Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆ ՀԱՏՈՒԿ Է ՀՈԳՈՒ ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 02,2002 00:00

ՆՐԱՆ ՀԱՏՈՒԿ Է ՀՈԳՈՒ ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ Սանտոշ Արորան ազգությամբ հնդկուհի է, բանասիրական գիտությունների թեկնածու։ Այժմ նա հինդի է դասավանդում Երեւանի պետհամալսարանում։ Տարիներ առաջ երիտասարդ աղջնակ Սանտոշը հնդիկ կանանց ազգային ֆեդերացիայի անդամ էր։ Հաճախ էր լսում, որ Սովետական Միությունում չկա չքավորություն, բոլորը հավասար են, յուրաքանչյուրն ունի տուն, սնունդ։ Գայթակղիչ էր անձամբ համոզվել դրանում։ Եվ հանկարծ նրան հնարավորություն ընձեռվեց մեկնել սովորելու Սանկտ Պետերբուրգի համալսարան։ Սանտոշ Արորան բաց չթողեց առիթը եւ մասնակցեց այդ մրցույթին։ 400 աղջիկներից ընտրեցին 8 հոգու, այդ թվում՝ իրեն։ 1975 թվականին նա սովորում էր բանասիրական ֆակուլտետում եւ զբաղվում ռուսաց լեզվի ու հինդիի համադրությամբ։ 1987 թվականին Արորան ավարտեց ասպիրանտուրան եւ թեկնածուական կոչում ստացավ։ Սանկտ Պետերբուրգը ճակատագրական էր Սանտոշի համար, որովհետեւ այստեղ նա հանդիպեց իր կյանքի ընկերոջը՝ ազգությամբ հայ, նկարիչ Էդուարդ Ավագյանին, որը հետագայում վերցրեց Սասուն ծածկանունը։ 1987 թվականին նրանք ընտանիքով տեղափոխվեցին Հայաստան։ Տիկին Արորայի հետ մեր զրույցը սկսեցի այս հարցով. – Հե՞շտ համակերպվեցիք հայկական ապրելակերպին, կենցաղին, մշակույթին։ – Շատ հեշտ եւ անմիջապես սիրեցի հայ ժողովրդին, նրա պատմությունը, լեզուն։ Չորս ամսում ես սովորեցի հայերենը եւ ընդունեցի բոլոր ավանդույթները։ – Կենցաղում օգտագործո՞ւմ եք արեւելյան խոհարարական ձեր փորձը, իմացությունը։ – Իհարկե, ամեն օր եմ օգտագործում եւ գիտեմ, թե որ համեմունքներն են այս կամ այն ճաշատեսակին օգտակար, որ հիվանդությունների դեմ են պայքարում։ Հայերը, օրինակ, շատ են սիրում միս ուտել, որի մեջ տոքսիններ կան։ Որոշ համեմունքների օգտագործումը հակազդում է դրանց։ – Ժամանակին դուք ձեր զարդերը հանձնեցիք հայկական ֆոնդին։ Այժմ հինգ երեխա ունեք, չե՞ք զղջում նվիրատվության համար։ – Ես շնորհակալ եմ Տիրոջը, որ ինչ-որ չափով կարողացա օգտակար լինել հայ ժողովրդին։ Զարդերը չեն կարեւորը կյանքում։ Հիշում եմ, ծիծաղում էին ինձ վրա եւ ասում. լավ է հագուստդ չես թողել այնտեղ։ Իսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ անձամբ եմ օգնություն տարել Աղդամ։ Զորի Բալայանի եւ բարոնուհի Քոկսի հետ գնացինք Արցախ։ Այն ժամանակ Արցախի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։ Նա էլ Արցախի դրոշը փոխանցեց ինձ։ Հիշում եմ, այդ օրը Կարեն Բաբուրյանը դուստր էր ունեցել եւ մեզ կոնյակ էր հյուրասիրում։ Գոհունակության զգացում կար իմ մեջ, որովհետեւ հոսպիտալում վիրավորներին անձամբ էի օգնություն բաժանել։ – Բացի լեզուներից, նաեւ բժշկությամբ եք զբաղվում։ Բժշկության ո՞ր ճյուղն է ձեզ գրավում։ – Դա իմ արյան մեջ է։ Մայրս բոլոր բուժիչ խոտաբույսերը գիտեր եւ օգնում էր մարդկանց։ Հնդկաստանում ստացած գիտելիքներին գումարվեց մասնագիտական կրթությունը։ Երեւանում ես ավարտեցի բժշկական ուսումնարանը։ Խոտաբույսերի միջոցով բուժումներ եմ կատարում։ Ես նաեւ աուերվեդայի անդամ եմ, Հնդկաստանից գրականություն եմ ստանում։ Հնարավորության չափով օգնում են մարդկանց, անվճար կոնսուլտացիա եմ անցկացնում։ – Ինչպե՞ս եք վերաբերում արվեստին։ Ո՞ր մշակույթն եք նախընտրում՝ արեւելյա՞ն, թե՞ եվրոպական։ – Ես հայկական երաժշտությունն եմ սիրում։ Իհարկե, եւ իմ ազգայինն եմ սիրում։ Եթե չսիրեի իմը, ընդունակ չէի լինի ընդունել ուրիշինը։ Շատ եմ սիրում հայ նկարիչ Այվազովսկուն։ – Ի՞նչն է ձեզ համար կարեւորը կյանքում՝ աշխատա՞նքը, ընտանի՞քը, երեխանե՞րը։ – Հնդկաստանում 4 կաստա կա։ Ես 2-րդ կաստային եմ պատկանում։ Դրանք շադրիներն են։ Դա զինվորների կաստան է։ Բոլոր թագավորները արիացիներ են եւ այդ կաստային են պատկանում։ Այնպես որ, տոկունությունը եւ հոգու վեհությունը հատուկ են եւ ինձ։ Կյանքում ինձ համար կարեւորը երեխաներն են։ Ցանկանում եմ առողջ երեխաներ դաստիարակել ու մարդասիրություն եմ ներշնչում նրանց։ Կարծես թե դա ինձ հաջողվում է։ Նույնիսկ իմ 6 տարեկան որդու մեջ տեսնում եմ դրա դրսեւորումները եւ նաեւ հայրենասիրություն է նկատվում նրա մեջ, որը արդեն իր հորից է գալիս։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել