Լրահոս
Օրվա լրահոսը

Երկակի ստանդարտների միջեւ

Հունվար 30,2002 00:00

Երկակի ստանդարտների միջեւ Իրանահայ կինոռեժիսոր Ռաֆիկ Իսաղուլեանին հանդիպել ենք դեռ 1997 թվականին՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային օրերի շրջանակներում եւ համոզվել, որ կինոռեժիսորը մտածում եւ ստեղծագործում է հայերեն, որի «վկաները» թեկուզ ֆիլմերի վերնագրերն են՝ «Սուրբ Գեւորգ», «Տյարընդառաջ»… Այսօր նա հայրենիք է ժամանել որպես երգիչ՝ իր «Զանգակ» անսամբլի հետ։ Մեր հայրենակցին հանդիպեցինք «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ – Իհարկե, ողջունում ենք Ձեզ հայրենիքում… – Տեսնում եմ՝ զարմացած եք։ Ասեմ, որ Թեհրանում վոկալի դասեր եմ վերցրել պրն Վահագն Հարությունյանից։ Երեւի գիտեք, նա առաջինն էր, որ Թեհրանում բեմադրեց Տիգրանյանի «Անուշը»։ Երգել եմ ծնված օրից, ավելի ճիշտ՝ ծնվելու պահից։ Էդ ձայնը, որ բոլորս ենք հանում, իմ խորին համոզմամբ, երաժշտական է, որը տարիների ընթացքում, ինչպես մարդը, աճում է, դառնում ավելի զրնգուն, պայծառ… «Զանգակ» անսամբլը հիմնել ենք հինգ տարի առաջ, որի տնօրենն է Ալի Սոլհջուն, գեղարվեստական ղեկավարը՝ Սասան Ջամալյանը, թեպետ վերջինիս ազգանունը վերջանում է յան-ով, բայց նա ազգությամբ պարսիկ է։ Այս հյուրախաղերը հովանավորել է Էմադ Շահրիարին։ Անսամբլի վեց երաժիշտները պարսիկ են, երկուսը՝ հայ։ Ասեմ, որ Պարսկաստանում հարգում ու հավատում են հայերին։ Հատկապես հարգում են հայ արվեստագետներին։ Իմ ծրագրում հայկական եւ պարսկական երգեր են։ Այնտեղ ես ճանաչված եմ եւ որպես ռեժիսոր, եւ որպես երգիչ։ Մենք՝ պարսկահայերս, գիտեք, քրիստոնյա ենք եւ պահպանում ենք հայկական սովորույթներն ու արվեստը։ Վերջապես իմ նախնիները մոտ 400 տարի առաջ ծնվել են հայոց հողում, բնակվել Հայաստանում եւ 1604 թվականին՝ Շահ Աբասի ժամանակ՝ տեղահան արվել Պարսկաստան։ Փաստորեն, իմ նախորդները, այսօր արդեն՝ ընտանիքս, հետո էլ իմ թոռները, եւ այդպես շարունակ, կշարունակեն կոչվել հայ։ Մենք ամեն մի առիթ օգտագործելով կամ ինչպես ասում են՝ ձեռքներիցս բաց չենք թողնում գալ հայրենիք, ինչ-որ բանով օգտակար լինել։ Հանրահայտ բան է՝ արվեստագետը գոյություն ունի իր ունկնդրի շնորհիվ, որին շնորհակալ եմ ու երախտապարտ… Զարմանք ապրեցինք, երբ զրույցի սկզբում ռեժիսոր, երգիչ Ռաֆիկ Իսաղուլեանը, կարծես ապացույց, ներկայացրեց իր ռեժիսորի եւ երգչի վկայագրերը՝ ասելով. «Ահա այն վկայագրերը, առանց որի չեմ կարող բեմ բարձրանալ ոչ Թեհրանում, ոչ արտերկրում։ Սա էլ ասեմ. Թեհրանի երգի կենտրոնը պետք է լսի եւ հաստատի եւ երգի տեքստը, եւ երաժշտությունը…»։ Այստեղից հետեւություն անենք. Թեհրանում պաշտպանված են արվեստագետները։ Կա կարգ ու կանոն, օրենք, հեղինակային իրավունք… Հարց է ծագում. Թեհրանում կամ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, մինչեւ իրավունք տալը այս կամ այն խմբին կամ անհատ կատարողին բեմ բարձրանալու կամ հյուրախաղերի մեկնելու, ինչո՞ւ չեն ստուգում՝ գոնե այդպիսի երաժշտախումբ կամ անհատ կատարող կա՞, թե ոչ։ Խոսքս Հայաստանում չգործող «Հայաստանի վիրտուոզներ» նվագախմբի՝ այս օրերին Թեհրանում գտնվելու մասին է։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել