Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը եւ Ադրբեջանը՝ ռազմավարական դաշնակիցներ

Փետրվար 02,2002 00:00

Ռուսաստանը եւ Ադրբեջանը՝ ռազմավարական դաշնակիցներ Ալիեւի Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների աննախադեպ ջերմացումը կարելի է գնահատել նաեւ որպես հայկական դիվանագիտության լուրջ պարտություն։ Ի դեպ, դա երկրորդ «քաղաքական ապտակն էր» վերջին ամսվա մեջ։ Առաջինը՝ հունական OTE ֆիրմայի մերժումն էր՝ բանակցել ՀՀ կառավարության հետ «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորությունների եւ մենաշնորհի վերացման հարցերի շուրջ։ Վերադառնալով Ալիեւի այցին, փորձենք առաջին հերթին գնահատել ոչ այնքան արտաքին աղմուկը եւ երկու նախագահների հանդիպումների հաճախականությունը (վերջին երկու տարվա ընթացքում Ալիեւը ու Պուտինը հանդիպել են 16 անգամ), այլ արված հայտարարությունները եւ արձանագրված համաձայնությունները։ Այցի վերջում Ալիեւը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ դեր ունենա ղարաբաղյան կարգավորման հարցում։ Աշխարհի համար դա սենսացիա էր, իսկ մեր մեջ պետք է առաջացնի լուրջ տագնապ։ Չէ՞ որ Ադրբեջանը միշտ փորձում էր նվազեցնել Ռուսաստանի միջնորդական դերակատարությունը եւ ամեն կերպ ձգտում էր Թուրքիայի մասնակցությանը այդ գործընթացում։ Դիրքորոշման կտրուկ փոփոխությունը կարող է նշանակել միայն մեկ բան՝ Ալիեւը հարյուր տոկոսով համոզված է, որ Ռուսաստանը կնպաստի կարգավորելու վիճահարույց խնդիրը Ադրբեջանի օգտին։ Այդ ենթադրությունը մասամբ հաստատում են Պուտինի խոսքերը՝ «Թ ֆՑՏՎ ՉՏտՐՏրպ վպ ՎՏՋպՑ ոօՑՖ տՏոպՊՌՑպսպռ ՌսՌ տՏոպՋՊպվվօւ»։ Քանի որ պատերազմում հաղթանակ է տարել հայկական կողմը, դա նշանակում է, որ հայերը, կոպիտ ասած, պետք է զիջեն հաղթանակի արդյունքների կեսը Ադրբեջանին, ինչն, իհարկե, ձեռնտու է վերջինիս, բայց վիրավորական է մեր ժողովրդի համար, որն իր պատմական տարածքները վերադարձնելու համար լավագույն զավակների արյունն է թափել։ Միաժամանակ, Ռուսաստանը եւ Ադրբեջանը համաձայնության են հասել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վերաբերյալ՝ այն ճանաչվում է Ադրբեջանի սեփականություն, տրվում է Ռուսաստանին 10 տարով վարձակալությամբ եւ այնտեղ տեղակայվելու են 1500 ռուս զինծառայողներ։ Արձանագրվել են նաեւ կարեւոր տնտեսական համաձայնություններ։ Արդյունքում կարելի է փաստել, որ եթե մինչ օրս Ռուսաստանը Անդրկովկասում ուներ (օրինական համաձայնեցված կարգով) ռազմական հենակայաններ (ոՈջՈ) միայն Հայաստանում՝ այժմ ունի նաեւ Ադրբեջանում։ Եթե առաջ միայն Հայաստանն էր համարվում Ռուսաստանի ռազմական դաշնակիցը Անդրկովկասում, ապա այսօր այդ որակավորումը ստացավ նաեւ Ադրբեջանը։ Ի՞նչ կատարվեց։ Ինչո՞վ է պայմանավորված այդպիսի շրջադարձը (չէ՞ որ քաջ գիտակցում էինք Ռուսաստանի դերի աճը ղարաբաղյան խնդրում)։ Չիմանալով մանրամասները, չենք կարող հստակ պատկերացնել, սակայն ակնհայտ է, որ մեր իշխանությունները անհասկանալի կերպով կարողացել են վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բոլորովին չլավացնելով համագործակցությունը Արեւմուտքի հետ։ Իսկ զառամյալ ծերունի Ալիեւը կարողացավ մեծ դիվանագիտական հաջողության հասնել միաժամանակ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ, որն ի վերջո վերացրեց 907 բանաձեւը։ Պարզվում է, որ պետությունների ղեկավարների համար առավել կարեւոր է ոչ այնքան առողջությունը՝ որքան ճկունությունը եւ ուղեղային «գորշ նյութի» քանակը։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել