Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երեւանի

Սեպտեմբեր 26,2001 00:00

ՆՇԱՆԱԿՈՎԻՆ ԸՆՏՐՈՎԻՆ ՉԷ Երեւանի խաղաղ առավոտներից մեկն է։ Աշխատանքային հիմնարկներն արթնանում են։ Այդ նույն պահին լուր է տարածվում, թե «Բազմարդկոոպմիություն» հիմնարկությունը մեռել է։ Հիմնարկներն իրար են պլշած նայում, մի հիմնարկ հիշում է, թե նախորդ օրը ինչպես են «Բազմարդկոոպմիության» հետ սեղանի նստել, մեկը հիշում է, որ նրա տրամադրությունը բարձր էր։ Կատակում էր անգամ… մեքենագրուհու հետ։ Հանգուցյալ հիմնարկի դին տանում են անատոմիկ։ Մահվան պատճա՞ռը. «Բժիշկները երբ նրա ստամոքսը բացին, ինչե՜ր չհանեցին այնտեղից, Աստված իմ, էլ ապրանքատար ավտոմոբիլներ, էլ սառնարաններ, անգամ տասնյակ հազարներ արժող… կրպակներ, ոչխարի ոտեր, դմակներ, պլոճիկներ»,- գրում է անզուգական լրագրող Լեռ Կամսարը իր հայտնի «Հիմնարկի մահը» պատմվածքում։ Գտնվում է մի բժիշկ, որ ասում է ընդամենը. «Եթե ժամանակին օպերացիայի ենթարկվեր եւ այս բոլորը հանվեր ստամոքսից՝ կփրկվեր հանգուցյալը»։ Նման մի հիմնարկ է այս օրերին մեզ հիշեցնում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որի «ստամոքսից» ինձ բաժին հասավ 2000թ. հուլիսի 24-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի թիվ 230 հրամանով հաստատված կանոնադրությունը։ Այս կանոնադրությունը մեզ հնարավորություն է տալիս հասկանալ ուսումնական հիմնարկի ներքին իրավահարաբերությունները, հասկանալ նրա կյանքը կարգավորող մեխանիզմների գործունակությունը, հասկանալ, թե ինչ իրավունքներ եւ խնդիրներ է իր առջեւ դրել համալսարանը։ «Իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար» «համալսարանը որոշում է համալսարանի կառուցվածքը եւ կառավարման սկզբունքները»։ Կառավարումն իրականացնող մարմիններն են. համալսարանի խորհուրդը, համալսարանի գիտական խորհուրդը, համալսարանի ռեկտորատը, համալսարանի ռեկտորը։ Գործող կրթօջախում չգտնվեց մեկը, որը պատասխաներ մեր հարցին. ովքե՞ր են խորհրդի կազմում ընդգրկվել, ի՞նչ է իրենից այն ներկայացրել, արդյոք խորհրդի լիազորությունների 5-ամյակը ավարտվե՞լ է, թե՞ սկսվել, խորհրդի վերջին հավաքը ե՞րբ է եղել։ Համալսարանի խորհուրդը «սահմանված կարգով» ԿԳՆ-ի հաստատմանն էր պարտավոր ներկայացնել հաստատության տարեկան ծախսերի նախահաշիվը, որոշելով արտաբյուջետային միջոցների օգտագործման կարգը։ Ի՞նչ գումարներ են շրջանառվում վերոնշյալ բուհում։ «Արդյոք ովքե՞ր են՝ ի՞նչ…» են տնօրինում։ Պետական գաղտնիքին հավասարազոր մի բան է ծախսերի մասին տեղեկատվություն ստանալը։ Եվ քանի որ համալսարանի խորհուրդը ընդհատակյա կարգավիճակում գտնվող կառույց է հիշեցնում, ուստի նրա արտաբյուջետային միջոցների օգտագործման կարգը սահմանելու, հրապարակային դարձնելու (գոնե համալսարանի աշխատակիցների համար) ճիգեր՝ խորհուրդը չի գործադրել։ Հրապարակային է այս պահին, թերեւս, «Առավոտի» երեկվա լուրի ճշտումը, երբ դիմելով ԿԳ նախարարություն, տեղեկացանք, որ ֆինանսների նախարարությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել բուհի ֆինանսատնտեսական գործունեությունում, դիմել է դատախազություն՝ քրգործ հարուցել։ Գլխավոր դատախազությունը երեկ մեզ հայտնեց, որ քննչական վարչությունը դեռ զբաղված է բուհի հարցով եւ որեւէ պատասխան այս պահին չունի։ Այս կանոնադրությունը սահմանում է, որ «խորհուրդը կազմակերպում եւ անց է կացնում ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված կարգով համալսարանի ռեկտորի ընտրություններ»։ Սակայն որքան մեզ հայտնի է, նշանակովի ռեկտորը երբեք ընտրովի չէ, ինչպես հիմա, երբ շրջանառության մեջ է ներկա ռեկտորին օրերս պաշտոնանկ անելու լուրը։ (Նշվում են դրսեկ երկու թեկնածու. նշանակովիի լայն իմաստով)։ Չնայած սահմանված է, թե խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորն ու պրոռեկտորները, դեկաններն ու ամբիոնների վարիչները, ուսանողական արհկոմների նախագահները, «այլ ստորաբաժանումների ղեկավարներ՝ ի պաշտոնե», սակայն, պարզ է, որ խորհուրդը գործում է թղթի վրա, թղթից դուրս նա «անհայտ բացակայող է» ճանաչված։ Քանզի ինչպես սահմանված է, կգումարվեին կիսամյակը մեկ անգամ խորհրդի նիստեր կամ… առնվազն… արտահերթ նիստեր։ Հետաքրքիր է, որ համալսարանի «կառուցվածքը»՝ խորհրդի եւ համալսարանի գիտական խորհրդի նախագահները, ռեկտորատը մի մարդ են. ռեկտորը։ Վերջինիս լիազորությունը գերերկրային է այնքան, որ նա «պայմանագրային կարգով պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին եւ բոլոր մյուս աշխատակիցներին, սահմանում է նրանց իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվության շրջանակները»։ Նմանօրինակ պայմանագիր (մեկ նմուշ գոնե) սիրով կտպագրեինք, որպես վառ օրինակ ուսումնական հաստատության ներժողովրդավարացման։ Կտպագրեինք եւ այն «կոնտրակտներից», ըստ որի՝ պաշտոնից ռեկտորը ազատում է համալսարանի պրոռեկտորներին՝ սահմանելով նրանց իրավունքներն ու պարտականությունները եւս։ Այսինքն, ստացվում է մի դեպքում այսպես. համալսարանի ռեկտորին «պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ ԿԳ նախարարությունը, մրցույթի արդյունքների հիման վրա, մինչեւ 5 տարի ժամկետով» եւ մյուս դեպքում էլ՝ «խորհուրդը» (այն է՝ ռեկտորը) անց է կացնում համալսարանի ռեկտորի ընտրություննե՞ր»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել