Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստը սահմաններ չի ճանաչում

Փետրվար 02,2002 00:00

Արվեստը սահմաններ չի ճանաչում Անցյալ տարի «Առավոտն» իր համարներից մեկում անդրադարձել էր 2001թ. սեպտեմբերին Լայպցիգում կայացած «Երրորդ ինտերնացիոնալի հորիզոնները» միջազգային ցուցահանդեսին հայաստանցի նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի մասնակցությանը եւ մինչ Լայպցիգ հասնելը նրա անցած դժվարին ճանապարհին։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում էր Լեհաստանով Գերմանիա մեկնելու դժվարություններին, որոնք սկսվել էին Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից, շարունակվել լեհական մաքսատներում… Հոդվածում Նիկոլ Աղաբաբյանը պարբերաբար արտահայտում էր այն միտքը, թե արվեստը սահմաններ չի ճանաչում եւ չինովնիկներն ուղղակի իրավունք չունեն խոչընդոտներ դնել մշակույթի մարդկանց առջեւ։ Ի հաստատումն այդ մտքի, այսօր մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում գերմանական «Mittwoch» (թղթակից՝ Վան Գյոց Պֆեյֆեր) եւ «Potsdamer landkurier» (թղթակից՝ Մանդի Մամեդով) թերթերում ցուցահանդեսի մասին տպագրված լայնածավալ հոդվածներից հատվածներ։ «Երրորդ ինտերնացիոնալի հորիզոնները» Pro Arte պատկերասրահում Լայպցիգյան զանազանքը հոգեւոր վայելումի առումով անվանարկված է որպես խառնափնթորություն, մինչդեռ հասարակ կերակուրը կարող է անուշահամ լինել։ Զիգրիդ Մյուլլեր- Հոլցը Կապութում գտնվող իր Pro Arte պատկերասրահում պատրաստել է մի արվեստի զանազանք, որի համար նա Երեւանի (Հայաստան), Սան Պաուլոյի (Բրազիլիա), Մյունխենի եւ Փարիզի մեկական նկարիչներից նկարներ է ի մի բերել։ «Երրորդ ինտերնացիոնալի հորիզոնները» խորագրի ներքո մինչեւ սեպտեմբերի 30-ը կազմակերպվել է ցուցահանդես։ Այն, թե այդ պնակների բոլորաշարի համապատկերն ինչպիսին է, ցույց է տալիս ընդհանուր կաթսայում նետված հայացքը։ Մի արտակարգ «համեղ» համակցում են իրենցից ներկայացնում Նիկոլ Աղաբաբյանի փոքրաչափս նկարները։ Հաստ ներկածածկվածքով գունաշերտերն արտացոլում են բնական տեսարանները եւ այցելուի հայացքն իմպրեսիոնիստական դիտանկյունով շարունակ ընկնում է հայկական մոտիվների վրա՝ «հայերի լեռների» կամ բարձրաբերձ «Արարատի»։ Ծաղիկներ եւ մարգագետիններ, հեռավոր տներ եւ ամպեր, այդ ամենը տարրալուծված է առանձին գունատարրերում։ Օրինակ, «Արքայի ժամանումը» նկարում հինավուրց եկեղեցու վառ նարնջագույն տանիքը մոտիկից դիտելու ժամանակ լուծվում է աբստրակտ ներկաբարձերի մեջ։ Միայն մի քանի մետր հեռավորության վրա է ի հայտ գալիս երկնային տիրակալին սպասող հզոր եկեղեցու հովվերգական, սակայն ոչ «քաղցրավուն» պատկերը։ Այն, որ Աղաբաբյանը (ծնված 1964-ին, Երեւանում) միանում է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի ֆրանսիական նկարչությանը Հայաստանում, որը նախկինում եղել է ԽՍՀՄ-ի մաս կազմող հանրապետություն, անսովոր չէ։ Եվ եթե նկատի առնվի երկրի համար սիմպտոմային բնույթ ունեցող՝ տխուր շինհարթակների եւ լուռ կանգնած շինարարական ամբարձիչների մռայլ հեռապատկերը, որը նկարիչը նաեւ իր աշխատանքային միջավայրում է տեսնում, ապա հասկանալի կդառնա նրա փախուստը դեպի վճիտ, գունագեղ հովվերգությունը։ Բազմիցս պարգեւատրված նկարչի նշանաբանն է. «Եթե ուզում ես ապրել, պետք է նկարես»։ Նա առաջարկում է պրկված կյանք, եւ դա նույնիսկ չափազանց ցածր գներով։ Արվեստը ցանկանում է լրացվել Երեք այլ, շատ տարբեր արվեստագետներ՝ Հայաստանից, Բրազիլիայից եւ Գերմանիայից, ներկայացրին իրենց աշխատանքները Pro Arte ցուցահանդեսում՝ «Հորիզոն» թեմայով։ Միջոց, որն արտացոլում է գեղեցիկը… Նիկոլ Աղաբաբյանը՝ Երեւանից, նույնպես շատ ուրախ էր տարբեր երկրների մշակույթների, այսքան տարբեր արվեստագետների հանդիպման համար։ Այս ցուցահանդեսում նրա նկարներն անմիջապես աչքի էին ընկնում, սակայն մյուս աշխատանքների հետ մեկտեղ ընդհանրություն ունեին այն առումով, որ արվեստագետների տեսանկյունից «Հորիզոն» ոչ թե նշանակում է սահմաններ, այլ ապացույցներ, որ սահմաններ գոյություն չունեն։ Նիկոլի էքսպրեսիվ պատկերները անշարժացնում են պահեր, որոնք անմիջապես տրամադրություններ են արթնացնում։ Քրիստինեի նկարներում խառնված, քաոսային հորիզոններ կան, Միշելը նկարում է հայելախաղեր։ Նիկոլ Աղաբաբյանի վրձինը կերտում է բնապատկերներ, որոնք չնայած կոկիկ, համաչափ, հորիզոնական գծեր ունեն, բայցեւայնպես բավական մեծ տարածք են թողնում երեւակայական պատկերացումների համար։ Արվեստը Նիկոլի համար միջոց է, որը կարող է արտացոլել գոյություն ունեցող ամբողջ գեղեցկությունը եւ ներդաշնակությունը։ Չնայած «Հորիզոն-3» միջազգային ցուցահանդեսում արվեստագետները հիմնովին տարբերվում են միմյանցից, սակայն խոսում են նույն լեզվով. արվեստի լեզվով, որը սահմաններ չի ճանաչում։ Սա պարզ էր ոչ միայն պատկերասրահի տնօրեն Զիգրիդ Մյուլլեր-Հոլցին, այլեւ ցուցահանդեսի բազմաթիվ այցելուներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել