Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչները

Նոյեմբեր 20,2001 00:00

ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ… ՁԵՌՔՆ Է Քննիչները փոխվում էին անընդհատ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Հ. Դավթյանին է դիմել Արարատի մարզի Մասիսի շրջանի Հովտաշատ գյուղի բնակիչ, սպանված զինծառայող Աղասի Ադամյանի իրավահաջորդը՝ Ցոլակ Ադամյանը։ Այս սեպտեմբերի 19-ին քննության է դրվել նրա որդու սպանության մեջ մեղադրվող Ջիվան Մագոյանի քրգործը (Կապանի նստավայր)։ Իրավահաջորդ հայրը կասկածի տակ առնելով նախաքննությամբ ձեռք բերված «ապացույցները» եւ բուն նախաքննությունը, «ոչ թե քիչ հավանական է» համարում Ջ. Մագոյանի ձախ ձեռքով հարվածն իր որդուն, որի հետեւանքով նրա գլխի աջ քունքոսկրը կոտրվել է, «այլ աբսուրդ, անհեթեթություն, քանի որ նման հանգամանքներում Ջ. Մագոյանը չէր կարող նշված վնասվածքը Ա. Ադամյանին հասցնել»։ Ընթերցելով Ա. Ադամյանի մոր (դեպքին առնչվող) տպավորությունները, բերենք դիահերձարանի բժշկի խոսքը, որ ասվել էր Աղասու ծնողներին. «Խոսելով քունքոսկրի կոտրվածքի մասին, բժիշկը բացատրեց, որ խփողն առնվազն աշխարհի ամենաուժեղ կարատեիստը պետք է լինի, որ ձախ ձեռքով աջ քունքոսկրը կոտրի…»։ Հետեւաբար, ի՞նչ է տեղի ունեցել ՊՆ զորամասերից մեկում, ինչպե՞ս է Աղասի Ադամյանը սպանվել ձեռքի հարվածից, ո՞րն է սպանության մոտիվը, կարո՞ղ էին նրա կյանքը փրկել։ 2000թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 16.50-ին (ժամի մասին տարբեր վկաներ տարբեր ցուցմունքներ են տվել) Մեխակավանի զինվորական հոսպիտալ տարվեց ժամկետային զինծառայող, շարքային Աղասի Ադամյանը՝ անգիտակից վիճակում։ Հոսպիտալում էլ, գիտակցության չգալով, հոկտեմբերի 26-ին, ժամը 15.50-ին մահացել է։ Առաջին տեղեկատվությունը, որ տրվել է Զանգեզուրի զինվորական դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Գրիգորյանին, եղել է այն, որ «ժ. 18.05-ին (ըստ առաջին բանակային զորամասի օպերատիվ հերթապահ Ս. Բալոյանի) Ա. Ադամյանը գտնվում է ուշագնաց վիճակում։ Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է արհեստական շնչառության տակ, պատճառը հայտնի չէ»։ ԶԴ ժ/պաշտոնակատարն էլ հոկտեմբերի 26-ին փաստի առթիվ հարուցում է քրգործ՝ քննչական խումբ կազմելու մասին որոշում ընդունելով, նախաքննության իրականացումն էլ դնելով դատախազի օգնական Հ. Մաթեւոսյանի եւ քննիչ Քալաշյանի վրա։ Հետաքրքիր է, որ հոկտեմբերի 25-ին Մաթեւոսյանը բացատրություն է վերցնում Ա. Ադամյանի հորից. նա ասում է, որ որդին տուն ուղարկած բոլոր նամակներում ոչ մի անգամ չի դժգոհել ծառայությունից, առողջությունից։ Գրել էր նույնիսկ, որ հոկտեմբերին արձակուրդ է գալու եւ ծնողները սպասում էին։ Իմանալով հոսպիտալում գտնվելու մասին, հայրը գնացել- տեսել էր որդուն, որի մարմնի վրա «ծեծի կամ բռնության որեւէ հետք չի եղել։ Ավելի մանրամասն զննել եմ դեմքն ու գլուխը եւ հարվածի ոչ մի հետք եւս չի եղել»։ Հոկտեմբերի 26-ին բացատրություն է վերցվում 98թ. նոյեմբերից զինծառայող Ջիվան Մագոյանից (1980թ. ծնված, բնակվում է Լոռու մարզի Արեւաշող գյուղում)։ Նա էլ գրում է. «Աղասին լավ տղա էր, նորմալ զինծառայող եւ ընկերական։ Ես եւ նա մոտիկ հարաբերությունների մեջ էինք, իրար հետ մշտապես կատակներ էինք անում, սրամտում»։ Նկարագրելով հոկտեմբերի 24-ը, նա ասում է, որ եղել են Աղասիի հետ, մահճակալին ծալապատիկ նստած եւ կատակներ էին անում միմյանց հետ. «Սկզբում նա ինձ ուսով հրեց, ես՝ նրան, դրանից հետո հավասարակշռություններս կորցրինք եւ իրար գրկած վայր ընկանք»։ Ապա «մահճակալից վայր ընկնելիս եւ հատակին հասնելու պահին մենք իրար բաց թողեցինք»։ Աղասին գլուխը հատակին հարվածեց աջ կողմից, քունքի մասով… Գնում են զորամասից 100մ հեռավորության վրա գտնվող լվացարանը, լվացվում, հետ են գալիս. «Աղասին պառկեց մահճակալին եւ ասաց, որ գլուխը ցավում է։ Ես կանչեցի բուժակ Գենային եւ նրան պատմեցի, թե ինչպես ենք վայր ընկել մահճակալից»։ Քննիչի հարցին, թե լվացվելու գնալիս եւ հետ գալիս Աղասին ինքնուրո՞ւյն էր քայլում, ինչպիսի՞ն էր քայլվածքը, օրորվո՞ւմ էր, Ջիվանը պատասխանում է, որ նա ինքնուրույն է քայլել եւ գնալիս, եւ հետ գալիս։ Հոկտեմբերի 27-ին դարձյալ լրացուցիչ բացատրություն է վերցվում Ջ. Մագոյանից։ Հարց էր առաջացել, թե մահճակալից ընկնելիս ինչպիսի՞ վնասվածքներ էին ստացել երկուսով։ Հետեւել էր պատասխանը. «Վայր ընկնելուց հետո իր վրա ոչ մի վնասվածք, Աղասու վրա հարվածի ոչ մի հետք չի եղել, թեեւ Աղասին գլխով հարվածել էր բետոնե հատակին… Կապտուկ, քերծվածք, հետք չկար»։ Երկրորդ բացատրության մեջ Ջ. Մագոյանն ասում է, թե «Աղասին չէր գանգատվել գլխի ցավից»։ Ջ. Մագոյանը պատմում էր վեճի «մոտիվը». «Նստած էինք մահճակալին։ Աղասու հարվածից հետո ես ձախ ձեռքիս դրսի մասով հարվածեցի նրա աջ քունքին։ Ես այդ պահին վիրավորված էի եւ չզգացի՝ հարվածս ուժե՞ղ էր, թե՞ թույլ։ Հաջորդեց երկրորդ հարվածը աջ բռունցքով։ Հարվածեցի նրա ձախ ուսին։ Աղասին աջ կողմով թեքվեց եւ գլուխը (քունքի հատվածում) հարվածեց մահճակալի երկաթե գլխին»։ Եթե նկատում եք, հոկտեմբերի 27-ի՝ դեռ վկայի կարգավիճակում գտնվող Ջ. Մագոյանի ցուցմունքն էապես տարբերվում է նրա հին բացատրությունից։ «Ցավի հետեւանքով որեւէ բացականչություն այդ ժամանակ չի արել»,- նշում էր վկան…, որին առաջադրվեց մեղադրանք՝ դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար, որի հետեւանքով Ա. Ադամյանը մահացել էր։ Ջ. Մագոյանը իրեն մեղավոր էր ճանաչել եւ, փաստորեն, նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրվեց՝ նոյեմբերի 22-ին։ 2000թ. դեկտեմբերի 6-ին Զանգեզուրի ԶԴ քննիչ Ա. Քալաշյանին ուղղված հայտարարություն է անում զոհվածի մայրը, որն ասում էր, թե «Վարդան Մամիկոնյանից լսել է, որ հոկտեմբերի 23-ին որդու անունը եղել է արձակուրդ եկածների ցուցակի մեջ, բայց չգիտի, թե ինչ պատճառով է ցուցակից հանվել որդու անունը»։ Ի դեպ, ակնարկվում է, որ արձակուրդի համար պահանջվում էր 150 դոլար գումար եւ նաեւ վայրի հավ։ Աղասու դեպքում պայմանը եղել է վայրի հավը, որից երկուսն է բռնել, սակայն արձակուրդ չի տրվել… 6.03.2001թ. զինդատախազին է դիմում քննիչ Քալաշյանը՝ «աշխատանքից ազատվելու կապակցությամբ»։ Նախաքննությունը շարունակում է մեկ այլ քննիչ՝ Ա. Ադամյանը։ Սակայն երկու ամիս անց երրորդ քննիչն է շարունակում սույն քրգործի նախաքննությունը՝ Է. Հովսեփյանը։ Ինչ վերաբերում է ակնարկված արձակուրդին, հրամանատար Համլետ Լեւոնյանը (որի նկատմամբ քրգործը կարճվել է եւ որի համար միջնորդագիր էր ուղարկել զորամասի հրամանատարությունը. («Խնդրում ենք Հ. Լեւոնյանի նկատմամբ քրգործ չհարուցել, ելնելով նրա բարեխիղճ եւ անբասիր ծառայություններից») իր ցուցմունքում ասել էր, որ «խոստացել էին նրան արձակուրդի ներկայացնել», իսկ ինչո՞ւ, ի՞նչն էր խանգարել Աղասուն արձակուրդ տալու՝ չկար, փաստորեն, ցուցմունքում։ Ի դեպ, դատաբժշկական հանձնաժողովի թիվ 5 եզրակացությամբ, «հիվանդի ծայրաստիճան ծանր վիճակից ելնելով, ինչպիսի բուժում էլ որ կատարվեր, չէր կարելի ասել կամ պնդել, որ Ադամյանի կյանքը հնարավոր էր փրկել»։ Այս քրգործից բացակայում են, ըստ տուժողների իրավահաջորդների, շատուշատ ապացույցներ, մասնավորապես խոսք է գնում Աղասու «Կյանքի օրագրի» մասին, ուր ամեն օր նա գրել է իր տպավորություններն ու խոհերը։ Մահվանից մի քանի օր առաջ Աղասին պատի վրա փշերով խաչ էր նկարել։ Տուժողները բազմաթիվ անգամ են պահանջել այդ օրագիրը, որը, հնարավոր է, շատուշատ հարցականների պատասխանը տար… Իսկ հարցականներ շատ կան. դեպքի վայրը ճշտված չէ, պարզ չէ «վեճի» կամ «կատակի» մոտիվը, իրեղեն ապացույցը։ «Գործում եւ գործից դուրս գտնվող փաստերը մեզ հուշում են, որ Ջիվան Մագոյանը մեր որդուն չի սպանել։ Անուղղակիորեն դա հաստատվում է նաեւ այն փաստով, որ դեպքից միայն 28 օր անց է մեղադրանք առաջադրվել Ջիվանին, երբ նա հաջորդ օրը «խոստովանել» էր իր կատարած հանցանքը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել