Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի քաղաք

Դեկտեմբեր 15,2001 00:00

21-րդ դարի գյուղական պատմություններ Դեպի քաղաք Գյուղացին կարոտում է քաղաքը, կարոտ ապրում չիսբուրգերներից ու դոկա պիցցաներից, տաքացած ու այրող ասֆալտից, կարճազգեստ գեղեցկուհիներից։ Քաղաքամայր գալիս էլ չգիտեն աչքները որ կողմ հառեն։ Գյուղմթերք են վաճառում կամ իրենց առեւտրասեղանիկի համար առեւտուր են անում ու հայդե՝ գյուղ։ Մարդիկ կարոտում են քաղաքի կյանքը, վիրավորվում, երբ քաղաքի կամ քաղաք եկած ու սովորող աղջիկներն իրենց չեն նայում։ Նայելիս էլ միայն զարմանում են, թե ինչպես են իրենք այրվել արեւից։ Իսկ թե քաղաքի աղջիկը գյուղ գնա՝ տատի-պապի մոտ հանգստանալու, օրերով չեն հեռանա այդ թաղամասից, տղաներով կհավաքվեն, կատակ-անեկդոտներ կպատմեն ու առիթն էլ բաց չեն թողնի ծիկրակելու, թե՝ ոնց դուրս եկավ, ինչ էր հագել, ինչ արեց, ոնց… Իսկ գյուղի աղջիկներն էլ շատ հաճախ խանդում են համագյուղացի ասպետներին, որ «քաղաքացու փեշի ետեւից են վազում»։ Թեեւ իրենք էլ պակասը չեն։ Մինչեւ 22-23 տարեկանը սպասում են «ասպետին», որը ցանկալի է՝ քաղաքից լինի։ Պարտադիր չէ հարուստ, միայն թե ազատվեն հողագործությունից, անասուններին խնամելուց։ Եթե մեկի բախտը բերեց, ամբողջ գյուղով կհավաքվեն ու կխնդրեն, որ սա էլ ձեռքը դնի իրենց գլխին։ Ով գիտե, գուցե բախտը իրե՞նց էլ ժպտա։ Գյուղերում աղջիկները «տանը չեն մնում», որովհետեւ այստեղ դա խիստ պատվազուրկ երեւույթ է։ Կամուսնանան, կյանքը կկապեն թեկուզ չսիրած, չերազած տղամարդու հետ, միայն թե ծնողների ճակատը պարզերես անեն, հանկարծ մեկն ու մեկը չասի, թե էս աղջիկը «տանն է մնացել»։ Գյուղի երիտասարդությունն էլ անթաքույց ձգտում է դեպի քաղաք, իսկ քաղաքաբնակներն էլ իրենց հերթին թաքուն կարոտում են ծաղկած դաշտերը, արդար կաթն ու մածունը, տաք հողն ու ազատ, անվտանգ կյանքը։ Դե, մեծահասակներն այդպիսի կարոտներով չեն ապրում։ Նրանք աչքները թաց սպասում են գյուղից քաղաք եկած իրենց տղա-աղջիկներին, եղբայր-քույրերին, հարազատներին։ Թե մեկն էլ հյուր եկավ՝ տոն է մի ամբողջ շաբաթվա համար։ Նորություն է ու նոր, թարմ «ականջ»՝ անվերջ խոսելու համար։ Թեեւ իրենք շատ էլ չեն խոսում, քաղաքից են սպասում լուրի։ Գյուղերում թերթ ու ամսագիր չի հասնում, գրադարանների վրա էլ նայող չկա, կամ բոլոր գրքերը գրեթե կարդացել են։ Ինֆորմացիայի միակ աղբյուրն էլ հեռուստատեսությունն է։ Հիմա մութը շուտ է ընկնում ու օրվա հոգսերից հոգնատանջ՝ դրան էլ չեն սպասում մեծերը։ Երիտասարդները, տղամարդիկ քաղաք են գալիս՝ լրացնում ֆայլաբազարի շարքերը։ Ֆայլաբազարը կամ էժան աշխատաշուկան Ագաթանգեղոսի փողոցում է։ Դրա ճիշտ դիմաց «Ոսկե ձկնիկ» շքեղաշուք ռեստորանն է։ Փողոցի մի եզրին ջլապինդ ու արժանապատվությունը կարիքից «գետին զարկած» տղամարդն է, որ իր ամբողջ կյանքի համար «ոսկե ձկնիկ» կցանկանար որսալ ու նրանից ակնկալել աշխատանք, փող ու բարեկեցիկ կյանք։ Փողոցի մյուս եզրին «մերսեդեսներով» մերօրյա հայն է, որ «ոսկե ձկնիկին» իրենով է արել ու… թելադրում է, թե ինչ անի։ Գյուղի երիտասարդներն էլ խեթ-խեթ նայում են մի անկյունում հավաքված մարմնավաճառ «տիկնանց փափկասուն հայոց աշխարհի» ու սրանց էլ մնում է անհաղորդ։ «Ջիմին ու Ռիտան» Դրանք այսօր շատ քիչ են։ Գյուղական ակումբներն այլեւս չեն գործում։ Առաջ «կլուբում» «Դիսկոյի պարողն» էր գալիս։ Համենայնդեպս, վերջին ֆիլմը դա է, որ հիշում են։ Գյուղը շաբաթով սպասում էր հնդկական ֆիլմերին, ու թե մի երկու շաբաթ էլ նույն ֆիլմը կրկնվեր, չէին զլանա, 4-5 անգամ կնայեին ու հող մշակելիս էլ կերգեին ֆիլմի երգերից։ Այդ ակումբներում առաջ սեղանի թենիս ու շախմատ-շաշկի էլ կար։ Մագնիտաֆոն էլ կար, որ հիմնականում էլի հնդկական երգեր էր երգում կամ հայկական «ռաբիս»։ Ամբողջ հավաքատեղին գյուղում կատարվող հարսանիքներն ու թաղումներն են։ Հավաքվում է ողջ գյուղը, մեծից-փոքր, կարծես վիշտը բոլորինն է, ու երջանկությունն է բոլորինը։ Փոքր գյուղում մեկը մյուսին աղջիկ չեն տալիս, որովհետեւ բոլորն էլ համարյա թե իրար բարեկամ են, հարազատ։ Քավոր-սանիկ, հորեղբոր տղա ու թոռ եւ… այսպես շարունակ։ Այսպես գոյատեւում է 21-րդ դարասկզբին ապրող հայ գյուղը։ ՍԻՄՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել