Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի ամիս առաջ Աբխազիայի բնակիչները սպառնում էին մարմնով փակել իրենց տարածքից դուրսբերվող ռուսակա

Հոկտեմբեր 12,2001 00:00

Աբխազներն ընդամենը գործի՞ք են Մի քանի ամիս առաջ Աբխազիայի բնակիչները սպառնում էին մարմնով փակել իրենց տարածքից դուրսբերվող ռուսական զորամիավորումների ճանապարհը: Այն ժամանակ դա պատճառ հանդիսացավ ռուսական բազաներն առժամանակ եւս Աբխազիայի տարածքում թողնելու համար: Եւ ահա ավելի քան մեկ շաբաթ է, ինչ վրաց-աբխազական ռազմական հակամարտությունը, ըստ էության, վերսկսվել է: 1993-ին վրաց-աբխազական հաշտության պայմանագիր կնքելուց ի վեր, երեկ Վրաստանի բանակի ստորաբաժանումները կրկին մտել են Աբխազիայի տարածքում գտնվող Կոդորսկի կիրճ՝ ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության, Կոդորսկի վրացական գյուղերը՝ ավելի քան մեկ շաբաթ ընթացող մարտական գործողություններից պաշտպանելու նպատակով: Ի պատասխան, Աբխազիայի իշխանությունները հայտարարել են, թե վրացական զորքերի մուտքը Աբխազիայի տարածք՝ ագրեսիա է: Ավելին, Աբխազիայի իշխանություններն այդ փաստն ընկալել են իբրեւ Վրաստանի հետ նոր պատերազմի սկիզբ եւ մտադիր են դիմել Ռուսաստանին՝ աջակցություն ստանալու համար: Պաշտոնական Թբիլիսին մեղադրում է Ռուսաստանին՝ իր տարածքը՝ Կոդորսկը, վերջերս ռմբակոծելու մեջ: Ռուսաստանն իր հերթին հերքել է իր հասցեին հնչող այդ մեղադրանքը եւ այդ մասին ՌԴ-ում Վրաստանի դեսպանին տեղեկացրել է բողոքի նոտայով: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Աբխազիայի բանակն այսօր կռվում է վրաց պարտիզաններից ու չեչեններից բաղկացած խոշոր ռազմական կազմավորումների հետ: Փոխարենը Վրաստանի խորհրդարանը երեկ մտադիր էր քննարկել «Վրաստանի տարածքից (Աբխազիայից- Ն.Մ.) ռուսական խաղաղարար ուժերի անհապաղ դուրսբերման» հարցը: Աբխազիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, թե Կոդորսկում շրջապատման մեջ գտնվող գրոհայինների գործողությունները ղեկավարում է Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Էմզար Մեթիանին, ինչը նրանց թույլ է տվել եզրակացնել, որ Վրաստանի ուժային կառույցները համագործակցում են վրաց-չեչենական ահաբեկիչների հետ: Ըստ որոշ տեղեկությունների, նախագահ Շեւարդնաձեն ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել ռուսական խաղաղարարներին Աբխազիայից դուրս բերելուն: Տպավորությունն այն է, թե հակամարտությունը ոչ թե Վրաստանի ու Աբխազիայի իշխանությունների, այլ՝ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ է: Այս իմաստով պատահական չէ, որ երեկ ՌԴ Պետդուման քննարկել է «Ռուս-վրացական հարաբերությունների սրման մասին» հարցն ու այն քվեարկությամբ ընդունել: Պետդուման արձանագրել է, որ վրացական իշխանությունները թողտվության քաղաքականություն են վարում Վրաստանի տարածքում գտնվող չեչեն ահաբեկիչների նկատմամբ, ավելին՝ նրա գիտությամբ Վրաստանում բացահայտորեն գործում է Իչկերիայի ներկայացուցչությունն ու Տեղեկատվական կենտրոնը, որոնք լուծում են չեչեն ահաբեկիչների քարոզչական, ֆինանսական եւ նյութական ապահովության խնդիրները: ՌԴ-ն նաեւ անհանգստություն է հայտնել վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության ակտիվացման, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ Վրաստանի համագործակցության ծավալման, ՌԴ պետական սահմանի մոտ իրականացվող համատեղ ռազմական վարժանքների կապակցությամբ: Հիշյալ փաստաթուղթը ներկայացնող հանձնաժողովի նախագահ Ա.Չեխոեւը նշել է, որ Վրաստանում նկատվում է «ակնհայտ հակառուսական հիստերիա եւ ռուսաֆոբիա, ինչն անցնում է բոլոր սահմանները»: Ասել է թե, ռուս-վրացական հարաբերությունները թավագլոր ընթանում են, չի բացառվում, նաեւ՝ այդ երկրների միջեւ հնարավոր ռազմական բախումների ճանապարհով: Սա ավելի հավանական կարող է լինել այն դեպքում, եթե ռուսական իշխանությունները որոշեն աջակցել աբխազներին՝ ի պատասխան Աբխազիայի իշխանությունների խնդրանքին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել