Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քաղաքացիները «հաշվի մեջ» են միայն մարդահամարի՞ ժամանակ

Սեպտեմբեր 26,2001 00:00

Մարդահամա՞ր, թե՞ սոցիոլոգիական հարցում Քաղաքացիները «հաշվի մեջ» են միայն մարդահամարի՞ ժամանակ Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական մամուլից, մարդահամարի ընթացքում բնակչությունը պարտավոր է, իբրեւ հարցվող, լրացնել 47 կետ պարունակող մի հարցաթերթիկ, որտեղ լինելու են սեռատարիքային, կրթության, զբաղվածության, եկամուտների, բնակարանով ապահովվածության վերաբերյալ հարցեր։ Սա նշանակում է, որ բնակչությունը նույնպես մարդահամարի ընթացքում ակամա ներգրավվելու է որոշակի աշխատանքների մեջ, սակայն չի վարձատրվելու (ի տարբերություն մարդահամարի աշխատանքներում ներգրավված մոտ 15 հազար աշխատողների, որոնց մի մասը վարձատրվելու է 1, մյուսները՝ 8 ամսվա աշխատավարձի չափով. 20-45 հազար դրամ)։ Հատկանշական է, որ մարդահամարի կապակցությամբ քաղաքացիներին, պարտականության կարգով, կոչ է արվում դրսեւորել քաղաքացիական ակտիվություն՝ իրենց տվյալները հայտնելու, մարդահամարին աջակցելու նպատակով, սակայն, երբ հարցը վերաբերում է ընտրությունների անցկացմանը, ոչ միայն հաշվի չի առնվում քաղաքացիների ակտիվությունը, այլեւ՝ մարդն առհասարակ որպես «շնչավոր»։ Ասվածի մի ապացույց է այն, որ ԽՍՀՄ անձնագրերը դեռեւս չփոխանակած քաղաքացիներին չի թույլատրվում հին անձնագրերով մասնակցել ընտրություններին։ Արդյունքում ընտրություններն անցկացվում են քաղաքացիների ոչ լիարժեք մասնակցությամբ։ Նշենք, որ եթե քաղաքացին ցանկանում է փոխել անձնագիրը, մի ամբողջ ճանապարհ ունի անցնելու, որը սկսվում է նախեւառաջ թաղապետարանից տեղեկանք վերցնելով, իսկ տեղեկանքները տրվում են երբեմն այն դեպքում, երբ քաղաքացին ի վիճակի է լինում բնակարանային եւ սպասարկման վարձեր մուծել։ Բավական հետաքրքիր են մարդահամարի նշանակության վերաբերյալ «պետականամետ» այն կարծիքները, թե դրա շնորհիվ «մենք վերջապես կիմանանք ինչպես է ապրում բնակչությունը Հայաստանում» կամ «ինչպիսի սոցիալական կազմ ունենք» եւ կամ՝ «վերջապես կունենանք մեր երկրի մասին ամփոփ, ամբողջական եւ հիմնավորված տվյալների բանկ, ինչը դրված կլինի պետության ռազմավարության, հայեցակարգային ծրագրի հիմքում»։ Կարելի է պատկերացնել, թե մինչեւ հիմա հասարակության «վերին» շերտերը չեն էլ իմացել, թե ինչպես են ապրում «ստորին» շերտերը եւ, միգուցե, այդ «անտեղյակությունի՞ց» է «ստորին» շերտերի վիճակն այդքան վատ։ Հուսանք, որ «վերին» շերտերի տեղեկացվածությունից հետո, ի վերջո, «ստորին» շերտերի վիճակը կբարելավվի, մանավանդ, եթե բնակչության եկամուտներին վերաբերող հարցերի պատասխանների շնորհիվ հանկարծ ի հայտ գան «ստվերային» գործունեությամբ զբաղվողները։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել