչ վերաբերում է ապահովված աշխատատեղերին, ապա, ըստ Ա. Մարկոսյանի, վերջին շրջանում մասնավորեցված ձեռնարկությունների մասին տվյալներ կստանան 1 տարի հետո, այնպես որ, հնարավոր չէ ասել, թե այդ պայմանը սեփականատերերն ինչպես են կատարել։ Փոխարենը պրն Մարկոսյանը մեծ սիրով խոստացավ առաջիկայում տվյալներ տրամադրել նախորդ տարիներին մասնավորեցված ձեռնարկությունների մասին։ Ըստ փոխնախարարի, մասնավորեցման ընթացքում 200-ից ավելի նպատակ կարելի է հետապնդել. «Մենք 5-6 նպատակ ենք դրել՝ բյուջե եկամուտներ տանելը, ներդրումներ բերելը, սոցիալական հարցեր լուծելը, միջին խավ առաջացնելը, մասնավորեցման ձեւերի կատարելագործումը»։ Նկատենք, որ ամենեւին էլ մխիթարական չէ այս «կատարելագործումը», որ մեր տնտեսության վրա կատարվող էքսպերիմենտի միջոցով պիտի լինի։ Եթե չենք կարող շահավետ գնով վաճառել, ապա «ինչո՞ւ ենք այսօր վաճառում, ինչպես Գագիկ Հմայակիչն է ասում, բերենք կռասկա քսենք, փեշերը կարճացնենք, մազերը կտրենք, մեր աղջկան կարգին… Բայց անցումային տնտեսություն ունեցող երկրների համար կիրառելի եւ ընդունելի չէ։ Այս ձեւով ամեն տարի 5 ձեռնարկություն կմասնավորեցնենք եւ 1000 տարի հետո կունենաք շուկայական տնտեսություն։ Իսկ դուք հիշո՞ւմ եք այն ժամանակ, ինչպես կոմունիզմից բոլորս փախանք, ուզեցինք շուկայական տնտեսություն կառուցել»,- նկատում է փոխնախարարը։ Ըստ Աշոտ Մարկոսյանի, մասնավորեցմամբ լուծվել է մի շատ պարզ խնդիր. աշխատատեղում գլուխ չպահելը։ «Ես հիշում եմ, գյուղում էլ եմ ապրել, երբ որ կոլխոզներ կային, մեծ դժվարությամբ էին մարդկանց տանում դաշտ, համոզում էին, բրիգադավարը կռիվ էր անում՝ այսքան (հողատարածք մշակելու համար) պիտի վերցնես։ Իսկ հիմա, ոչ մեկը ոչ աղաչում է, ոչ էլ դուռ-լուսամուտ ջարդում (դաշտ տանելու համար), ամեն մեկը իր աշխատանքի գործիքները վերցնում, գնում է դաշտ»։ Բայց շատերը, օրինակ, գյուղում ուրիշ բան են տեսնում. ջուր չկա, սերմացուի, քիմիկատների համար փող չկա, ու մարդիկ էլ չեն գնում հողը մշակելու։ Ինչեւէ, դառնալով մասնավորեցմանը, պրն Մարկոսյանը նկատում է, որ շատ ձեռնարկությունների մասնավորեցումը դժվարանում է՝ կապված պարտքերի հետ. «Շատ գործեր բռնագանձումների հայցերով դատարաններում են գտնվում։ Ժարգոնով ասած, դա արդեն ամենաքցած դեպքն է»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել