Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՌՆԵԿՅԱՆԻՑ ԹԱՔՑՆԵԼՆ ԱՐԴԱՐ ՉԷՐ ԼԻՆԻ

Հունվար 30,2002 00:00

ԷՌՆԵԿՅԱՆԻՑ ԹԱՔՑՆԵԼՆ ԱՐԴԱՐ ՉԷՐ ԼԻՆԻ Այս օրերին, երբ իր «հավատարմագրելիք օբյեկտին» մանրամասն ծանոթանալու նպատակով Հայաստանում է արգենտինացի մեր առատաձեռն հայրենակից Էդուարդո Էռնեկյանը, հարկ ենք համարում այդ «օբյեկտի» վերաբերյալ մի քանի տեղեկություններ հաղորդել նրան, քանզի խիստ կասկածում ենք, որ դա կանեն մեր իշխանությունները։ Խնդիրն այն է, որ այդ իրողությունները, մեղմ ասած, «Զվարթնոց» օդանավակայանի եւ ընդհանրապես մեր քաղավիացիայի բնականոն վիճակի մասին չեն խոսում։ Այսպիսով, եթե պրն Էռնեկյանը նույնիսկ որոշակի, հարգելի պատճառով որոշի ինչ-ինչ կադրային փոփոխություններ անել կամ ստուգել (ստուգել տալ) օդանավակայանի որեւէ ստորաբաժանման աշխատանքը, պետք է ձեռնպահ մնա այդ գործից։ Բանն այն է, որ մեր երկրում, ինչպես լավատեղյակներն են ասում, ավիացիայում, ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանը, պատահական մարդ չկա կամ գրեթե չկա։ Այնուամենայնիվ, հաստատակամության դեպքում նա նախ պետք է պարզի, թե ով ում ազգականն է, քավորը, սանիկը, ընկերը կամ ընկերուհին։ Հակառակ դեպքում, գուցե խնդիրներ ծագեն երկրի իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչների հետ։ Թվարկենք մի քանիսին, որոնք միայն «Զվարթնոց» օդանավակայանի հետ չէ, որ առնչություն ունեն, այլ նաեւ ՀԱՈՒ-ի եւ ավիացիայի հետ ընդհանրապես. վերգետնյա փոխադրումների ծառայության պետի տեղակալներից մեկը ԱԺ պատգամավոր Սամվել Թումանյանի եղբայրն է՝ Սարգիսը, բաժնի մեկ այլ աշխատող՝ Արմեն Սարգսյանը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալյուր Լյովիկի) եղբայրն է։ Իսկ ծառայության պետը՝ Վարուժան Պետրոսյանը, քաղավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանի սանիկն է։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի որդին՝ Տիրանը, որի մարդկային հատկանիշների մասին բոլորը շատ լավ են արտահայտվում, նոր է ավարտել Աճառյանի անվան համալսարանը եւ իրավաբանական բաժնում է աշխատում։ Իսկ այ, օդանավակայանի «ամենափողոտ», «ամենամուխանաթ»՝ հատուկ զննման ծառայության պետը՝ Խաչիկ Պետրոսյանը, ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանի հորաքրոջ թե հորեղբոր որդին է։ Ու թող Էդուարդո Էռնեկյանը չզարմանա, եթե մի օր սովորական ուղեւորի նման օդանավակայանի բոլոր բաժիններով անցնելիս «հատուկ զննողները» իրեն ասեն. «գիտես, ընգեր, անձնագրիդ մեջ ռուսերեն ներդիրը չկա» կամ «արյան կարգդ խփած չի»։ Առավել եւս թող չզարմանա, եթե նրան առաջարկեն «մի քիչ մուծվել» ու անցնել առաջ։ Հետագայում Էդուարդոյին ապշելուց ապահովագրելու համար հայտնենք, որ քիչ զարմանալու առիթ չի ունենա նաեւ ուղեբեռը տեղափոխելիս։ Նա երկար կուսումնասիրի, մինչեւ պարզի, թե ինչպես է, որ, ասենք, 38 կգ-ն հավասար 45-ի։ Եթե չալարի, կտանի այդ նույն բեռը մի քանի այլ կշեռքներով էլ կկշռի ու կտեսնի, որ մեկ-մեկ էլ 38-ը հավասար է 39-ի, 40-ի, 35-ի։ Օդանավակայանի տնօրինությունը կասի՝ Հայպետստանդարտի ակտերի հիման վրա են գործում իրենց կշեռքները, այդպես էլ թաքցնելով, թե ինչպես են իրենց աշխատակիցները համապատասխան էլեկտրոդների (ըստ մի աղբյուրի) կամ այլ մեթոդներով «դաստիարակում» կշեռքներին։ Իմիջիայլոց, այս «պերեվոզկան» էլ շատ եկամտաբեր գործ է։ Հստակ հայտնի չէ, թե ինչ մեթոդներով, բայց կշեռքները գերակշռում են՝ ըստ հարյուրավոր ուղեւորների բողոքների։ Ու երբ ուղեւորը դժգոհություն է հայտնում, նրան առաջարկում են «կիսվելու» գործարքը։ Այսինքն, 30 կգ անվճար ուղեբեռի իրավունք ունեցող ուղեւորը, որի բեռն արդեն 35 կգ է, համաձայնում է 5 կգ-ի դիմաց վճարել, թեկուզ առանց կտրոն ստանալու, քան ամբողջ 35-ի դիմաց։ Թվերը, հասկանալի է, տարբեր են։ Այս պատճառով, որոշակի հաշվարկներով, օրինակ «Հայկական ավիաուղիները» օրական կորցնում է 3000-4000 դոլար։ Կարելի է հարցնել՝ ինչպես։ Կարելի է պատասխանել այսպես. յուրաքանչյուր կգ ավել բեռի համար ՀԱՈՒ-ին գումար է մուծվում, որը, փաստորեն, օրական 4000 դոլարով պակաս է արվում։ Իսկ որքան էլ տարօրինակ է, Փարիզ, Ամստերդամ, Ֆրանկֆուրտ քաղաքներից ինքնաթիռները Հայաստան են գալիս մեծ մասամբ 0 կգ բեռով՝ «շնորհիվ» ՀԱՈւ-ի ներկայացուցիչների։ Սա, իմիջիայլոց։ Այս գումարները, որ «պերեվոզչիկները» աշխատում են, մենակ չեն անում, այլ, բազմաթիվ աղբյուրների տեղեկություններով, վերեւների ուղղությամբ բաժան-բաժան են անում։ Թեեւ այդ վերեւները միշտ չէ, որ տեր են կանգնում իրենց արածներին։ Բեռների վերաբերյալ ասվածը վկայող միայն մեկ օրինակ, որ ընդամենը վերջերս է կատարվել եւ «Առավոտի» աղբյուրը պատմեց։ Ամերիկա մեկնող ուղեւորը Երեւան-Փարիզ չվերթից առաջ տեղեկացվում է, որ 200 կգ է իր ուղեբեռը։ Փոխված կարգը հաշվի չառնելով, հայտնում են, որ յուրաքանչյուր կգ-ի դիմաց պետք է 8 դոլար մուծի՝ 1600 դոլար, բայց որպես լավություն՝ 900-1000 դոլար «մուծվի՝ թռի»։ Այդպես էլ անում է։ Փարիզից Ամերիկա մեկնելիս այդ նույն ուղեւորին խնդրում են ցույց տալ մուծած կտրոնը, որը վերջինս, բնականաբար, չի ունենում։ Այսպիսով, նա ստիպված է լինում կրկնակի վճարել։ Բայց տեղյակ է պահում իրեն ճանապարհող ընկերոջը, որն էլ իր հերթին հայտնում է Հովհաննես Երիցյանին։ Նա էլ իր հերթին իր սանիկին՝ Վարուժան Պետրոսյանին առանց նկատողություն անելու՝ ազատում է բաժնի միայն այն աշխատակիցներին, որոնք իրենց վրա են վերցրել կատարվածի պատասխանատվությունը։ Ի դեպ, հանրապետության նախագահին տեղյակ պահենք, որ իր աշխատակազմի վերահսկողական ծառայության աշխատակիցները, որ սկզբում «պերեվոզչիկների» համար զսպող հանգամանք էին, ըստ մեր աղբյուրների, արդեն աչք են փակում «գերակշռման» երեւույթի վրա։ Ճիշտ է, այսքանից հետո Էռնեկյանը դժվար թե էլ որեւէ բանից անակնկալի գա, բայց նաեւ չպետք է խանգարի մեր մի շարք մանր չինովնիկների բիզնեսին, որոնք օդանավակայանով կիսազարտուղի միջոցներով խեցգետին, ապխտած ձուկ են արտահանում կամ խավիար ներկրում։ Եթե Էդուարդո Էռնեկյանը հետագայում զարմանա, ապա այն բանից, թե ինչպես պատահեց, որ երկրի գլխավոր օլիգարխի հովանավորությունը վայելող վառելիքի սպասարկման ծառայությունն ընդգրկվեց «Զվարթնոց» համալիրի մեջ եւ այդպես էլ հանձնվեց հավատարմագրման։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել