Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային

Դեկտեմբեր 21,2001 00:00

ՎՃԱՐԻՐ, ՈՐ ՆԿԱՐՆԵՐԴ ՏԱՆՔ Մշակութային արժեքների պահպանության, արտահանման եւ ներդրման խնդիրներին «Առավոտը» քանիցս անդրադարձել է։ Դրանց առավել չափով առնչվում են նկարիչները։ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ժամանակին նույնիսկ դատական վեճի մեջ է եղել ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության Մշակութային արժեքների պահպանության վարչության հետ։ Ըստ պրն Աղամյանի, մշակութային արժեքների արտահանման-ներմուծման առումով տարվող քաղաքականությունը որոշ սրբագրումների կարիք ունի. – Նկարիչների միությունը տարիներ շարունակ այս հարցն իր առաջնային խնդիրներից է դարձրել։ Նկարիչների բազմաթիվ դժգոհությունները հասել են միություն։ Միության անդամները պահանջում են հստակեցնել այս անորոշ վիճակը։ – Ձեզ չի բավարարում այդ ոլորտին առնչվող օրենսդրական դա՞շտը, թե՞ Մշակութային արժեքների պահպանության վարչության աշխատանքը։ – Հայաստանում գործող օրենքներն այնքան էլ վատը չեն։ Ցավոք, նրանք լրիվ չեն կիրառվում։ Շատ դեպքերում անձերից եւ որոշակի նկատառումներից է կախված օրենքի գործունեությունը։ Օրինակ, ըստ ՀՀ կառավարության 1999թ. մարտի 5-ի 137 որոշման, թույլատրվում է «Առանց մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի արտահանել մինչեւ 50 տարվա վաղեմություն ունեցող գեղանկարչության, քանդակի, դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործությունները, որոնց վրա առկա են հեղինակի ստորագրությունն ու դրանց ստեղծման տարեթիվը»։ Այսինքն, սրանք այն գործերն են, որ գնորդը կամ տերը իրավունք ունի անմիջապես «դնել թեւի տակ» ու դուրս գալ երկրից։ Բայց պարզ է, որ նման բան չկա։ Կամ օրենքը սխալ է մեկնաբանվում, կամ ուշադրություն չի դարձվում, կամ, խիստ ասած, ուղղակի խախտվում է։ – Որքան տեղյակ եմ, Դուք դեմ եք հատկապես «պետական տուրքի» գաղափարին։ – Որեւէ երկրում ընդունված չէ, որ սեփականատիրոջը ստիպեն ինչ-որ տուրք մուծել պետությանը՝ իր իսկ սեփականությունը դուրս բերելու համար, լինի դա թանկարժեք կահույք, զարդ, մուշտակ, թե գեղանկար։ Եվ, ընդհանրապես, գեղարվեստի գործ արտահանելը չի կարելի արգելել, եթե նույնիսկ խոսքը Այվազովսկու, Վան Գոգի, Ռեմբրանդտի գործերի մասին է։ Եթե մաքսավորը չունի տվյալ, որ դա գողացված ապրանք է, այն ազատ ներս ու դուրս անելու իրավունք պիտի ունենա։ Բայց մեր օրենքը թույլ չի տալիս։ – Բայց ոչ ոք չի արգելում, ուղղակի պետությունը «կոմպենսացիա» է պահանջում՝ իրեն նման արժեքներից զրկելու համար։ – Պետտուրքն ինքնին արգելք է, խոչընդոտ, քաշքշուկի հիմք։ Որքան էլ վարչությունում լավ վերաբերվեն, փորձեն ամեն ինչով օգնել, վարչություն մտնելու պարտադրանքն արդեն քաշքշուկ է, ժամանակի կորուստ եւ տրամաբանությունից դուրս երեւույթ։ Անգամ խորհրդային տարիներին այս ոլորտում այսքան խոչընդոտ չկար, որքան հիմա։ – Նկարիչների առջեւ էլ ե՞ն նման խոչընդոտներ դրվում։ – Նկարիչը ցուցահանդես տանելիս պրոբլեմ չունի, բայց միայն այն փաստը, որ նա պարտավոր է գնալ վարչություն, ներկայացնել նկարները, դրանց ֆոտոները, 500 դրամ մուծել գնահատման համար, արդեն քաշքշուկ է։ Եթե երկիրը չի կարողանում ապահովել իր նկարիչների, արվեստի գործիչների եկամուտը, գոնե չպիտի խանգարի։ Թող իրենք իրենց տունը պահեն։ – Ամեն դեպքում, հստակեցրեք, խնդրեմ՝ օրենքի մե՞ջ է պրոբլեմը, թե՞ դրա կիրառման։ – Նորից եմ կրկնում, օրենքը վատը չէ, բայց պետք են այնպիսի օրենքներ, որոշումներ, որոնք կգործեն անկախ անձերից, մոտեցումներից, անկախ ամեն ինչից։ Օրենքն այնպիսին պիտի լինի, որ հնարավոր չլինի շրջանցել։ Եվ ոչ թե այս կամ անձի փոփոխությունը որոշի աշխատաոճը։ Վարչության ղեկավարությունը փոխվել է, հուսով եմ՝ ինչ-որ բաներ դեպի լավը կգնան։ Բայց հարցը Դայանի (վարչության նախկին պետի-Մ.Բ.) կամ Ասոյանի (վարչության ներկայիս պետի-Մ.Բ.) մեջ չէ։ Պարզապես, եղած օրենքները պետք է կիրառվեն, իսկ թերի, լրամշակման կարիք ունեցողները՝ շտկվեն։ Մենք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հետ հարցը քննարկել ենք, Մշակութային արժեքների պահպանության վարչության պետ Շ. Ասոյանի հետ էլ պայմանավորվածություն կա՝ հանդիպելու, ընդհանուր եզրակացության գալու եւ օրենսդրական մարմիններին առաջարկներ ներկայացնելու համար։ Այնպես որ, հույս ունեմ՝ ինչ-որ բան կտեղաշարժվի։ – Կարծես բոլոր պրոբլեմները արտահանման մեջ են։ Իսկ մշակութային արժեքների ներմուծման բնագավառում ամեն ինչ հա՞րթ է։ – Մի օրինակ բերեմ։ Վերջերս Գերմանիայում եղածս ժամանակ որոշեցի ի մի բերել իմ ստեղծագործությունները, որ տարբեր ժամանակներում տարբեր երկրներում էին հայտնվել եւ վերադարձնել հայրենիք։ Ընդ որում, դրանց որոշ մասը դեռ խորհրդային ժամանակներից էր դրսում։ Երեք ամիս շարունակ քաշքշուկների մեջ էի։ Մեր մաքսատնից չէի կարողանում նկարներս հանել։ Ըստ կարգի, դրանք պիտի գնահատվեին եւ ես գնահատվածի 10%-ի չափով գումար մուծեի՝ իմ իսկ նկարները տուն բերելու համար։ Եվ ես շատ ափսոսեցի, որ չվճարեցի այդ գումարը, զուր տեղը 3 ամիս կորցրի, մինչեւ ինչ-որ տարբերակ գտան, որ նկարներս վերադարձնեն։ Աբսո՞ւրդ է՝ իհարկե։ Նման օրինակներ շատ կան։ Երկու տարի առաջ Կիեւում կայացած ցուցահանդեսից վերադառնալիս 4 ստեղծագործողներ չէին կարողանում իրենց 20 աշխատանքները ներս բերել եւ գերադասեցին վճարել այդ 10%-ը։ Յուրաքանչյուր նկարի համար մոտ 15 հազար դրամի չափ գումար մուծեցին։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել