Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսականներ Դինա Թայթուսի և Գաս Բիլիրաքիսի օրինագծով նախատեսվում է վերանայել պատժամիջոցներն Ադրբեջանի նկատմամբ

Ապրիլ 27,2024 16:32

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց երկկուսակցական օրինագծի ներկայացումը, որն առաջնորդեցին կոնգրեսականներ Դինա Թայթուսը (դեմոկրատ, Նևադա) և Գաս Բիլիրաքիսը (հանրապետական, Ֆլորիդա), և որով նախատեսվում է վերանայել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ:

2024 թ.-ի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման ակտը վկայակոչում է 2023 թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը, որը հանգեցրեց հումանիտար ճգնաժամի, Ղարաբաղի հայերի բռնի տեղահանումը, ադրբեջանական կողմից հայ ռազմագերիների շարունակական կալանավորում և խոշտանգումներ և մարդու իրավունքների ոտնահարումներ։

«Չնայած Ժնևի կոնվենցիայով ստանձնած իր միջազգային իրավական պարտավորություններին և Միացյալ Նահանգների կառավարության կողմից բազմիցս հնչեցրած կոչերին՝ Ադրբեջանը չի ազատել բոլոր համապատասխան անձանց և փոխարենը շարունակում է կալանավորել նոր ռազմագերիների, պատանդների և գերեվարված քաղաքացիական անձանց, ինչպես նաև անձինք, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների ու պատերազմական հանցագործությունների համար՝ չեն կրել իրավական հետևանքներ»,- ընդգծվեց օրինագծում։

Օրինագծում բերված է նաև Ադրբեջանի Հանրապետությունը ներկայացնող մի շարք պաշտոնյաների ցանկ և ընդգծվում է, որ «սույն ակտի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 180 օր անց նախագահը Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին պետք է ներկայացնի որոշում, ներառյալ մանրամասն հիմնավորում այն մասին, թե արդյոք ցուցակագրված որևէ անձ… համապատասխանում է պատժամիջոցների կիրառման չափանիշներին` համաձայն Գլոբալ Մագնիտսկու մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի 1263(բ) բաժնի (22 U.S.C. 2656 ծանուցում) կամ կամ Պետքարտուղարության, Արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ակտի 7031(գ) բաժնի:

Կոնգրեսական Թայթուսը, ով առաջին անգամ ընտրվել էր 1988թ.-ին և ծառայում է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների, փոխադրումների և ենթակառուցվածքների հանձնաժողովներում, օրինագծի մասին հայտարարեց Կապիտոլիումի բարձունքում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման ժամանակ, որտեղ նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը «պետք է քայլեր ձեռնարկեն և դատապարտեն» Ադրբեջանին:

«Մենք պետք է դատապարտենք էթնիկ զտումները՝ ցեղասպանական միտումներով և մեր ունեցած բոլոր միջոցներով վերջ տանք դրանց»,– ասաց Թայթուսը:

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Գաս Բիլիրաքիսը (հանրապետական, Ֆլորիդա), ով ելույթ ունեցավ նույն միջոցառման ժամանակ, ընդգծեց, որ մարդու իրավունքների խախտումներն աններելի են, և որ յուրաքանչյուրն ունի «պարտականություն և պատասխանատվություն»՝ շարունակել պայքարել հանուն հայ ժողովրդի:

«Կոնգրեսականներ Թայթուսի և Բիլիրաքիսի կողմից ճիշտ ժամանակին ներկայացված օրինագծի համաձայն Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվում հայ ժողովրդի դեմ մարդու իրավունքների մի շարք ոտնահարումների համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Հրամայական է, որ Ալիևի ռեժիմը և նրա համախոհները հետևանքներ կրեն իրենց լկտի և անօրինական գործողությունների համար Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի նկատմամբ, ովքեր վտարվեցին իրենց նախնիների հայրենիքից՝ Ադրբեջանի ցեղասպանական արշավի արդյունքում»:

Ի սկզբանե, բացի կոնգրեսականներ Թայթուսից և Բիլիրաքիսից, այս օրինագծի համահեղինակներն էին հետևյալ կոնգրեսականները. Ադամ Շիֆ (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Վալադեո (հանրապետական, Կալիֆոռնիա), Ֆրենկ Փալոն կրտսեր (դեմոկրատ, Նյու Ջերսի), Թոնի Քարդենաս (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Կոստա (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բարբարա Լի (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Թոմ ՄաքՔլինթոք (հանրապետական, Կալիֆոռնիա), Բրեդ Շերման (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էլենոր Հոլմս Նորթոն (դեմոկրատ, Կոլումբիայի շրջան), Ջեն Շաքաուսքի (դեմոկրատ, Իլինոյս), Ջեյք Օշինքլոս (դեմոկրատ, Մասաչուսեթս), Հեյլի Սթիվենս (դեմոկրատ, Միչիգան), Ջոն Սարբեյնս (դեմոկրատ, Մերիլենդ), Քրիս Պապաս (դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Ջոշ Գոթհայմեր (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռոբ Մենենդեզ (դեմոկրատ, Նյու Ջերսի), Սթիվեն Հորսֆորդ (դեմոկրատ, Նևադա), Սյուզի Լի (դեմոկրատ, Նևադա), Մայքլ Լոուլեր (հանրապետական, Նյու Յորք), Նիքոլա Մալիոտակիս (հանրապետական, Նյու Յորք), Գրեյս Մենգ (դեմոկրատ, Նյու Յորք), Ջոյս Բիթի (դեմոկրատ, Օհայո) և Գեյբ Ամո (դեմոկրատ, Ռոդ Այլենդ):

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930