Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են «գործ սարքում» փաստաբանների վրա

Հունվար 26,2002 00:00

Ինչո՞ւ են «գործ սարքում» փաստաբանների վրա Փաստաբան Կրոմվել Գրիգորյանի գլուխն ուղղակի բացվեց (թող ների նա ինձ իմ այս կոշտ արտահայտության համար) ՀՀ գլխավոր դատախազության շենքում։ Սակայն… քանի որ վկաներն այդ պահին «հատկապես կարեւորագույն գործերով» քննիչներ էին, փաստաբանն ինքը մեղավոր ճանաչվեց եւ… քրեական գործ հարուցվեց նրա նկատմամբ։ Փաստաբանի գործը մարսվեց։ Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ այսօր էլ շարունակվում է քրեական հետապնդումը։ Փաստաբանը «բացարձակ անգրագետ» է անվանել դատավորին, եւ վերջինս… «մարմնական վնասվածք» է ստացել վերոնշյալ բառից։ «Մարմնական վնասվածքի» արդյունքում տուժող է ճանաչվել, իսկ ճանաչվելուց հետո էլ հարկ չի համարում ներկայանալ դատարան։ Նույն այն դատարան, որն իր աշխատատեղն է։ Լավ է, որ օրեր առաջ նույն այդ դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը նույն այդ պաշտպանի պաշտպաններից բացարկ ընդունելով՝ խայծը կուլ չտվեց։ 45 պաշտպան, բացարկ հայտնելով նրան, «բացարձակ անգրագետ» անվանեցին։ Է. Ավետիսյանը նույն այդ պահին չդիմեց մեղադրողին՝ քրգործ հարուցել 45 պաշտպանների նկատմամբ, պարզապես, բացարկն ընդունելով՝ իր անհամաձայնությունը հայտնեց որակումի համար, եւ փաստեց, որ ինքն առաջնորդվում է օրենքով, սակայն իր «տուժող» գործընկերը դիմումը ետ չի վերցրել եւ փաստաբան Ն. Բաղդասարյանը գտնվում է մեղադրողների եւ մեղադրանքի ճիրաններում։ Նիկոլայի գործն էլ մարսվում է, եւ Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի կանխատեսումը կարծես դառնում է իրական։ «Դեռ ականատես կլինենք, որ մեր փաստաբաններին ծեծեն մեկուսարաններում, դեռ ականատես կլինենք, որ փաստաբաններին տեսնենք ճաղավանդակների ետեւում»։ Թիվ 37200601 գործը թխվել է Վայոց ձոր մարզի դատախազությունում։ Քրգործ է հարուցվել Հայ փաստաբանների միջազգային միության անդամ, փաստաբան Հրաչ Հակոբյանի նկատմամբ։ 2001թ. հունիսի 5-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրում քաղաքացի Հենրիկ Դավթյանը, ըստ մեղադրական եզրակացության՝ «վրդովված լինելով Հ. Հակոբյանի քրգործով կատարած գործունեությունից, նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու դիտավորությամբ, վիրավորելու նպատակով՝ Հ. Հակոբյանին անվանել է խարդախ, սրիկա, մեղադրել իր դեմ կեղծ փաստաթղթեր հավաքելու մեջ»։ Մեղադրանքի պաշտպանները «թարգմանել» են վերոնշյալ 2 արտահայտություններն այսպես՝ «պադլեց» եւ «օղռաշ»։ Փաստաբանը հարվածել է դեպի իրեն գնացող Հ. Դավթյանին եւ «վայր գցելով վերջինիս, ձեռքով ու ոտքով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, պատճառելով առողջությունը կարճատեւ քայքայող թեթեւ մարմնական վնասվածքներ»։ Ի պատիվ այս փաստաբանի եւ ի տարբերություն, օրինակ, ՀՀ նախագահի փառապանծ թիկնապահների, որոնք վիրավորանք են համարել «բարեւ, Ռոբ» արտահայտությունը, անզգույշ սպանություն չի եղել։ Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը գտնում է, որ «պահը հասունացել էր»՝ ակնարկելով այն, որ փաստաբաններից շատերի գործունեությունը խանգարում է… մեղադրողների բիզնես-ծրագրերին. «Անտեսվել է միությունը,- շարունակում է նա,- կարող էին դիմել մեզ՝ թե զրկիր լիազորագրից կամ թե՝ կատարիր «ծառայողական» քննություն, սակայն այդպես չեն վարվել։ Սրանց թվում է, որ իրենք եթե նստած են աթոռին, մենք պիտի աթոռը հարգենք»։ Փաստաբանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը տեղի է ունեցել 2001թ. դեկտեմբերի 18-ին, Սիսիանում։ Դատարանը (դատավոր՝ Վ. Մանասարյան) Հրաչ Հակոբյանին դատապարտեց «ուղղիչ աշխատանքների, առանց ազատազրկման՝ մեկ տարի ժամանակով»։ Ու, ըստ համաներման, փաստաբանն ազատվել է պատիժը կրելուց, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց «ստորագրություն չհեռանալու մասին»-ը վերացվել է։ Փաստաբանը վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ քրգործերով վերաքննիչ դատարան։ «Ամբաստանյալը» երեկ «Առավոտին» հայտնեց, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքով՝ արդարացման դատավճիռ կայացնելու փոխարեն, կայացվել է մեղադրական դատավճիռ։ «Քննչական փորձարարության ընթացքում, Դավթյանն իր ընկնելը հիմնավորեց ոչ այլ կերպ, քան իմ 20 տարվա բռնցքամարտիկ լինելու հանգամանքով, որ ինքն իմ հարվածից հոլի պես չէր ֆռռա եւ չէր ընկնի, եթե բռնցքամարտիկ չլինեի։ Իսկ ես դատարանում միայն իմացա, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ, այլ ոչ իրավաբան»,- ասում է Հ. Հակոբյանը։ Հետեւաբար, ըստ փաստաբանի, մեղադրողի կողմից ՀՀ քրօրի 109 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ իր մեղքը հիմնավորված համարելը եւ որպես պատիժ մեկ տարի ուղղիչ աշխատանքներ պահանջելը ենթադրել է տալիս, որ նա նույնպես Դավթյանի կարծիքին է, «թե դատապաշտպան լինելով իմ վստահորդների շահերը պաշտպանում եմ ոչ որպես պրոֆեսիոնալ իրավաբան, այլ բռնցքամարտիկ-թիկնապահ՝ բռունցքներով»։ Միայն այդ վերջինը չէ։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել